ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաջորդ շաբաթվա վերջին տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը: ԱՐՄԵՆՊՐԵՍԻ թղթակցի հարցին ի պատասխան Հանրային դիվանագիտության գծով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ դեսպան Ժան Ֆուրնեն նշեց, որ այցի շրջանակներում անդրադարձ կկատարվի ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հնարավոր հեռանկարներին առնչվող հարցերին:
Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զրույցներ կունենա Հայաստանի իշխանությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Ժ. Ֆուրնեի համոզմամբ, ղեկավար այրերը բազմաթիվ հանդիպումներ են ունենում արտերկրում, միջազգային խորհրդաժողովների շրջանակներում, բայց անհրաժեշտ է հանդիպել նաեւ տվյալ երկրում: Ըստ նրա, վերջին հանգամանքը հնարավորություն է տալիս «լինել երկրում, զգալ երկիրը տեղում»: