Ներկայումս գործող 1997 թ. դեկտեմբերի 27-ին Ազգային ժողովի ընդունած հարկային օրենսդրության փոխարեն Ազգային ժողովը 2002 թ. դեկտեմբերի 26-ին ընդունել է նորՙ «ՀՀ հարկային օրենքները», որոնց մեջ մտնում է նաեւ «ՀՀ գույքահարկի մասին օրենքը»: Այս օրենքը, որը պետք է գործի 2005 թվականից, վերաբերում է նաեւ քաղաքացիներին պատկանող բնակարանների եւ շինությունների հարկերին, որոնց չափը կախված է դրանց կադաստրային գնահատման գումարի մեծությունից եւ հաշվարկվում է օրենսգրքով սահմանված մեկ քառակուսի մետրի (կամ անհատական շինությունների համար մեկ խորանարդ մետրի) գնահատման արժեքից:
Համեմատական կարգով ներկայացնենք 1997 թ. եւ 2002 թ. օրենսգրքերով սահմանված շինությունների կադաստրային գնահատման մեկ քառակուսի մետրի արժեքը:
Ինչպես երեւում է աղյուսակից, նոր օրենքի համաձայն, քաղաքացիների բնակարանների եւ շինությունների գնահատման գումարն ավելանում է 2,3 անգամ, հետեւապես եւ հարկերն են ավելանում: Ինչո՞վ է հիմնավորված դա: Գուցե իսկապես մենք այնպիսի նշանակալի տնտեսական աճ ունենք, ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակն այնպես է լավացել, որ իշխանությունները թույլ են տալիս իրենց այդպիսի «ճոխություն»:
Ինչպես հայտնել է Կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գնահատման վարչության պետ Արշակ Խաչատրյանը («ԺպսՏՉՏռ ֆՍրտՐպրր» N 25 (583), գնահատման գները կախված կլինեն անշարժ գույքի շուկայում ստեղծված իրադրությունից (իհարկե, նա խոսել է միայն հասարակական եւ արտադրական օբյեկտների վերագնահատման մասինՙ «մոռանալով», որ դա վերաբերում է նաեւ քաղաքացիների անշարժ գույքի վերագնահատմանը): Բայց ի՞նչ կապ ունի անշարժ գույքի շուկայում ստեղծված իրադրությունը բնակչության հիմնական զանգվածի հետ, որը չի պատրաստվում իր անշարժ գույքը վաճառել: Թող պետությունը հարցերը լուծի իր անշարժ գույքը վաճառողների հետ (կարող է վաճառքի գումարից որոշակի գումար գանձել): Դեռ ժողովուրդը հույսը չի կորցրել, որ Հայաստանում կստեղծվի նորմալ իրադրություն: Իսկ գուցե իշխանություններն են ձեռք քաշել ժողովրդից ու կարծում են, թե նա զանգվածաբար կվաճառի իր անշարժ գույքը եւ կլքի Հայաստանը:
Հետաքրքրական է, թե ինչպե՞ս են պատգամավորներն այս օրենքն ընդունել առանց «բուռն» քննարկումների, այսպես ասածՙ «աննկատ»: Գուցե դրա պատճառն այն է, որ օրենքն ընդունվել է առանձին, իսկ գնահատման դրույքներն ընդունվում են առանձին հավելվածով, որին պատգամավորները չեն ծանոթացել, եւ կամ այլ կասկածելի հանգամանքներում: Այս հարցերը պարզաբանման կարիք ունեն:
Որոշակի ճշտման ու պարզաբանման կարիք ունի նաեւ հարկային օրենսգիրքը: Խոսենք դրանցից մեկի մասին, որը չի համապատասխանում քաղաքացիական օրենսգրքին:
Անհատական բնակելի տները բաժանվում են ընդհանուր սեփականության եւ ընդհանուր բաժնային սեփականության: Ընդհանուր բաժնային սեփականության դեպքում սեփականությունը բաժանված է ժառանգների միջեւ: Քաղաքացիական օրենսգրքում պարզորոշ գրված է (հոդված 1244, կետ 3). «Ժառանգները կրում են համապարտ պատասխանատվություն յուրաքանչյուրն իր բաժին ժառանգության արժեքի սահմաններում»: Իսկ «Գույքահարկի մասին» օրենքի մեջ գրված է (հոդված 3, կետ 3). «Եթե հարկման օբյեկտն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկատուների, ապա նրանք գույքահարկի եւ դրանից բխող այլ պարտավորությունների համար կրում են պատասխանատվությունՙ յուրաքանչյուրն իր բաժնի չափով»:
Ինչպես տեսնում եք, քաղաքացիական օրենսգրքի ձեւակերպումը խեղաթյուրված է, բաց է թողնված «Ժառանգության արժեք» բառակապակցությունը, որի հետեւանքով հարկային օրգանները դա հասկանում են որպես «գույքահարկի բաժնի չափով» եւ ամբողջ շինության գնահատման գումարն են հարկում ու հարկը բաժանում ժառանգների միջեւ, փոխանակ գնահատման գումարը բաժանեն ժառանգների միջեւ եւ նոր հարկեն ըստ նրանց բաժին հասած ժառանգության արժեքի: Հարկային օրենսգրքում այս սխալը (կամ բացթողումը) պետք է ուղղվի:
Շինությունները | 1997 թ. օրենքով | 2002 թ. օրենքով |
սահմանվածարժեքը | սահմանված արժեքը | սահմանված արժեքը |
Քարե շինությունների համար | 120.000 դրամ | 255.000 դրամ |
Երկաթբետոնե շինություն ների համար | 100.000 դրամ | 230.000 դրամ |
ԷԴՎԱՐԴ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, Ինժեներ