Ո՞ւմ ծանոթ չէ «Թռչող հոլանդացի» նավի մասին լեգենդը կամ գոնե այդ արտահայտությունը: Ջրային անեզրություններն ակոսող, փոթորկվող տարածքներում բաց առագաստներով սլացող նավ-ուրվականի մասին մի քանի հարյուրամյակ գրեթե անհավատալի պատմություններ են հյուսվում...
Լեգենդի համաձայն, մոտ 300 տարի առաջ հմուտ եւ ամենագետ հոլանդացի մի նավապետ, ով բազում մեղքեր ուներ հոգու վրա, համառորեն ցանկանում էր անցնել Բարեհուսո հրվանդանով: Հայտնի է, որ աշնանը դաժան փոթորիկներն են տերուտնօրինություն անում այստեղ: Հուժկու քամին նավն անընդհատ հետ էր շպրտում: Եվ երբ վան Բուկը վեցերորդ անգամ եւս չկարողացավ հաղթահարել հրվանդանի մերձակա ջրերը, կայծակի ու որոտի տակ երդվեց, որ կպայքարի մինչեւ Ահեղ դատաստանի օրը... Ավելի լավ կլիներ, որ այդ մեղսագործն այդպիսի դաժան երդում չտար: Երեք դարից ավելի է, ինչ նավը թափառում է ջրային անեզրություններում եւ ափ չի հասնում: Գիշերները երկնքի խորհրդավոր լույսերն են տեսանելի դարձնում այս անտերունչ թափառականին, ցերեկը արեւի ճառագայթներն են նստում նրա կայմերին ու տախտակամածին: Ծակծկված, հազար տեղից փշրված «Թռչող հոլանդացին» վաղուց արդեն պետք է խորտակված լիներ, սակայն ինչ-որ խորհրդավոր ուժ նրան պահում է ջրերի վրա...
Ահա, այսպես, ոգու ուժով պահվող մեր նավին հզոր փոթորիկներ են խփվում, որովհետեւ մեր նավը բաց է ամեն քամու դիմաց: Միշտ բաց է եղել: Ու եթե դարերի ընթացքում մեր նավի կայմերին եկել, թառել են թուրք-սելջուկյան աթարների փոշին, կաթոլիկ, բողոքական գաղափարախոսությունը, ռուսական, ամերիկյան հողերում ավելացած եւ դուրս տանելու համար մնացած չարությունը, ապա այժմ էլ մունիական ավերածություններ են բերվում, լցվում այս հպարտ նավի վրա, տախտակամած են բարձրանում «Եհովայի վկաներ» ու «Յոթերորդ օրվա ադվենտիստներ»... Մեր ամենակարեւոր դարպասը բաց է. հեռուստացույցի այս անիծված էկրանը բոլորիս տանը դրած է: Ու մենք մանրամասնորեն ծանոթանում ենք բրազիլական պոռնկության գայթակղություններին, արվամոլների ու լեսբուհիների մասին պատմությունները բերանի ծամոն ենք սարքում, դանդաղ, աննկատ սովորում ենք դրանց եւ մեր հոգին ենք սովորեցնում դրան: Որպեսզի այս հարձակումը ուրիշ ձեւով բացատրվի, ժողովրդին հրամցվում են հնարովի պատմություններ մարդու ազատությունների, եվրոպական արժեքների մասին: Ամերիկա ենք գնումՙ Ամերիկայի աղբը հավաքելո՞վ, Եվրոպա ենք ուզում մտնելՙ այնտեղ եղած խոտելին ու թափոնը ներս բերելո՞վ: Ի՞նչ է եղել, ինչո՞ւ ենք այսպես դիվահար եղել, ինչո՞ւ չենք կարողանում մեր տեղում մնալ եւ կառանել մեր նավը:
Փողի, սննդի, շորի, մսի պակասություն ունենք: Ու դրսի նախահարձակը, լավ իմանալով մեր այդ պակասությունների մասին, փողի, շորի, մսի հետ մեզ նաեւ իր ավերիչ գաղափարն է պարտադրում:
Բայց ավելի շատ հոգու ամրության պակաս ունենք, ինքներս մեզանով հիանալու ընկալումն ենք կորցրել: Դա առավել քան լավ գիտե դրսի սատանան, որ մեր մեջ բնակվելու համար դեւեր է ուղարկում: Դեւեր է ուղարկում երիցս անիծված հեռուստատեսային էկրանի միջով: Իսկ նրանք, ովքեր մեզ պիտի հենց այս էկրանի միջոցով Գրիգոր Նարեկացու շունչը կամ գրագետ ու կիրթ հայի կերպարը ցուցադրեին, ինչու չէ, Ջոն Սթայնբեքի կամ Աբե Կոբոյի ազնվագույն գաղափարները, Մոցարտի հզոր «Ռեքվիեմ» լսեցնել տային, հունական աստվածային անեղկելի մարմինը ցուցադրեին, Ջեյդի պորտապարն են ցուցադրում անընդհատՙ այն մեջընդմիջելով «Օմեգայի» կուլիսները կանչող հրավերներով:
Այս ո՞ւր ենք գնում, ինչո՞ւ ենք գնում, ինչո՞ւ ենք մեր իսկ կամքով մեզ ավերում:
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ