«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2004-10-27 | #191, 2004-10-28 | #192, 2004-10-29


ԱՂԱՍԻՆ ՄՏԱԴԻՐ Է ԿՐԿՆԵԼ ԿՆՈՋ ՆՎԱՃՈՒՄԸ

34-ամյա Անդրե Աղասին հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանում մտադիր է կրկնել իր կնոջՙ Շտեֆի Գրաֆի նվաճումըՙ հաղթող ճանաչվելով «Մեծ սաղավարտի» բոլոր չորս մրցաշարերում: Նշենք, որ գերմանացի հանրահայտ թենիսիստուհի Շտեֆի Գրաֆը 1988 թ. հաղթող էր ճանաչվել ոչ միայն «Մեծ սաղավարտի» բոլոր չորս մրցաշարերում, այլեւ Սեուլի օլիմպիադայում նվաճել էր ոսկե մեդալ: Իհարկե, նման նվաճման հասնելը շատ դժվար է, այն էլ արդեն վետերան թենիսիստի համար: Հարկ է նշել, որ համաշխարհային թենիսի պատմության մեջ տղամարդկանցից միայն ավստրալացի Ռոդ Լեյվերին է (այն էլ երկու անգամՙ 1962 եւ 1969 թթ.) հաջողվել շահել «Մեծ սաղավարտ» մրցանակը: Իսկ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում բոլորից հաճախՙ 14 անգամ հաղթող է ճանաչվել ամերիկացի մեկ այլ հանրահայտ թենիսիստ Փիթ Սամփրասը:

Աղասին պրոֆեսիոնալ թենիսիստի իր գործունեությունը սկսել է 1986 թ.: 18 տարվա ընթացքում նա շահել է «Մեծ սաղավարտի» շարքին պատկանող 8 մրցաշար: Այդ հաղթանակների շարքը սկսվել է 1992 թ., երբ Աղասին հաղթող ճանաչվեց Ուիմբլդոնի մրցաշարում: Առավել հաջող նա հանդես է եկել Ավստրալիայի բաց առաջնությունումՙ չորս անգամ (1995, 2000, 2001, 2003 թթ.) դառնալով չեմպիոն: Երկու անգամ նա հաջողության է հասել ԱՄՆ-ի բաց առաջնությունում (1994, 1999 թթ.), իսկ 1999 թ. Աղասուն հաջողությունն ուղեկցել է Ֆրանսիայի բաց առաջնությունում:

Աշոտ Հայրապետյան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4