«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2004-10-27 | #191, 2004-10-28 | #192, 2004-10-29


ՉԵՄՊԻՈՆԸ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԻ Է

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցները Ֆրանսիայի շախմատիստներն էին, որոնք վաստակել էին 28,5 միավոր: Մինչ թերթի տպագրման պահը 4 պարտիաներից ավարտվել էր 3-ը: Տպավորիչ հաղթանակ տարավ փորձառու Սմբատ Լպուտյանըՙ պարտության մատնելով Ռոբերտ Ֆոնթայնեին: Վահանյանը, թեեւ սեւ խաղաքարերով մի փոքր առավելություն ուներ Մարկ Դեգրաեւի հետ պարտիայում, սակայն ի վերջո խաղաղ դաշն կնքեց: Իսկ առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը օլիմպիադայում իր երկրորդ պարտությունը կրեցՙ զիջելով Ժոել Լոթյեին: Արոնյանի եւ Ալեքսանդր Նաթաֆի մրցավեճում պայքարը դեռեւս շարունակվում էր: Վերջնախաղում հայ գրոսմայստերը դիրքային մի փոքր առավելություն ունի:

Ռուսաստան-Կուբա մրցավեճում եւս հաշիվը հավասար էրՙ 1,5-1,5: Իսկ ահա Ուկրաինայի հավաքականը կարճատեւ պայքարից հետո, խաղաղ դաշն կնքելով (2-2) Վրաստանի ընտրանու հետ, վաստակեց 36,5 միավոր եւ գործնականում նվաճեց օլիմպիադայի չեմպիոնի կոչումը: Իսրայել-ԱՄՆ մրցախաղը եւս ավարտվեց ոչ-ոքի (2-2): Այսպիսով, Հայաստանի, Ռուսաստանի եւ Իսրայելի հավաքականները իրենց օգտին ունեն 32,5-ական միավոր, սակայն առաջին երկուսը դեռ չէին ավարտել իրենց մեկական պարտիաները:

Հայաստանի կանանց հավաքականի մրցակիցը Մոլդովայի ընտրանին էր: Մեր թիմում պայքարի մեջ էին ներգրավվել Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանուշ Անդրեասյանը, որոնք դեռեւս չէին ավարտել իրենց պարտիաները:

Աշոտ Հայրապետյան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4