Գործատուների ներկայացրած 968 թափուր աշխատատեղից 751-ը բանվորական մասնագիտություններ են: «ՀՀ զբաղվածության ծառայություն» գործակալության սեպտեմբերի 1-ի տվյալների համաձայն, մեծ է հատկապես փականագործների, եռակցողների, դերձակների, ատաղձագործների պահանջարկը: Կառավարության որոշմամբ սեպտեմբերից գործում են 26 նախնական մասնագիտական եւ 85 միջին մասնագիտական կրթական հաստատություններ, որոնց նպատակն է պատրաստել որակյալ բանվորներ: Սրան զուգահեռ գործում են նաեւ 23 ոչ պետական միջին մասնագիտական կրթօջախներ: Նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական հաստատությունները փակվել էին 2001 թ.: 2003 թ. «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելուց հետո միայն հնարավոր դարձավ ավագ դպրոցների արհեստագործական հոսքերի հիման վրա դրանք վերաբացել:
«Վերաբացման անհրաժեշտությունը պայմանավորված էր աշխատաշուկայի պահանջարկով: Թեպետ մենք դեռեւս չգիտենք, թե մեր կադրերը որքանով կկարողանան բավարարել գործատուի պահանջները: Խնդիրն այն է, որ այդ հաստատությունների տեխնիկական հագեցվածությունը շատ վատ է, իսկ շենքերը վերանորոգման կարիք ունեն», նշում է ԿԳ նախարարության նախնական եւ միջին մասնագիտական կրթության բաժնի պետ Սամվել Պիպոյանը:
Նրա հավաստմամբ, իրենք վերապատրաստման ծրագիր են մշակում արդեն աշխատող բանվորների համար: Մասնագիտական ուսուցման դասընթացներ կազմակերպում է նաեւ «ՀՀ զբաղվածության ծառայություն» գործակալությունը: Սակայն այս երկու կառույցների միջեւ, ինչպես նշում է Սամվել Պիպոյանը, չկա գործնական փոխհարաբերություն:
Նշենք նաեւ, որ աշխատաշուկայում մեծ է որակյալ համակարգչային ծրագրավորողների, գործավարների, թարգմանիչների եւ հատկապես սպասարկման ոլորտի մասնագետների պահանջարկը:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ