Վնասատուների դեմ կենսաբանական պայքարին նվիրված միջազգային կոնֆերանսում
ԱՄՆ-ը, Կանադայի եւ եվրոպական երկրները ներկայացնող շուրջ 80 երիտասարդ գիտնականների մասնակցությամբ այս տարվա սեպտեմբերի 26-30-ը տեղի ունեցած կոնֆերանսում առաջին մրցանակը շնորհվել է Հայաստանը ներկայացնող երիտասարդ գիտնական Ասյա Տեր-Հովհաննիսյանին: Իտալիայի Տրենտինո մարզի Բազելգա դի Պինե բնակավայրում «Կենսաբանական եւ ինտեգրացված պայքարի միջոցների օգտագործումը վնասատուների դեմ» միջազգային կազմակերպության հրավիրած «Ինտեգրացված պայքարի միջոցների օգտագործումը մրգի արտադրությունում» 6-րդ միջազգային կոնֆերանսում Երեւանի գյուղակադեմիայի մագիստրատուրայի շրջանավարտը եւ Հայաստանի ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի ասպիրանտն այդ մրցանակը ստացավ վնասատուների դեմ պայքարի նոր մեթոդի, կիրառման եւ ներկայացման ձեւերի համար:
Ինչպես մեր զրույցի ժամանակ հայտնեց Ասյա Տեր-Հովհաննիսյանը, խոսքն առանց թունաքիմիկատների, պտղակեր վնասատուների դեմ պայքարի նոր մեթոդի մասին է: Ի՞նչ է այն ենթադրում: Միջատներին վնասազերծելու եւ միաժամանակ թունաքիմիկատների զանգվածային կիրառումից զերծ մնալու նպատակով մասնավորապես խնձորի այգիներում տեղադրվում են հատուկ թակարդներ, որոնց վրա քսվում է քիմիական նյութՙ տիոտեֆ: Նույն թակարդներում տեղադրվում են ֆերամոնային պարկուճներ: Ֆերամոնը արուներին հրապուրելու համար էգերի արտադրած նյութն է: Երբ արու թիթեռները, հրապուրվելով քիմիական ճանապարհով ստացված այդ նյութով, գալիս եւ նստում են այդ թակարդներում, ամլանում են: Բավական է 5 րոպե թիթեռը մնա այդ թակարդում, զուգավորվելիս այլեւս սերունդ չի թողնում: Այս մեթոդի գիտական ուսումնասիրությունները կատարվել են կենդանաբանության ինստիտուտում, իսկ փորձնական կիրառումըՙ Արարատյան դաշտավայրի այգիներում: Ֆերմերային տնտեսություններին այս մեթոդը հասցնելուն աջակցել են ԱՄՆ գյուղդեպարտամենտի մարկետինգի աջակցության ծրագիրը եւ այս ծրագրից ֆինանսավորվող «Ագրոգիտասփյուռը»:
Ասյա Տեր-Հովհաննիսյանի մայրըՙ գիտաշխատող Անժելա Ազիզյանը, որը վնասատուների դեմ կենսաբանական մեթոդներով պայքարի գիտական ուսումնասիրությունների 30-ամյա փորձ ունի եւ դստեր հետ շարունակում է այդ գործունեությունը, նշեց, որ այս մեթոդի ուսումնասիրությունները սկսվել են դեռեւս խորհրդային տարիներին, բայց ԽՍՀՄ փլուզումից հետո միջոցների բացակայության պատճառով չշարունակվեցին: Նրա համոզմամբ, չնայած այս մեթոդն իր դուստրը գործածել է միայն խնձորի պտղակեր վնասատուների դեմ, բայց սկզբունքորեն կարելի է կիրառել նաեւ այլ վնասատուների դեմ: Սակայն կենսաբանական պայքարի զանգվածաբար կիրառելու նպատակով արտադրություն ստեղծելու հարցը դեռ նոր պետք է ուսումնասիրվի:
Ասյա Տեր-Հովհաննիսյանն էլ նշում է, որ այս մեթոդը կիրառելիս քիմիկատների օգտագործման անհրաժեշտությունը գրեթե վերանում, չնչին է դառնում: Դա նախեւառաջ ձեռնտու է գյուղացիներին, քանի որ ավելի էժան է: Արարատյան դաշտավայրում նրանք ստիպված են լինում 9-10 անգամ դիմել քիմիկատների օգնությանը, որովհետեւ վնասատուները կայունություն են ձեռք բերում: Անգամ նոր քիմիկատների փորձարկումը եվրոպական երկրներում եւ Հայաստանում ցույց է տվել, որ ավելի նվազ արդյունավետ է ազդում մեր վնասատուների վրա: Այսինքն, նրանք ավելի դիմացկուն են: Հաջորդ, առավել կարեւոր հանգամանքն էկոլոգիապես մաքուր միրգ ստանալն է: Թունաքիմիկատների հաճախակի եւ առանց վերահսկողության օգտագործումը, շատ հաճախ ժամկետանց եւ արտադրությունից դուրս եկած, անդառնալի վնաս է պատճառում մեր ազգաբնակչության առողջությանը: Մասնագետների կարծիքով, այդ թունաքիմիկատները, քաղցկեղածին լինելով, տարիների ընթացքում կարող են ավելի բացասական ազդեցություն ունենալ, քան ճառագայթումը: Մի խոսքովՙ կենսաբանական պայքարի այս մեթոդի առավելությունն ակնհայտ է եւ առաջացրել է ամերիկացի ու եվրոպացի գիտնականների հետաքրքրությունը: Համագործակցության եւ աշխատանքի հրավերներն այնքան շատ էին, որ Ասյա Տեր-Հովհաննիսյանը չի կողմնորոշվում, թե դրանցից որին նախապատվությունը տա: «Հավանաբար կնախընտրեմ կարճաժամկետ ծրագրերը», մեր զրույցի վերջում նշեց Ասյան:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ