«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2004-10-27 | #191, 2004-10-28 | #192, 2004-10-29


ԱՌԱՆՑ ԲՈՅԿՈՏԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԲՈՅԿՈՏԻ ՕՐԻՆԱԳԻԾ ՉԵՆ ՄՇԱԿՈՒՄ

Հայտնի է, որ արդեն շրջանառության մեջ է դրվել ԱԺ կանոնակարգի փոփոխությունների նախագիծը, որը պատգամավորների վարքագծիՙ պատգամավորական բարոյական կոդեքսի նոր դրույթներ է փորձում սահմանել:

Մի քանի օր առաջ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը նամակ է ուղարկել «Արդարություն» դաշինքի հասցեով, որում առաջարկում է արտահայտել սեփական տեսակետներն ու դիրքորոշումը վերջին օրերին հերթական քննարկումների ու խարազանումների թեմա դարձած պատգամավորների բացակայությունների ու «բոյկոտ» իրողության վերաբերյալ ընդհանրապես:

Ռաֆիկ Պետրոսյանի նամակին ընդդիմությունը չի պատասխանի հասկանալի հիմքերով` բացակայող պատգամավորներից բացակայությունների մասին առաջարկներ ակնկալելը փոքր-ինչ տարօրինակ է նույնիսկ հայաստանյան խորհրդարանական իրականության համար, առավել եւս եթե մինչ այժմ նրանք որեւէ նախաձեռնության գրավոր առաջարկ չեն ներկայացրել:

Ըստ նոր օրինագծի հանձնարարած նոր կարգի, քվեարկությունից առաջ խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը պարտավոր է հայտարարել բացակայության պատճառների մասին, եւ դրանք կարող են հարգելի համարվել միայն մի նստաշրջանի կտրվածքով: Հանձնաժողովի նախաձեռնած նոր առաջարկները ընդունվելու դեպքում, իբրեւ փոփոխություն, կներառվեն ԱԺ կանոնակարգ:

ԱԺ գործող կանոնակարգի հեղինակ, «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը այսպես է վերլուծում այս նախաձեռնությունը. «Օրինագծի հեղինակները նախ եւ առաջ պետք է սահմանեն, թե ինչ է քաղաքական բոյկոտը: Իրենց գրածը միայն քվեարկություններից բացակայություններին է վերաբերում: Հնարավոր է, որ պատգամավորը դահլիճում նստած լինի, բայց ընդհանրապես չքվեարկի, սա այլ բան է, ընդհանրապես դահլիճ չգնալն ու չքվեարկելը` այլ»:

Նոր օրինագիծը, ըստ Վիկտոր Դալլաքյանի, կաղում է նաեւ այլ տեսանկյուններով`«անտրամաբանական է առանց «բոյկոտ» իրողությունը սահմանելու դրա վերաբերյալ սահմանումներ անել, ասենք` պատգամավորները միայն մի տարի, մի նստաշրջանում կարող են հայտարարել իրենց բացակայության մասին, եւ ամեն քվեարկությունից առաջ: Հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ 1 նստաշրջան, ոչ թե կես կամ 2: Ոչնչով հիմնավորված չէ նաեւ այս ժամկետը: Եվ բացի այդ, ստացվում է, որ օրը 20 քվեարկություն անելու դեպքում, ամեն քվեարկությունից առաջ պատգամավորը պիտի հայտարարի այդ մասին»:

Պատգամավորների վարքագիծը շրջանակի մեջ դնելու կանոնակարգային փոփոխությունները սպառնում են արտասահմանյան գործուղումներից զրկել բացակայությունների չափն անցած պատգամավորին: Դա ԱԺ գործող կանոնակարգի հեղինակը մեկնաբանում է որպես պատգամավորի նկատմամբ սանկցիաների կիրառում եւ նրա գործունեության երաշխիքների ոտնահարում, երաշխիքներ, որոնք սահմանվել են օրենքով: Այս դեպքում եւս անիմաստ է համարում որեւէ որոշում ընդունելը, եթե չի ձեւակերպված, թե այդ որոշման դրդապատճառը` բոյկոտը, ինչպես է հասկացվում, ինչպես է ընկալվում հայկական իրականության մեջ:

Կան երկրներ, որտեղ հատուկ բոյկոտի համար նախատեսված է չորրորդ կոճակը: Մեր Աժ կանոնակարգն ի սկզբանե ներառել է բոյկոտի վերաբերյալ դրույթներ: Սակայն անհեռատեսության կամ ավելորդ ինքնավստահության պատճառով դրանք դուրս են նետել: Իսկ կյանքը սովորաբար մատուցում է հենց այն, ինչ ամենից շատ ենք անհավանական համարում:

Հասկանալի է նաեւ բոյկոտի բանաձեւումը շրջանցելու հանգամանքը: Իբրեւ ձեւակերպում ու քաղաքական երեւույթ այն անհամեմատ անծանոթ կատեգորիա է, եւ յուրաքանչյուր փորձ խոցելի կլինի օրենսդրական գործունեության սեր չունեցող պատգամավորների համար: Խմբակցության քարտուղարի կարծիքով, նիստերը 3 շաբաթը մեկ անելու առաջարկը ապացուցում է ընդդիմադիրների բոյկոտի արդարացված լինելը, այլ խոսքով, ջուր է լցնում նրանց ջրաղացին: Ասել է թե, ընդդիմության բացակայությամբ քողազերծվեց խորհրդարանի անելիքի բացակայությունը, ավելի շուտ որեւէ գործուն նախաձեռնություն արտահայտելու անկամությունն ու ծուլությունը` «խորհրդարանը կաթվածահար վիճակում է, քանի որ խորհրդարան են եկել մարդիկ, ովքեր օրենսդրության հետ ոչ մի կապ չունեն», ասում է «Արդարության» քարտուղարը:

Անկախ Հայաստանի խորհրդարանական պատմության մեջ սա առաջին դեպքն էր, երբ երկուշաբթի օրը, աշխատանքային շաբաթվա հենց սկզբին, եռօրյան ընդհատվեց:

Անկասկած, վերջին շաբաթների իրադարձություններն ու խորհրդարանական մթնոլորտը հենց դրան էլ պիտի հանգեին: Օրինագծերի հիմնական զեկուցումներից հետո դահլիճում համերաշխ լռություն էր թագավորում, ոչ հարցեր, ոչ պատասխաններ, ոչ որեւէ հետաքրքրություն: Ասենք, որ խորհրդարանում մատների վրա կարելի է հաշվել այն պատգամավորներին, ովքեր օրենք գրելու հավես ունեն:

Օրենսդրական 40 նախաձեռնությունների հեղինակ Վիկտոր Դալլաքյանը հետաձգել է դրանց քննարկումները: Եթե չհետաձգեր, խորհրդարանը հիմա երեւի անելու բան կունենար:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4