ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Հայագրոֆորում»
Վերջին տարիներին Հայաստանի հաջողությունները գյուղատնտեսության, մասնավորապես սննդարդյունաբերության բնագավառում ներկայացնելու, ներդրումներ ներգրավելու, նոր գործարար կապեր ստեղծելու նպատակով երեկ Երեւանում բացվեց «Հայագրոֆորում» առաջին միջազգային համաժողովը: Միջոցառումն իր ներկայացվածությամբ եւ կազմակերպվածությամբ աննախադեպ էր: Բացի Հայաստանի կառավարությունից, գյուղատնտեսության, արտաքին գործերի նախարարություններից, Հայաստանի առեւտրա-արդյունաբերական պալատից, «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոնից» եւ Երեւանի քաղաքապետարանից, ֆորումի կազմակերպիչների թվում են Համաշխարհային բանկը, ԱՄՆ գյուղդեպարտամենտը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը: Եռօրյա համաժողովի աշխատանքները ողջունողների թվում էին Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՄԱԿ-ի Հայաստանի ներկայացուցիչ Լիզ Գրանդեն, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը եւ ուրիշներ:
Եռօրյա ֆորումի լիագումար նիստի ժամանակ պարգեւներ եւ շքանշաններ հանձնվեցին գյուղատնտեսության ոլորտում ձեռքբերումներ արձանագրած ընկերությունների ներկայացուցիչներին եւ ֆերմերներին: Իսկ հետագա քննարկումները շարունակվեցին 4 ուղղություններովՙ գյուղատնտեսության արտադրության տեխնոլոգիաների եւ ագրոտուրիզմի զարգացում, սննդարդյունաբերական ապրանքների արտադրության եւ արտահանման խնդիրներ, ագրարային գիտություն, կրթություն, ագրարային բարեփոխումներ:
«Արմպրոդէքսպո-2004»
«Հայագրոֆորումի» շրջանակներում անցկացվող գլխավոր միջոցառումը գյուղատնտեսական մթերքների եւ սննդարդյունաբերական ապրանքների «Արմպրոդէքսպո» 4-րդ միջազգային ցուցահանդեսն էր: Ներկայացված էին հայրենական արտադրության ոգելից խմիչքները, բնական հյութերն ու զովացուցիչ ըմպելիքները, պտուղբանջարեղենի պահածոները, մսամթերքն ու կաթնամթերքը, ծխախոտը, փաթեթավորող նյութերն ու պոլիգրաֆիական արտադրանքը: Ներկայացված տաղավարներից իրենց ընդգրկվածությամբ առանձնանում էին ծխախոտի արտադրության «Գրանդ Տոբակո» եւ «Ինտերնեյշընլ Մասիս Տաբակ» ընկերությունների տաղավարները: Լավ էին ներկայացված նաեւ ոգելից խմիչքների արտադրության «Արարատ» օղու-գինու-կոնյակի կոմբինատ («Մուլտի գրուպ») ու «Գրեյտ Վելլի», կաթնամթերքի արտադրության «Աշտարակ կաթ» եւ «Մուլտի ագրո» ընկերությունների տաղավարները: Չնայած ցուցահանդեսում գերակշռում էին արդեն կայացած եւ շուկայում հայտնի ընկերությունները, բայց հանդիպում էին նաեւ համեմատաբար վերջերս իրենց գործունեությունը սկսածներըՙ գինու արտադրության «Մեծ Սյունիք», այծի պանրի արտադրության «Սելիմ» եւ այլ ընկերություններ: Նոր արտադրատեսակ էր ներկայացրել «Նոյան» հյութերի արտադրող «Եվրոթերմ» ընկերությունըՙ ապակե տարաներով մուրաբաներ: Բացի հայրենական արտադրողներից, մեկական ընկերություններ ունեին Ռուսաստանն ու Ուկրաինան, ինչպես նաեւ իրենց իրականացրած գործունեությունն էին ներկայացրել ԱՄՆ գյուղդեպարտամենտի մարկետինգի աջակցության ծրագիրը (USDA MAP) եւ պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO): Ցուցահանդես այցելեց եւ ներկայացված տեսականուն ծանոթացավ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, սակայն այս անգամ նա սովորականի պես լրագրողներին չներկայացրեց իր տպավորություններն «Արմպրոդէքսպոյից»:
Տարվա ամենահամեղ ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 31-ը, իսկ այդ ընթացքում կանցկացվեն սեմինարներ, ոգելից եւ ոչ ոգելից խմիչքների, գարեջրի համտես-մրցույթներ, ցուցահանդեսի մասնակիցներին կտրվեն մեդալներ եւ պատվավոր դիպլոմներ: