Վահան Թեքեյանի անունը կրող Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող կրթօջախը հոկտեմբերի 20-ին մեծ շուքով տոնեց դպրոցի 50-ամյա հոբելյանը: Հոբելյանական միջոցառումների շարքին էր պատկանում կրթօջախի օտար լեզուների մեթոդ միավորման եւ 9գ դասարանի դասղեկ, ֆրանսերենի մասնագետ Վարվառա Հովհաննիսյանի նախաձեռնած ցերեկույթը, որին հրավիրված էին ֆրանսերենի մասնագետներ, հյուրեր, ծնողներ: Ցերեկույթը բացելու պատիվը տրված էր կրթօջախի տնօրենուհի Անահիտ Խալաթյանին, որը հատուկ շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին ու 29-ը իններորդցիներին, որոնք փայլուն տիրապետում են ֆրանսերենին ու ներկայացնում են Ֆրանսիայի պատմությունըՙ շնորհիվ ֆրանսերենի ուսուցչուհի Վարվառա Հովհաննիսյանի: Ի դեպ, Վ. Թեքեյանի կրթօջախում միաժամանակ ուսանում են երեք օտար լեզու:
Կրթօջախի հանդիսասրահը զարդարված էր Ֆրանսիայի տեսարժան վայրերը պատկերող նկարներով, իսկ բեմի մեջտեղում տեղադրված էր «Էյֆելյան աշտարակը», Ֆրանսիական դրոշը: Պատերին փակցված էին ֆրանսիացի մեծ գրողների նկարները (Հյուգո, Բալզակ, Անատոլ Ֆրանս, Էմիլ Զոլա եւ այլք), ասացվածքներն ու ասույթները: Ցերեկույթը կրում էր «Ֆրանսիա-Փարիզ» խորագիրը, որի ընթացքում ներկայացվեց Ֆրանսիան իր բոլոր տարածաշրջաններով, խոշոր քաղաքներով եւ որ ամենատպավորիչն էրՙ այդ ամենը համեմվում էր ֆրանսերեն շանսոններով, գրողների գործերի ընթերցանությամբ եւ պարերով: Մոտ 1,5 ժամ տեւած ցերեկույթի ընթացքում հնչում էր հստակ ու վարժ ֆրանսերենը, որի խորացված ուսումնառության համար կրթօջախի սաները եւ հատկապես 9գ դասարանը պարտական են իրենց դասղեկ Վ. Հովհաննիսյանին, որը ֆրանսերենի հետազոտողի որակավորում ստանալով ղեկավարում է դպրոցի օտար լեզվի մեթոդ միավորումը:
Տիկին Վարվառան հուզված չէր: Նա հստակ գիտեր, որ իր սաները հրաշալի յուրացրել են իր գրած սցենարը: Իսկ այն ներառում էր Ֆրանսիայի պատմությունը, երբ Ֆրանսիան կոչվել էր Գալիա, իսկ ֆրանսիացիներըՙ գալիացիներ, Փարիզըՙ Լյուտես, ու պատմությունը շարունակվում էր մինչեւ մեր օրերըՙ ներկայացնելով գրողներին, մեծերին, նրանց գործերն ու երգերը: Ինչպես սկիզբը, այնպես էլ ավարտն ընթացավ հայտնի «Փարիզի երկնքի տակ» երգի հնչյուններով եւ ամփոփվեց Ֆրանսիայի հիմնիՙ «Մարսելեզի» կատարումով:
Ցերեկույթի մասնակիցները հրաշալի տպավորություններով հեռացան կրթօջախից:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ