Կոսմետիկ դիվերսիայի դեմ` անպաշտպան
Հայաստանում այսօր սպառողի շահերի պաշտպանության 7 կազմակերպություններ կան: Զբաղվելով առողջապահական, սննդամթերքի անվտանգության, օրենսդրական, բնակչության իրազեկման խնդիրներով, նրանք բոլորը զանցառել են սպառման շուկայի այնպիսի կարեւոր ոլորտ, ինչպիսին է օծանելիքի, գեղահարդարման իրերի արտադրությունն ու վաճառքը: Այս ասպարեզում անորակ, կեղծ արտադրանքի իսկական խրախճանք է:
Ինչպես տեղեկացանք մի քանի հասարակական կազմակերպությունների նախագահներից, սպառողների միությունների գոյությանն իրազեկ քաղաքացիներից բազմաթիվ բողոքներ են ստացվում դրանց որակի վերաբերյալ: Սակայն միությունների առայժմ միակ գործնական օգնությունը սպառողին խորհուրդն է, որ խաբուսիկ գայթակղիչ դիզայնով օծանելիք գնելիս պետք է կողմնորոշվել գոնե դրա արժեքով` էժանագինները, որպես կանոն, կեղծ են: Օծանելիքի բաղադրության լաբորատոր հետազոտություն ոչ մի կազմակերպություն չի իրականացրել, դա շատ թանկ հաճույք էՙ կապված նյութական ու ֆինանսական մեծ ծախսերի հետ: Առայժմ մեր միությունները սահմանափակվում են միայն տեղական մթերքների ուսումնասիրությամբ: Նույնիսկ որոշ սննդատեսակների լաբորատոր քննություն անցկացնելն էլ խնդիր է այդ միությունների համար:
Կասկածելի բաղադրությամբ շամպունների, ներկերի, քսուքների գրոհին ենթակա կանանց ու աղջիկների շրջանում ավելի ու ավելի են շատացել ալերգիկ հիվանդությունները, մազաթափությունն ու մաշկային այլ ախտերը: Համաբուժարաններում այսօր ամենից շատ հերթեր գոյանում են մաշկաբանների մոտ: Թերեւս միայն նրանք, իրենց հիվանդների հետ, դարձել են այս սարսափելի իրողության լոկ հայեցողական արձանագրողները: Որեւէ վիճակագրություն չկա, որը հստակ արտացոլի տուժածների առողջությանը պատճառված վնասի չափերն ու ծավալները: Հայ կանայք ու աղջիկները շարունակում են անպաշտպան մնալ անորակ ու թունավոր գեղույքի պարագաների արշավանքի դեմ:
Առավել եւս այս շուկայում ներկայացվող արտադրանքը մեծ մասամբ էժանն ու ցածրորակն է: Կոսմետիկ նյութերը հիմնականում քիմիական պատրաստուկներ են, բնական բաղադրությամբ պարագաները խիստ թանկ են ու անմատչելի նույնիսկ միջին սպառողին:
Այնքան տարածված «սկրաբ» կոչվող մաքրող քսուքն օգտագործելն այնպես, ինչպես ներկայացվում է վաճառքում, մասնագետների կարծիքով, պարզապես անթույլատրելի է: Տեղեկացնենք, որ «սկրաբը» օգտագործվում է դեմքի մաշկի համար, մեռած բջիջների հեռացման համար: Տարանջատ խոշոր հատիկներով այդ քսուքը անվտանգության պահանջներին համապատասխանելու եւ մաշկին չվնասելու համար միկրոնային բաղադրություն պետք է ունենա: Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ մաշկի վերին շերտը հանելու հետ այն տարբեր վարակների առաջացման պատճառ է դարձել:
Նույնկերպ կասկածելի են նաեւ կավից պատրաստվող դիմակները: Խոսքն ավելի շատ վերաբերում է կոսմետիկական սրահներին, ուր հենց տեղում օգտագործում են ոչ թե մշակված, այլ սովորական, խեցեգործության մեջ օգտագործվող եւ հիմնային բաղադրությամբ կավը: Որպեսզի այն կիրառվի կոսմետիկայում, հատուկ մշակման պետք է ենթարկվի եւ թթվային բաղադրություն ստանա, ինչն անհրաժեշտ է մաշկի համար: Եվ քանի որ անվերահսկելի է այս ասպարեզը, չի կարելի երաշխավորել, որ ներգործությունն ուժեղացնելու համար քսուքի պարունակության մեջ անթույլատրելի նյութեր, օրինակ, սնդիկ եւս չեն խառնի: Ի դեպ, այդպիսի մտավախություն արտահայտեցին «գեղարարների» գործունեությունից տուժածներին սպասարկող բժիշկ մաշկաբաններից մի քանիսը միաժամանակ:
Թերեւս նաեւ այս եւ հավանաբար, մեծ մասամբ հենց այս պատճառներով են այսօր բացատրվում ալերգիկ դերմատիտի եւ կոնտակտային (հպումային) դերմատիտի ավելի ու ավելի հաճախ արձանագրվող դեպքերը:
Մազի անորակ ներկերի ու շամպունների ավերածություններն անչափելի են: Դրանց ներգործությունից մաշկը բորբոքվում է` առաջացնելով տեղային եւ ընդհանուր բորբոքային երեւույթներ, թուլանում են մազարմատները, նոսրանում է մազի խիտ ծածկույթը, ոչ հաճախ առաջացնելով նաեւ մազաթափություն կամ նպաստելով դրա ուժեղացմանը:
Անզեն աչքով շամպունների գերառատ տեսականու մեջ կողմնորոշվելը անհնար է նույնիսկ մասնագետի համար, ուր մնաց բանից անտեղյակ, միամիտ գնորդի համար: Նույնիսկ բացառապես բարձր ու ցածր գներով կողմնորոշվելն էլ, ինչ խորհուրդ են տալիս սպառողների շահերի պաշտպանները, թերեւս փրկություն չլինի: Հեշտ շահույթի հետեւից ընկնելով, ներկրողն ու վաճառողը կարող են նույնիսկ էժան գնով հայթայթած, ամենաանորակ պարագան ներկայացնել բարձր գներով: Հանգամանք, որ ամենեւին խորթ չէ ոչ միայն կոսմետիկայի, այլեւ ընդհանրապես մյուս ասպարեզների համար: Մաքսատներից այդ արտադրանքն առանց փորձագիտական ուսումնասիրությունների, ուղիղ գծով հայտնվում է վաճառասեղանների վրա:
Բժիշկ կոսմետոլոգները, մաշկաբանները հավաստում են, որ եթե երբեմն-երբեմն հետազոտություններ անցկացվում էլ են, ապա առանց մասնագիտական լուրջ ուսումնասիրությունների: Հայաստանում այդպիսի օրենք չկա, որ պարտադրի նաեւ մաշկաբան-կոսմետոլոգների մասնակցությունը անվտանգության պարամետրերի ստուգմանը` մինչեւ դրանք սպառողին հասցնելը:
Հայաստանում այսօր գեղույքի պարագաների անվտանգության վերաբերյալ որեւէ լուրջ ուսումնասիրություն չի կատարվում, եւ հայ կանայք ու աղջիկները մնացել են անպաշտպան ամբողջովին խոպան այս ասպարեզի դիվերսիայի դեմ-հանդիման:
Անորակ գեղույքի օգտագործումից, մաշկաբանների հավաստմամբ, այսօր շատացել է հատկապես պզուկների առաջացումը երիտասարդ աղջիկների ու կանանց դեմքի վրա:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ