«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2004-10-23 | #189, 2004-10-26 | #190, 2004-10-27


ՄԱՐԴ ԴԱՌՆԱԼՈՒ ԴԱՍԵՐ

Հայաստանի ազգային գրադարանում երեկ նշվեց անվանի գրականագետ, հրապարակախոս, հրատարակիչ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Անանյանի ծննդյան 70-ամյակը: Գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը նշեց, որ Գառնիկ Անանյանը դասավանդել է մեզանից շատերին, եւ դրանք սովորական դասեր չէին, այլ մարդ դառնալու, հայրենիքը սիրելու դասեր:

Ըստ բանասիրական ֆակուլտետի դասախոս Վարդան Պետրոսյանիՙ Գառնիկ Անանյանը պատկանում է այն գիտնականների շարքին, ովքեր իրենց մասնագիտական գործունեության հետ ապրում են ժողովրդի հոգսերով ու խնդիրներով: Նա երբեք գործարքի մեջ չի մտել իր խղճի եւ գրչի հետ:

Գառնիկ Անանյանը ծնվել է Իջեւանում 1934 թ.: 1952-ին ավարտել է միջնակարգ դպրոցը, 1958 թ.ՙ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը: Մեկ տարի շրջանային թերթում, երկու տարի կոմերիտմիության շրջանային կոմիտեում աշխատելուց հետո 1961 թ. ընդունվել է ասպիրանտուրա, 1965 թ. պաշտպանել է թեկնածուական («Հայ գրականությունը եւ գրական քննադատությունը «Մուրճ» ամսագրում»): 1983 թ. պաշտպանել է դոկտորական թեզ:

Գառնիկ Անանյանը հիմնել է «Ուսանողի գրադարան», «Հայագիտության հետազոտությունների մատենաշար», «Քրեստոմատիա» շարքերը: Նա այժմ ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչն է: Հրատարակել է 18 անուն գիրք (մենագրություններ, հոդվածների ժողովածու): Հեղինակ է դպրոցական եւ բուհական քրեստոմատիաների, երկու հարյուրի հասնող ուսումնասիրությունների եւ հրապարակախոսական հոդվածների:

ԳՈՀԱՐ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4