«Ջոն Քերիի եւ Ջորջ Բուշի տարբերությունն այնքան ակնհայտ է, որ նույնիսկ երդվյալ հանրապետականները մտքափոխ լինելով անցնում են դեմոկրատական թեկնածուի կողմը», գրում է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը եւ ապա նշելով ներքին ու արտաքին քաղաքականության մեջ Բուշի գործած սխալները, որոնց հետեւանքով Ամերիկան վարկաբեկվել է ամբողջ աշխարհի առաջ, նա թվարկում է այն պատճառները, որոնք պետք է մղեն հայկական համայնքի կուսակցական եւ ոչ կուսակցական անդամներին քվեարկելու հօգուտ Ջոն Քերիի:
«Հավատացած եմ, գրում է նա, որ որպես նախագահ Քերին հայկական հարցերին զորավիգ կկանգնի, որովհետեւՙ ա) ունի երկարամյա անձնական, բարեկամական հարաբերություններ իր ծննդավայր Մասաչուսեթս նահանգի ամերիկահայերի հետ, բ) ունի 20-ամյա կայուն տարեգրություն Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման հասնելու վերաբերյալ, գ) այդ հարցի վերաբերյալ հստակ արտահայտվել է նախագահական ընտրարշավի օրերին, դ) նրա գլխավոր օգնականները, որոնք պատասխանատու պաշտոններ կզբաղեցնեն իր վարչակարգում, նույնպես հրապարակայնորեն հաստատել են, որ Քերին որպես նախագահ անպայման կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Ավելի վաղ այս ամիս Քերի-Էդվարդս թեկնածուական զույգի արտաքին քաղաքականության ավագ խորհրդատու, դեսպան Ռիչարդ Հոլբրուքը ելույթ ունենալով Ամերիկայի էթնիկական համայնքների 50 ղեկավարների առաջ, ասաց, որ Քերիի բարեկամությունը Հայաստանի եւ հայերի հետ երկար ճանապարհ է անցել եւ հաստատուն է: Նա շատ լավ հասկանում է հայկական խնդիրները, ունի կայուն դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի, Հայաստանին օժանդակելու, շրջափակումը վերացնելու եւ ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ: Երկու թեկնածուների միջեւ կա բացահայտ տարբերություն»:
Ապա Սասունյանը գրում է. «Դեռ 1990-ին Քերին կողմ է քվեարկել սենատոր Բոբ Դոուլի նախաձեռնած ցեղասպանության բանաձեւին: Նախագահական թեկնածու դառնալուց շատ առաջ նա բազմիցս ելույթներ է ունեցել ապրիլի 24-ի հիշատակությունների առնչությամբ: Սենատոր Ջոն Էդվարդսի հետ Քերին համահովանավորն է ներկայիս Սենատում վավերացման սպասող ցեղասպանության ճանաչման բանաձեւի», 1991-ին Հայաստանի անկախության պաշտպաններից է եղել, հետագայում բազմիցս պայքարել է Հայաստանին հատկացվող օժանդակության ավելացման, նրա հետ առեւտրի զարգացման, շրջափակման վերացման եւ այլ հարցերի օգտին: Միայն այս տարի Քերին 5 հայանպաստ հայտարարություն է արել: Հունվարին, միանալով այլ սենատորների, նա նախագահ Բուշից պահանջել է ճնշում գործադրել ԱՄՆ այցելող Թուրքիայի վարչապետի վրաՙ վերացնելու Հայաստանի շրջափակումը: Ապրիլի 22-ին նա հրապարակել է Ցեղասպանությունն աներկբայորեն ճանաչելու հայտարարությունն այն դեպքում, երբ նախագահ Բուշի ելույթը լի է եղել Էվֆեմիզներով: Հունիսի 21-ին նա նամակով ճանաչել է 1918 թ. Հայաստանի առաջին հանրապետությունը: Օգոստոսի 28-ին նա շնորհավորել է հայկական մի փառատոնի մասնակիցներինՙ ասելով. «Ուզում եմ վստահեցնել Ձեզ, որ ընտրվելու դեպքում եւս շարունակելու եմ պայքարել ցեղասպանության ժխտումների դեմ: Իմ վարչակարգը ճանաչելու է 2005 թ. ապրիլի 24-ը որպես այդ վայրագության 90-ամյակը»: Իսկ սեպտեմբերի 23-ինՙ Հայաստանի անկախության տարեդարձի առթիվ, ելույթ ունենալով ասել է. «Հայերը բազմիցս ցույց են տվել մարդկային ոգու հաղթանակը բոլոր տեսակի դժբախտությունների դեպքում եւ նույնիսկ հարատեւելու կարողությունըՙ ցեղասպանության պայմաններում»:
Ավելինՙ ամերիկահայ թերթերում դեմոկրատական ազգային կոմիտեի մեկ ամբողջական էջ գրավող գովազդները գրավոր հաստատում են, որ «դեմոկրատները կճանաչեն Հայոց ցեղասպանությունը, կպաշտպանեն Հայաստանի հետ մշտական առեւտրական հարաբերություններ եւ կհակադրվեն Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից անօրինական շրջափակումներին»:
Հարութ Սասունյանը կարեւորում է նաեւ թուրքական կողմի հակազդեցությունը Քերիի հավաստումներին: Թուրքիայի նախկին արտգործնախարար Իլթեր Թուրքմենը, գրում է նա, վերջերս հայտարարել է. «Եթե Քերին նախագահ ընտրվի, Թուրքիայի համար ավելի դժվար է լինելու չեզոքացնել Հայոց ցեղասպանության բանաձեւերը»: Նույնանման արձագանքներ հնչում են նաեւ ադրբեջանցիների կողմից, շարունակում է նա եւ անդրադառնում հայկական համայնքի այն անդամներին, որոնք անցյալի դառը փորձից ելնելով համոզված են, որ Ամերիկայի ոչ մի նախագահ էլ չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Այդ մարդիկ չարաչար սխալվում են», գրում է Սասունյանըՙ հիշեցնելով, որ երկու տասնամյակ առաջ, ավելի ճիշտՙ 1981-ի ապրիլի 22-ին նախագահ Ռոնալդ Ռեյգանն իր ելույթում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
«Թուրքերի կողմից ոչ մի արձագանք չեղավ, շարունակում է հոդվածագիրը, ոչ էլ խզվեցին երկու երկրների քաղաքական կամ առեւտրական հարաբերությունները: Այնպես որ, Քերիի հավաստիացումներն ահազանգող ազդեցություն չպետք է թողնեն: Չմոռանանք, որ Ներկայացուցիչների պալատը չորս տարբեր առիթներով (1975, 1984, 1996 եւ 2004) ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Թուրքիայի համար էլ ձեռնտու է ցեղասպանության ճանաչումը: Որոշ խելամիտ թուրքեր նույնիսկ առաջարկում են նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել եւ Եվրոմիության ճանապարհից վերացնել խոչընդոտները:
«Անխոհեմ կլիներ իշխանության ղեկին եւս չորս տարի թողնել Բուշի վարչակարգին, որի մասին կոնգրեսական Ֆրենկ Փալոնն ասել է, թե «ամենահակահայկականն է ամբողջ ժամանակակից պատմության մեջ», եզրակացնում է հայտնի հրապարակախոս Սասունյանը եւ կոչ անում հատկապես Ֆլորիդայի, Փենսիլվանիայի, Օհայոյի, Միչիգանի, Մինեսոտայի, Կոլորադոյի, Այովայի, Նեւադայի եւ Նյու Մեքսիկոյի հայրենակիցներին քվեարկել հօգուտ Ջոն Քերիի, քանի որ նրա նախագահ ընտրվելու դեպքում լավ կլինի ոչ միայն Ամերիկայի, այլեւ Հայաստանի եւ ամբողջ աշխարհի համար:
Հ. Ծ.