Հարություն Արմենյանի անգլերեն ժողովածուն
«Երանգ ու խօսք» Հարություն Արմենյանի բանաստեղծականՙ հեղինակի գեղանկարչական աշխատանքների գունավոր վերատպություններով ժողովածուն անգլերենով լույս է տեսել վերջերսՙ Երեւանում: Հարություն Արմենյանն իր հիմնականՙ մասնագիտական եւ կրթական (Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ, Բալթիմորի Ջոն Հոփքինս համալսարանի համաճարակաբանության պրոֆեսոր) գործունեությանը զուգահեռ զբաղվում է նաեւ գրականությամբ եւ գեղանկարչությամբ: Արվեստի, մասնավորապես գրականության նկատմամբ նախասիրությունը ծնվել է դեռեւս Բեյրութի Ն. Փալանջյան ճեմարանում ուսանած տարիներից եւ ուղեկցել է նրան ողջ կյանքում:
«Երանգ ու խօսք» գիրք-ալբոմն արտաքին աշխարհի տարբեր հորիզոններից ուղեւորություն է դեպի ներաշխարհի խոհուն խորքերը: Հեղինակի զգայուն հայացքն ընդգրկում է աշխարհի բազմազանությունըՙ գույնի ու խոսքի ներդաշնակությամբ, բնապաշտության հասնող սիրով, զարմանալի հանդարտությամբ ու ներհուն լռությամբ: Ժողովածուի հայերեն հրատարակությանն «Ազգն» անդրադարձել է թերթի անցյալ տարվա համարներից մեկում: «Colors and words» անգլերեն բանաստեղծական ժողովածուի թարգմանիչն է ամերիկահայ Թաթուլ Սոնենցը:
Մ. ԲԱԴԱԼՅԱՆ