Կարծես 25 տարի առաջվա Բեյրութն ու Երեւանն էր հավաքվել այստեղՙ Գլենդեյլի քոլեջի հանդիսասրահում: Արեւմտյան Ամերիկայի «Նոր սերունդ» մշակութային միությունը, որի ղեկավարները մեծ մասամբ սփյուռքի երբեմնի մայրաքաղաք Բեյրութից էին գաղթել Լիբանանի քաղաքացիական պատերազմի դժնդակ օրերին, հրավիրել էին Հայաստանի երաժշտական պատանի տաղանդներին մայր հայրենիքի շունչը փոխանցելու բազմահարյուր հայրենակարոտ հանդիսականներին: Լիբանանի խորհրդային դեսպանատան երբեմնի դիվանագետ Ռոմեն Կոզմոյանըՙ սփյուռքի հետ մշակութային կապի կոմիտեի երբեմնի նախագահը, իրականություն էր դարձրել հրավերըՙ խմբին իր հայրական խնամակալությամբ հասցնելով Գլենդեյլ, ապա «անջրպետային» Հյուսթընի հանդիսասրահները:
Գլենդեյլում յուրաքանչյուր պատանի երաժշտի, մեներգչի, դաշնակահարի, ջութակահարի, դուդուկահարի ելույթը դիմավորում էին որոտընդոստ ծափերով:
Հյուրերը «պարգեւատրվեցին» ծաղկեփնջերով եւ «հիացողների համբույրներով»: Շնորհակալական խոսքերով հանդես եկան Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արք. Տերտերյանը, Ռոմեն Կոզմոյանը, «Նոր սերունդի» ղեկավարներից եւ հեռուստատեսության խոսնակ Հարություն Դավիթյանը:
Մասնակիցներին շնորհավորեցին Ս. Դ. Հնչակյան կուսակցության Արեւմտյան Ամերիկայի կենտրոնական վարչության նախագահ Գաբրիել Մոլոյանը, Սեդրակ Աճեմյանը, Փիթր Տարագչյանը, դոկտ. Հարություն Սաղրյանը, ԵՊՀ-ի փիլիսոփայության ֆակուլտետի երբեմնի դեկան դոկտ. Գեւորգ Խրլոպյանը եւ ուրիշներ: Պատվո հյուրերը ճաշկերույթով ավարտեցին երեկոն, ուր փայլուն ելույթներ ունեցան «Արմինյն օբզերվերի» խմբագիր Օշին Քեշիշյանը, Ռոմեն Կոզմոյանը, եւ իրենց հիանալի մեներգներովՙ մեր հայրենի տաղանդաշատ պատանիները:
Հաջորդ օրը պատվիրակությունը մեկնեց Հյուսթըն, ուր դարձյալ «Նոր սերունդ» մշակութային միության հրավերով փառքով ավարտվեցին պատանիների ամերիկյան համերգները:
ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ, Գլենդեյլ, Կալիֆոռնիա