«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2004-10-27 | #191, 2004-10-28 | #192, 2004-10-29


ԱՅՍՏԵՂ ԴՈՒ ԱՍՏԾՈ ՀԵՏ ԵՍ ԽՈՍՈՒՄ...

Օրերս «Դիլիջան» ստեղծագործական տան Մեծ համերգասրահում ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության «Ավանդույթ եւ նորարարություն» միջազգային գիտաժողովի եւ փառատոնի շրջանակներում կազմակերպվեց համերգՙ նվիրված Ավետ Տերտերյանի 75-ամյակին:

Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, նշելով մեծատաղանդ արվեստագետի դերը հայ երաժշտարվեստի պատմության մեջ, ասաց. «Ավետ Տերտերյանի անունն ավելի շատ հայտնի է Ռուսաստանում, Եվրոպայում, քան Հայաստանում...:

Այսօր մենք նշում ենք նրա 75-ամյակն այս հրաշագեղ ճեմասրահումՙ վերհիշելով Տերտերյանի երաժշտության ելեւէջների հնչողության նշանակալիությունն իբրեւ նոր երեւույթ արվեստում: Ես ուզում եմ փորձել վերարտադրել այդ արվեստն իբրեւ նրա բարդ ներաշխարհի փիլիսոփայական մտորումների արգասիք: Ավետ Տերտերյանի երաժշտության մեջ կա մի հզոր էներգիա, որից ունկնդրին հաղորդվում է ամբողջ դարաշրջանն իր կատակլիզմներով ու աղետներով: Ավետ Տերտերյանն այն բացառիկ անհատականություններից է, որ իր ներսում ստեղծեց ուրույն երաժշտական թատրոն մեկ դերասանով, որը հենց ինքն էր»։ Իր խոսքն ավարտելովՙ պրն Ամիրխանյանը «Արմենակոբ» մշակութային կենտրոնի «Ստուդիա օրկեստր» սիմֆոնիկ նվագախմբին եւ նրա գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանին Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության կողմից պարգեւատրեց ոսկե մեդալովՙ հայ ժամանակակից երաժշտության պրոպագանդման ասպարեզում նշանակալի ներդրում ունենալու համար:

Խոսք ասացին նաեւ կոմպոզիտորի կինըՙ Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Իրինա Տիգրանովան, արվեստի ինստիտուտի արվեստաբանության դոկտոր Աննա Արեւշատյանը: Ցերեկույթի ընթացքում հնչեցին Ջիվան Տեր-Թադեւոսյանի N 1 սիմֆոնիան, Ղազարոս Սարյանի «Պասակալիան», Ավետ Տերտերյանի N 3 սիմֆոնիան:

Ժամանակին ինքըՙ Ավետ Տերտերյանը, երաժշտական այս խոշոր կտավի մասին ասել է, որ այնտեղ տեսնում է ծիսական արարողությունների արտացոլումներ, կյանքի եւ մահվան մասին մտորումների արձագանքներ: Կարեն Դուրգարյանի ղեկավարած նվագախումբը պարգեւեց ունկնդրին այդ զգացողությունըՙ ստեղծագործության հոգեւոր ենթատեքստը դրսեւորելով զուռնայի եւ դուդուկի կերպարային սիմֆոնիզացված ծրագրի ներքո: Իսկ երաժշտությունն աստվածային էր, որը տարավ մարդկանց դեպի Պառնաս, դրախտավայր, ուր իշխում են սերն ու թախիծը, ձայների ներդաշնակ համաձուլվածքն ու զգացմունքների պոռթկումը...

ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4