ԵԱՀԿ Մինսկի խումբը չի ողջունում Ադրբեջանի նախաձեռնությունը
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Ադրբեջանը հետեւողականորեն փորձում է միջազգային հանրության ուշադրությունից շեղել ղարաբաղյան կարգավորման հարցի բուն էությունըՙ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը: Այս անգամ Ադրբեջանն այդ նպատակով օգտագործել է նոր հարթակՙ Միավորված ազգերի կազմակերպությունը:
Հոկտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի գլխավոր հանձնաժողովը հանձնարարական է տվել 59-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել «Ադրբեջանի գրավյալ տարածքներում առկա իրավիճակի» հարցը: Ադրբեջանի նախաձեռնությամբ գլխավոր հանձնաժողովի օրակարգ մտցրած հարցին կողմ են քվեարկել 28 պետություններից 9-ը, 14-ը մնացել են ձեռնպահ, դեմ ոչ-ոք չի եղել, եւս 5 երկրներ չեն մասնակցել քվեարկությանը: Մասնավորապես կողմ են քվեարկել Թուրքիան, Ուկրաինան, Իրանը, Պակիստանը, Մալայզիան:
«Ադրբեջանի գրավյալ տարածքներում առկա իրավիճակի» հարցը ՄԱԿ-ի ԳԱ գլխավոր հանձնաժողովի օրակարգ էր մտել ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի ավելի վաղ տարածած նամակի հիմքով, որում մասնավորապես ասվում էր, որ չնայած ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, եռանախագահությանը չի հաջողվել արդյունքի հասնել: Միեւնույն ժամանակ ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանը հարկ էր համարել հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավյալ տարածքներում ընթացքի մեջ են անօրինական գործողություններ, մասնավորապես ադրբեջանական տարածքներում շարունակվում է անօրինական վերաբնակեցումը, որը նպատակ է հետապնդում արհեստականորեն փոխել եւ ստեղծել նոր ժողովրդագրական վիճակ այդ տարածքներում:
Նախքան ադրբեջանական նախաձեռնության հավանության արժանանալը, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանն ասել էր, որ Ադրբեջանը միշտ էլ անհիմն պնդումներ է անում կարծեցյալ վերաբնակեցումների եւ նմանատիպ այլ մեղադրանքների մասին: «Հայկական կողմը մշտապես հերքել է այդ պնդումները եւ միջազգային հանրությանը հրավիրել տեղում համոզվելու դրանում: Ադրբեջանը որպես կանոն միջազգային կազմակերպություններում ինքն է խոչընդոտել մեր այդ առաջարկները: Մենք եւս մեկ անգամ հայտարարում ենք, որ չկա վերաբնակեցման պետական քաղաքականություն»:
Գասպարյանը նաեւ նկատել էր, որ «այդ տարածքներում հատուկենտ անհատ վերաբնակվողներ կան Շահումյանի եւ Գետաշենի փախստականներից»: «Մենք կրկնել, եւս մեկ անգամ հաստատում ենք, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ամբողջական քննարկումներից հանված առանձին հարցեր, որոնց վրա Ադրբեջանը ցանկանում է հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը, պետք է քննարկի ուղղակիորեն Լեռնային Ղարաբաղի հետ: Այս իմաստով մենք համարում ենք, որ ՄԱԿ-ում Ադրբեջանի վերջին նախաձեռնությունը մեզ չի վերաբերում», ասել էր նա:
Երեկ այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Ադրբեջանը հաջողություն է արձանագրել ՄԱԿ-ում, ՀՀ արտգործնախարարությունը տարածել է մեկ այլ հայտարարություն. «Իսկապես, Ադրբեջանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի ԳԱ գլխավոր հանձնաժողովը հանձնարարական է տվել 59-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել «Ադրբեջանի գրավյալ տարածքներում առկա իրավիճակի» հարցը: Ադրբեջանի այս քայլը մենք դիտարկում ենք որպես հերթական փորձ միջազգային հանրության ուշադրությունը հակամարտության կարգավորման բուն հարցիցՙ ԼՂ կարգավիճակից շեղելու ուղղությամբ»:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հարկ է համարել նկատել, որ Ֆրանսիայի ներկայացուցիչն այդ կապակցությամբ ունեցած ելույթում ԵԱՀԿ Մինսկի խմբի անունից նշել է, որ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը խնդիրը քննարկելու համապատասխան ֆորում չէ:
Իրավամբ, Ֆրանսիայի ներկայացուցիչը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի անունից ելույթ է ունեցել եւ ասել, որ հարցը Գլխավոր ասամբլեայի քննարկմանը մտցնելը կարող է բացասական հետեւանքներ ունենալ, մասնավորապես խոչընդոտելով ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ մշտական լուծման ջանքերին: Ֆրանսիայի ներկայացուցիչը նշել է, որ ՄԱԿ-ի ԳԱ 59-րդ նստաշրջանը հարմար տեղ չէ նման բանավեճի համար:
ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզը եղել եւ այսօր էլ մնում է հայերով բնակեցված: Մարտիրոսյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքները Ղարաբաղի հայերի վերահսկողության տակ են անցել Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով: Մարտիրոսյանը նշել է, որ Ղարաբաղից դուրսՙ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում չկան բնակեցումներ, եւ Հայաստանը չունի այդ տարածքները վերաբնակեցնելու քաղաքականություն:
Անկախ այն բանից, թե պաշտոնական Երեւանն ի՞նչ բացատրություն է տալիս, ակնհայտ է, որ Ադրբեջանին հաջողվում է ղարաբաղյան հարցից առանձնացնել առանձին դետալներ եւ դրանց շուրջը քննարկումներ ծավալել միջազգային հեղինակավոր կազմակերպություններում: ՄԱԿ ԳԱ բանաձեւերը չունեն պարտադրող ուժ, սակայն կարեւոր են քաղաքական եւ քարոզչական առումներով:
Հավելենք նաեւ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 1993 թ. ղարաբաղյան հարցի վերաբերյալ ընդունել է չորս բանաձեւեր, եւ Իլհամ Ալիեւի իշխանության գալուց հետո Բաքուն հետեւողականորեն փորձում է հասնել այդ բանաձեւերը կյանքի կոչելուն: