«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2004-10-27 | #191, 2004-10-28 | #192, 2004-10-29


ՍՏՈՐԻՆ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՅՔԱՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ Է

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրի 4 հանդիպումներից երեքը վճռորոշ նշանակություն ուներ մրցակիցների համար: Տուրի կենտրոնական հանդիպումն, անշուշտ, «Միկայի» եւ «Արարատի» մրցավեճն էր: Մրցանակային տեղերի հավակնորդ թիմերի համար հանդիպման ելքը հսկայական նշանակություն ուներ: Հաղթանակի դեպքում «Միկան» փաստորեն իր համար կապահովեր արծաթե մեդալները, իսկ ահա պարտությունը բավական խոչընդոտներ կստեղծեր պարգեւների համար մղվող պայքարում: Նույնը վերաբերում է նաեւ արարատցիներին, որոնք անհաշտ պայքար են մղում բրոնզե մեդալների համար: Այդ խաղում հաջողությունն ուղեկցեց «Միկայի» ֆուտբոլիստներին: Հաշիվը 30-րդ րոպեին բացեց Հրաչյա Միքայելյանը, իսկ խաղավարտից 10 րոպե առաջ թիմի փորձառու պաշտպան Հովհաննես Թահմազյանն ամրապնդեց «Միկայի» հաղթանակը: Արարատցիների համար այս պարտությունը կարող է ճակատագրական լինել մրցանակային երրորդ տեղի համար մղվող պայքարում, քանի որ նրանց գլխավոր մրցակիցըՙ «Բանանցը», 2-0 հաշվով պարտության մատնեց «Կոտայքին»: «Բանանցի» ֆուտբոլիստները հանդիպման ելքը փաստորեն վճռեցին առաջին 20 րոպեներին, երբ Ռոմեո Ջենեբյանն ու Արթուր Պետրոսյանը 2 անգամ գրավեցին մրցակցի դարպասը: Թեեւ 39-րդ րոպեին դաշտից հեռացվեց Պետրոսյանը, եւ «Բանանցը» խաղը շարունակեց 10 հոգով, սակայն կոտայքցիներին այդպես էլ չհաջողվեց իրացնել թվային առավելությունը:

Չափազանց սրվեց իրավիճակն աղյուսակի ստորին հորիզոնականներում, որտեղ 3 թիմեր անհաշտ պայքար են մղում ուժեղագույնների խմբում իրենց տեղը պահպանելու համար: Այդ պայքարում չափազանց կարեւոր հաղթանակ տոնեց «Կիլիկիան»ՙ սեփական հարկի տակ պարտության մատնելով իր գլխավոր հակառակորդներից մեկինՙ «Շիրակին» (2-1): «Կիլիկիայից» աչքի ընկան թիմի լավագույն ռմբարկու Նշան Էրզրումյանն ու Սուրեն Աթոյանը, «Շիրակից» միակ գոլի հեղինակը Արտյոմ Բեռնեցյանն էր: Այդ հաղթանակի շնորհիվ «Կիլիկիան» շրջանցեց «Կոտայքին»: Եթե մրցանակային տեղերի համար պայքարում իրադրությունը բավական պարզվեց, ապա աղյուսակի ստորին հորիզոնականներում այն ավելի բարդացավ:

Տուրի հանդիպումներից միայն «Փյունիկի» եւ «Դինամո-Զենիթի» մրցավեճն էր, որ մարզական առումով մրցակիցների համար այլեւս ոչ մի նշանակություն չուներ: Միակ հետաքրքրությունը ներկայացնում էր առաջնության լավագույն ռմբարկուի կոչման համար պայքարող փյունիկցիներ Գալուստ Պետրոսյանի եւ Էդգար Մանուչարյանի մրցավեճը: Նշենք, որ երկու ֆուտբոլիստներն էլ հաշվետու խաղում փորձում էին իրենք եզրափակել գրոհներըՙ երբեմն անտեսելով ավելի հարմար դիրքում գտնվող խաղընկերներին: Մրցակցի դարպասը խփած 7 անպատասխան գոլերից 3-ն իր օգտին գրանցեց Էդգար Մանուչարյանը, 2-ըՙ Գալուստ Պետրոսյանը: 1-ական գնդակ էլ խփեցին թիմի սեւամորթ լեգեոներներ Կառլ Լոմբեն եւ Մամադու Դիավարան:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Փյունիկ24213085-2166
2. Միկա24146436-2248
3. Բանանց25125838-3341
4. Արարատ26116938-3239
5. Դ.-Զենիթ25761221-4627
6. Շիրակ26481426-4620
7. Կիլիկիա25541628-4719
8. Կոտայք25461525-5018

Ռմբարկուները

Գալուստ Պետրոսյան«Փյունիկ»21
Էդգար Մանուչարյան«Փյունիկ»20
Նշան Էրզրումյան«Կիլիկիա»16
Լեւոն Փաչաջյան«Փյունիկ»13
Արմեն Շահգելդյան«Միկա»11

Աշոտ Հայրապետյան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4