Մենքՙ հայերս, ավանդապաշտ, չափի ու զուսպ պահվածքի մասին պատկերացում ունեցող ժողովուրդ ենք համարվում: Թե ինչ է մնացել մեր ավանդապաշտությունից, կարելի է տեսնել մեկ ժամ մայրաքաղաքում շրջելով:
Ինչպե՞ս ենք խոսում: Բարձրաձայն: Կարեւոր չէ որտեղՙ տանը, փողոցում, երթուղային տաքսում թե սրճարանում: Նույնիսկՙ համերգասրահում: Քիչ է մնում զարմանաս, թե ինչո՞ւ են մի քանի մարդ բեմից անընդհատ խանգարում մեր հույժ կարեւոր զրույցին:
Ինչի՞ մասին ենք խոսում: Ամեն ինչի, թքած ունենալով, որ մեր կողքի անծանոթ մարդուն տհաճ է լսել, թե մեր հարեւանը որերորդ սիրուհուն է փոխել, կամ էլ որքան փող է ծախսել, որպեսզի տղան բուհ ընդունվի: Եվ իհարկեՙ փողի մասին. ով ինչ ինչքանով գնեց կամ վաճառեց:
Հատկապես տհաճ է, երբ երթուղային տաքսում հնչում է բջջային հեռախոսի զանգը: Այդ պահից սկսած մինչեւ տեղ հասնելը հեռախոսատերը մանրամասն եւ, իհարկե, բարձրաձայն տեղեկություններ է հաղորդում, թե քաղաքի հատկապես որ մասում է գտնվում: Շատ քչերին է բարեկրթությունը բավականացնում խնդրելու, որ ավելի ուշ զանգահարեն:
Ի՞նչ լեզվով: Ռուսերենի ու անգլերենի ժարգոնային խառնուրդով, որի մեջ կարելի է նաեւ հայերեն որոշ բառերի հանդիպել:
Ինչպե՞ս ենք հագնվում: Տղաներըՙ համեմատաբար զուսպ, իսկ աղջիկները, մեկ բառով ասածՙ «փորաբաց»: Ինչո՞ւ նրանք չեն հասկանում, որ կիսամերկությունը կապ չունի առաջադեմ լինելու, իսկ անճաշակությունըՙ ինքնատիպության հետ: Եվ երբ լեփ-լեցուն երթուղային տաքսում նկատում ես, թե անհարմարությունից քրտնմխած երիտասարդը ինչպես է գլուխն անհանգիստ այս ու այն կողմ շրջումՙ հանգամանքների բերումով իր շրթունքների առաջ հայտնված մերկ մեջքը ակամա չհամբուրելու համար, քեզ մնում է տխրելՙ հետզհետե կանացիությունը կորցնող ու կոպտացող հայ աղջիկների համար: Աղջիկ, որի ներկայությունն իսկ մի ժամանակ բավական էր կարգի բերելու, զգաստացնելու տղաներին: Իսկ հիմա, իր բառապաշարով ու շարժուձեւով նմանվելով այդ նույն տղաներին, կորցրել է իր շուրջը քնքշություն ու խաղաղություն տարածելու ի սկզբանե ունեցած շնորհքը:
Բայց դա դեռ ոչինչ: Երբ նկատում ես սրճարանում կամ կանգառում համբուրվող երիտասարդների, ովքեր ինքնամոռացության մեջ քիչ է մնում շփոթեն հասարակական վայրը հյուրանոցի մեկ ժամով վարձած համարի հետ, նեղսրտում ես, թե երբ հասցրեցինք այնքան «ազատամիտ» կամ էլ անհամարձակ դառնալ, որ նույնիսկ նկատողություն չենք անում: Որքան ավելանում է ի տես բոլորի համբուրվող զույգերի թիվը, այնքան նվազում են ամուսնությունները, քանի որ հայ երիտասարդը, դրսում իր հետ գրկախառնված քայլող աղջկա մեջ հազվադեպ է տեսնում իր ապագա կնոջը:
Մեր արմատներից, բարոյականության մասին ունեցած մեր պատկերացումներից այսպիսի մեծ քայլերով, այսպես արագ հեռանալու դեպքում շատ շուտով կարիք կլինի ցավով արձանագրել. որ բանաստեղծի «մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում»-ն այլեւս ճիշտ չէ, եւ դա ոչ թե այն պատճառով, որ բազմացել ենք, այլ դադարել ենք մտածողությամբ, վարք ու բարքով հայ լինելուց:
ԱՐԾՐՈւՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ