ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Այս մասին նախորդ օրը կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսում ոչինչ չասվեց: Կառավարության արտահերթ նիստը մի քանի ժամ տեւած քննարկումներից հետո որոշեց 7 օր տրամադրել կառավարության անդամներինՙ ձեռք բերված համաձայնագրին ծանոթանալու: Մինչ նրանք կծանոթանան այդ համաձայնեցված, բայց դեռեւս չհաստատված փաստաթղթին, մեր պարտքն ենք համարում ընթերցողներին ներկայացնել այդ համաձայնության առավել հետաքրքրություն ներկայացնող հատվածները, որի մասին տեղեկացել ենք հավաստի աղբյուրներից:
Բանակցություններն ընթացել են թ. 60 լիցենզիայի գրեթե բոլոր դրույթների շուրջը: Նախորդ օրը կառավարության նիստում տարակարծությունների տեղիք տված հիմնական խնդիրը եղել է ինտերնետ հեռախոսակապը: Մինչ այժմ այդ ոլորտն, ըստ էության, եղել է «Արմենտելի», ինչպես նաեւ պետական վերահսկողությունից (հարկային դաշտից) դուրս: Չնայած կառավարության ներկայացուցիչների հայտարարություններին, թե ինտերնետ հեռախոսակապը կամ, ինչպես անվանում են, IP հեռախոսակապը չի եղել «Արմենտելի» բացառիկ իրավասությունների տիրույթում, «Արմենտելի» եւ ՕՏԵ-ի ներկայացուցիչները հակառակն էին պնդում, ասելով, որ այդ ճանապարհով իրենցից կապուղի էր գողացվում, եւ այդ գործընթացն անհնար է վերահսկել: Ձեռք բերված պայմանավորվածությամբ այստեղ հստակություն է մտցվում: Մինչ այժմ անորոշ վիճակում գործող այս ոլորտի վրա վերահաստատվում է «Արմենտելի» բացառիկ իրավունքը:
«Արմենտելը» պետք է այդ ծառայությունը մատակարարի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած սակագներով: Այս հարցի շուրջ կառավարության անդամների միջեւ ծագած բանավեճն այստեղ գործող ընկերությունների ճակատագրի առնչությամբ էր, որոնք փաստորեն հայտնվում են խաղից դուրս վիճակում: Ի դեպ, ըստ որոշ հաշվարկների, այստեղ շրջանառվող գումարները տատանվում են ամսական 1-2 մլն դոլարի սահմաններում:
Բնականաբար, ինտերնետ հեռախոսակապի ոլորտը կարեւոր նշանակություն ունի հատկապես արտասահմանում ազգականներ ունեցող մեր հայրենակիցների համար: Սակայն բնակչության գերակշիռ մեծամասնության համար գլխավոր հարցն այն է, թե ի՞նչ փոփոխություններ են նախատեսված րոպեավճարի առնչությամբ: Րոպեավճարը բնակչության գերակշիռ հատվածի համար, ըստ էության, կմնա անփոփոխ: Մասնավորապես անփոփոխ կմնան 360 րոպե անվճար խոսելու ժամանակը եւ 900 դրամ բաժանորդավճարը: Անփոփոխ կմնա նաեւ 1 րոպեի համար 4 դրամ վճարը, բայց մինչեւ 2250 րոպե խոսելը: 2250 րոպեից հետո որպես րոպեավճար կհաշվարկվի 8 դրամը: Այսինքն, օրական մինչեւ 1 ժամ 15 րոպե խոսելու համար րոպեավճարը կմնա 4 դրամ: Որ փոփոխությունները չեն ազդի բնակչության մեծամասնության վրա, վկայում են հետեւյալ ցուցանիշները: 68 հազար թվային հեռախոսակապ ունեցող բաժանորդներից ամսական 2000 րոպեից ավելի խոսել են ընդամենը 4 հազարը: Ընդհանուր առմամբ պատկերը որոշակի թվային փոփոխություններով նույնն է նաեւ կանխավճարային համակարգից օգտվողների պարագայում: 9400 հաստատագրված վճար վճարող բաժանորդներից 2000 րոպեից ավելի խոսել է 3 հազարը: Ի դեպ, կանխավճարը չի վերացվում, բայց թանկանում է եւ ժամանակային առումով սահմանափակվում: 4800 դրամի փոխարեն հաստատագրված վճարը կկազմի 6 հազար դրամ, որը վճարելով կարելի է խոսել դարձյալ մինչեւ 2250 րոպե: Դրանից հետո կգործի 8 դրամ արժեքով րոպեավճար: Նման փոփոխությունները կվերաբերեն հիմնականում շատ խոսող եւ ենթադրաբար ունեւոր բաժանորդներին: Այդպիսիք մոտ 10 հազար իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդներն են, որոնք ամսական խոսում են 30 հազար րոպեից ավելի, որն օրական կազմում է մոտ 16 ժամ: Լարային հեռախոսակապի համար այս փոփոխությունները պետք է գործեն 2005 թ.-ից մինչեւ 2006-ը: Դրանից հետո սակագնի բոլոր փոփոխությունները պետք է կատարի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, այնպես, ինչպես դա արվում է գազի, էլեկտրաէներգիայի, ջրի համար:
Միջազգային հեռախոսակապի գները պետք է նվազեն, կախված երկրներիցՙ 5-40 տոկոսով: Եթե հիմա միջազգային հեռախոսազրույցի ամենաթանկ արժեքը կազմում է 1 րոպեն 1,2 դոլար, ապա, ըստ պայմանավորվածության, առավելագույն գինը պետք է կազմի մոտ 80 ցենտ:
Վիճահարույց մյուսՙ բջջային կապի ոլորտում երկրորդ օպերատորի մուտքը տեղի կունենա 7 ամսվա ընթացքում: Այդ ժամանակահատվածում «Արմենտելը» 900 մգհերց հաճախականության տիրույթում օգտագործման շերտը պետք է կրճատի մինչեւ 15 մգհերց, ապա մինչեւ 12,5 մգհերցՙ երկրորդ օպերատորի մուտքն ապահովելու համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երրորդ օպերատորը հայաստանյան շուկա մուտք չի գործի մինչեւ 2009 թ.»:
Ինտերնետ կապի սակագինը կմնա նույնըՙ 1 դրամ: Ինչ վերաբերում է ինտերնետ պրովայդերներին հետաքրքրող գլխավոր հարցինՙ միջազգային ելքին (տվյալների փոխանակմանը), ապա այստեղ հետեւյալ փոփոխություններն են նախատեսվում: Հստակեցվել է, որ արբանյակային կապը չի լինելու «Արմենտելի» բացառիկ մենաշնորհը: Հաջորդը, մինչ այժմ օպտիկական մալուխով վարձակալած գծի ծառայություն չի մատուցվել: Պայմանագրում ամրագրված է, որ «Արմենտելն» այդ ծառայությունը պետք է տրամադրի այն սակագնով, որը կսահմանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ինքնարժեքի հիման վրա: Բացի սրանից, կետից կետ վարձակալված գծի ծառայությունն «Արմենտելը» պարտավորվում է պահանջների 95 տոկոսի դեպքում բավարարել 45 օրվա, իսկ մյուս դեպքերումՙ 2 ամսվա ընթացքում:
Վերստին ցանկանում ենք ընդգծել, որ սրանք այն համաձայնություններն են, որոնց կողմերը հանգել են բանակցությունների ընթացքում եւ ներկայացրել իրենց վերադաս մարմինների հաստատմանը: Թե ինչ հետագա ճակատագիր է սպասում այս համաձայնություններին, կիմանանք շատ շուտով, եթե, իհարկե, կառավարությունը հերթական անգամ չձգձգի վերջնական որոշման ընդունումը: