«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2004-10-27 | #191, 2004-10-28 | #192, 2004-10-29


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՑՅԱԼԻ ԱՊԱԳԱՆ

«Դիսկավերի» ծրագիրը զորավիգ Հայաստանի հնագիտությանը

«Ժամանակը հասունացել է ուշադրություն դարձնելու եւ զորավիգ կանգնելու Հայաստանի հնագիտությանը», գրում է Լորի Խաչատուրյանը «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթում: Սակայն անցյալի գտածոների պահպանումն ու ուսումնասիրությունը ինչպես նյութական, այնպես էլ մտավոր լուրջ ներդրումներ են պահանջում:

Հայ հնագետները տասնամյակներ շարունակ ուսումնասիրել են Հայաստանի տարբեր ժամանակաշրջանների հնություններըՙ չխնայելով ջանք ու եռանդ այն հաստատ համոզմամբ, որ պեղումներով հայտնաբերված իրերը կհարստացնեն մեր գիտելիքները մեր երկրի պատմական, քաղաքական, տնտեսական եւ հասարակական կյանքի վերաբերյալ եւ դրանով իսկ նոր հորիզոններ կբացեն դրանց առաջՙ առավել ընդարձակելու ճանաչման աշխարհագրությունը:

«Դիսկավերի» ծրագիրը, որն անկախ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, նպատակ ունի նպաստել Հայաստանի մշակութային ժառանգության ճանաչմանըՙ խթանելով պեղումների կազմակերպումն ու իրականացումը:

Նորաստեղծ կազմակերպությունը, ըստ լրատվության, մեծ թվով գիտնականներիՙ հայ թե օտար, ուշադրությանն է արժանացել: Նրանք ակտիվ գործունեություն են ծավալել իրականություն դարձնելու այդ կազմակերպության նպատակները, որոնցից ենՙ

ա) ֆինանսական եւ այլ միջոցներով քաջալերել հնագիտական, պատմական ուսումնասիրությունները.

բ) խորացնել կապը եւ համագործակցությունը Հայաստանի գիտնականների եւ նրանց արտասահմանցի գործընկերների միջեւ.

գ) նպաստել ուսանողներին ԱՄՆ համալսարաններում ծանոթանալու ժամանակակից հնագիտական մեթոդներին եւ տեսության հետ.

դ) նյութական միջոցներ հայթայթել պեղումներ կատարելու եւ արժեքավոր հուշարձանները պահպանելու համար.

ե) ընդլայնել հասարակության ճանաչողական գիտակցությունն այդ ոլորտում:

Ծրագիրը նաեւ ուշադրություն է դարձնելու հնագիտական նյութերի հրատարակության հարցերին: Մինչ այժմ պեղումների արդյունքների մասին գրվել է միայն հայերեն եւ ռուսերեն: Մի հանգամանք, որ մատչելի է դարձնում տվյալ ուսումնասիրությունը միայն այդ լեզուների գիտակներին: Մինչդեռ դրանք կարեւոր ներդրումներ են նաեւ համաշխարհային քաղաքակրթության համար: Ուստի դրանց հրատարակումն անգլերեն եւ այլ օտար լեզուներով անհետաձգելի խնդիր է:

Ավելի մանրամասն տեղեկությունների համար հոդվածի վերջում Լորի Խաչատուրյանը, որն այժմ իր դոկտորականի վրա է աշխատում Էն Արբորի անվան Միչիգանի համալսարանում, խորհուրդ է տալիս այցելել ինտերնետային www.projectdiscovery.net կայքը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4