«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2004-10-23 | #189, 2004-10-26 | #190, 2004-10-27


ԱՆՎԻՃԵԼԻ ՀԱՂԹԱՆԱԿ

Ռեպորտաժ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ «Ավստրիական ավիաուղիների» աջակցությամբ

10-րդ տուրում մեր տղաները հանդիպեցին Սլովենիայի հավաքականի հետ, որը վերջին երկու տարիներին նկատելիորեն ուժեղացել է շնորհիվ նախկին ուկրաինացի երկու ճանաչված գրոսմայստերներ Ալեքսանդր Բելյավսկու եւ Ադրիան Միխալչիշինի: Հատկապես Բելյավսկու ջանքերով (նա մինչեւ այժմ լավագույն արդյունքն ուներ առաջին խաղատախտակի վրա) այս թիմն արտակարգ հաջող է խաղում: Բայց հենց այս փորձառու գրոսմայստերի նկատմամբ իր առաջին եւ շատ կարեւոր հաղթանակը տարավ Հակոբյանը: Իր առավելությունն իրացրեց նաեւ սեւերով խաղացող Արոնյանը Միխալչիշինի նկատմամբ: Լպուտյանը անկասելի գրոհ ծավալեց Դուշկո Պավասոլիչի արքայի վրա եւ թիմին պարգեւեց 3-րդ հաղթանակը: Միակ կես միավորը Դրաժեն Շերմեկին զիջեց Սարգսյանը: Առաջատարներըՙ ուկրաինացիները ոչ-ոքի խաղացին ԱՄՆ-ի հավաքականի հետ, իսկ ռուսները 2,5-1,5 հաշվով հաղթեցին ֆրանսիացիներին: 29 միավորով առաջատարն Ուկրաինայի հավաքականն է: Հաջորդ տեղերում են ռուսները (27) եւ հայերը (26,5):

Հայ շախմատիստուհիները 18,5 միավորով բաժանում են 6-9-րդ տեղերը: Առաջատարը Չինաստանի հավաքականն է (24,5): 10-րդ տուրում կանանց հավաքականը 2-1 հաշվով կարեւոր հաղթանակ տարավ Լեհաստանի ուժեղ թիմի նկատմամբ: Դանիելյանը եւ Մկրտչյանը հանդիպումներն ավարտեցին ոչ-ոքի, իսկ Անդրեասյանը հաղթեց: Ուրախալի է, որ 18-ամյա Սիրանուշը տուրից-տուր ավելի ու ավելի վստահ է խաղում: Իսկ Դանիելյանն ու Մկրտչյանն առայժմ անպարտելի են, ինչպես Արոնյանն ու Վահանյանը:

Մինչ թերթի տպագրվելը, Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2-1 հաշվով հաղթում էր շվեյցարացիներին: Վահանյանը հաղթեց Գալահերին, Հակոբյանն ու Արոնյանը ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Կորչնոյի եւ Պելետյեի հետ:

Կանանց մրցաշարում Հայաստան-Ռուսաստան մրցախաղում դեռ ոչ մի պարտիա չէր ավարտվել:

ԳԱԳԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Մայորկա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4