Երազանքի կեսն իրականացել է, մնացածըՙ մայիսից
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ
«Զորի Բալայան + 12 հոգի» ցուցատախտակին գրեց օդանավակայանի աշխատակիցը եւ գնաց դեպի ինքնաթիռը: Հաղթանակած նավաստիներով ինքնաթիռը հայրենիքում վայրէջք է կատարել: Սպասումի վերջին րոպեներին օդանավակայանի սպասասրահում հավաքված նավաստիների կանանց, երեխաների ու մտերիմների հույզերն այնքան էին խտացել, որ գրեթե ոչինչ չխոսելով իրար հասկանում էին. հանդիպմանը սպասել էին ավելի քան հարյուր օր, երազանքի իրականացմանը` գրեթե քսան տարի: Ահա եւ դռների հետեւից երեւացին նավաստիները: Դռան բացվելը, նավաստիների հայտնվելն ու սպասասրահի մարդկանց «Այաս, Այաս» բացականչություններն իրար խառնվեցին: «Առաջինը բավարարության զգացողությունն է, ասաց նավապետը` Կարեն Բալայանը, մնացած զգացողությունները հասկանալու համար ժամանակ է հարկավոր: Ափում արդեն ծովը հեռու է, եւ ամեն բան ավելի հստակ է երեւում»:
Նավաստիներն իրենց հետեւում յոթ ծովեր են թողել, 4225 մղոն տարածություն: Լողալով տասներկու երկրների տարածքային ջրերում եւ 22 նավահանգիստներում խարիսխ գցելով` հայ ծովագնացները 92 անգամ բարձրացրել են Հայաստանի Հանրապետության, 21 անգամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշները: Արդեն պատմության մաս դարձած եռագույնները, որ նավաստիները բերել են հայրենիք, կնվիրեն երկու երկրների նախագահներին, չէ՞ որ ամեն փուլում նոր դրոշներ են նավ բարձրացնելու:
«Պատմությունը սիրում է «Առաջինը» բառը, ասաց Զորի Բալայանը: Առաջինը միշտ դժվար է, դրանով արդեն իսկ արժեքավոր է: Այս փուլը, որ մտավ պատմության մեջ, գերազանց եմ գնահատում: Իսկ երկրորդին սպասում ենք արդեն հիմա` տունդարձի ճանապարհին»: Նավապետ Կարեն Բալայանն էլ անկեղծորեն ասաց, որ «Կիլիկիային» ու նավի առօրյային կարոտել են արդեն ինքնաթիռում: Ամեն դեպքում հիմա հանգիստ են. նավը հայկական տարածքում է` Մխիթարյանների մոտ, որոնք ապացուցել են, որ «Կիլիկիային» հարազատի պես սիրում ու հսկում են: Նավապետն ասում է, որ ցամաք վերադառնալուց ի վեր նախապատրաստական աշխատանքները հանգիստ չեն տալու: «Գործը շատ է, երկրորդ փուլը շատ ավելի բարդ է, պետք է օվկիանոս դուրս գանք, սակայն լավ է, որ աստիճանաբար ենք գնում դրան»: «Ազգ»-ի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում երկրորդ փուլին ամուսնու մասնակցությանը, նավապետի կինը` տիկին Սուսաննան, անկեղծորեն խոստովանելով, որ նավարկության ողջ ընթացքում դստեր հետ տանջվել է, այնուամենայնիվ ասաց. «Ոչինչ փոխել չի լինի, ամեն բան որոշված է: Գործը կիսատ չեն թողնում: Իհարկե, մի քիչ խելացնոր քայլ է, սակայն ի վերջո իրենց այսքան տարիների երազանքն են իրականացնում, կանգնեցնել չի լինի»:
Այլ է Զորի Բալայանի դեպքը: Գրող-հրապարակախոսը, բժիշկը, ճանապարհորդը համոզված է, որ նավաստիներից յուրաքանչյուրը պետք է մտածի, որ ամենից կարեւորը չափի զգացողությունն է: «Ես ծառայեցի ուժերիս ներածին չափով, չարչարվեցի` առաջին հերթին ինձ նավաստի զգալով», ասել է Զորի Բալայանը նավի վրա իրենց վերջին հավաքի ժամանակ: Ապա նավաստի ընկերներին ասել է իր գաղտնիքի մասին. «Համոզված եմ` շատերն են ուշադրություն դարձրել, որ ես փոթորիկների ժամանակ եւ հատկապես գիշերները հաճախ շատ երկար` 12-14 ժամ կանգնում էի կայմի հիմքի մոտ: Փոթորիկների ժամանակ ես միշտ սրտի ուժեղ ցավեր եմ ունեցել: Իմանալով, որ այդ իրավիճակն ամենից հեշտը պառկած անցկացնելն է` ամեն դեպքում ես միշտ վերեւ` կայմի մոտ էի բարձրանում: Չգիտեմ ինչու, բայց ես միշտ վախեցել եմ պառկած մեռնելուց: Եթե մեռնել, ապա` կանգնած, իսկ ավելի լավ է` շարժման մեջ, ճանապարհին: Թող որ նավապետն իմ այս խոսքն ընդունի իբրեւ հայտարարություն իմ «պաշտոնաթողության»: Ես հեռանում եմ ձեզանից` մնալով ձեզ հետ»: Զորի Բալայանն օդանավակայանում ասաց, որ երկրորդ փուլին միայն կգնա այն կետերը, որտեղ իր կարիքը կզգացվի, սակայն միշտ ափին կլինի:
Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը սխրանք համարեց մտահղացումից մինչեւ դրա փայլուն իրագործման ընթացքը, հույս հայտնեց, որ այն նոր սերնդի համար մեր պատմությանն ու ակունքներին վերադառնալու մի կարեւոր էջ կբացի, կամուրջ կստեղծի մեր պատմության երեկվա, այսօրվա ու վաղվա միջեւ, իսկ երիտասարդ նավաստի Արսեն Սեդրակյանի գնահատմամբ` նաեւ սփյուռքահայերի. իրենք մեր հայրենակիցների բազմաթիվ բարեւներն են բերել: