«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2004-10-27 | #191, 2004-10-28 | #192, 2004-10-29


ԵՎՐՈՊԱ՞Ն Է ՄԵԶ ՇՐՋԱՓԱԿԵԼՈՒ

Իտալիայում Հայաստանի դեսպան Գագիկ Բաղդասարյանը իտալական «Լա Պադանիա» օրաթերթին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ «Թուրքիան առայժմ պատրաստ չէ նույնիսկ բանակցություններ սկսելու (Եվրոմիության հետ): Բաց է մնում ցեղասպանության ընդունման հարցը, որը կարեւորագույն հարցերից է, քանզի ընդունելի չէ, որ մի երկիր կրի այդ ծանր բեռը: Սակայն կան նաեւ բազմաթիվ այլ խնդիրներ»:

Դեսպանը որպես այդպիսի խնդիր բերել է հայ-թուրքական սահմանի հարցը: «Տասը տարուց ավելի Թուրքիան փակ է պահում սահմանըՙ արգելակելով արտաքին աշխարհի հետ Հայաստանի ամեն մի հարաբերություն: Եթե Թուրքիան Եվրոպա մտնի, ապա չի՞ ստացվի, որ Եվրոմիությունն է մեզ շրջափակում», ասել է նա:

«Լա Պադանիայի» թղթակիցն իր հերթին նկատում է. «Ծերուկ մայրցամաքի վիրտուալ համաձայնությամբ Թուրքիայի մուտքը կստեղծի նաեւ մի չլուծված «բարոյական խնդիր»ՙ դիվանագիտական ծանր զարգացումներով: Սարսափազդու այդ հիպոթեզի համաձայն, կիսալուսնի երկիրը փաստորեն կդառնա Եվրոպայի հարավարեւելյան ծայրը, եւ թուրքական սահմանները, որոնք այդ պարագայում կհամարվեն Եվրոպայի սահմաններ, Բրյուսելի վերջին բաստիոնը կլինեն հանդեպ մի երկրի ու մի ժողովրդի, որն աննկարագրելիորեն տուժել է թուրքերից եւ մինչեւ օրս համարվում է Անկարայի թշնամին: Հետեւաբար, հայերի հանդեպ Թուրքիայի ատելությամբ լի եւ սպառնալի պահվածքը կդառնա ինչ-որ իմաստով Եվրոպայի վերաբերմունքը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4