Հանրապետությունում «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության կառավարման, շահագործման ու պահպանման ոլորտում մասնավոր կառավարչի ներգրավման գործընթացը սկսվեց դեռեւս 2003 թ., երբ տեղի ունեցավ «Կառավարման պայմանագիր» միջազգային մրցույթը, որին մասնակցում էին 10 ընկերություններ: Այնուհետեւ առաջարկություններ ստացվեցին բնագավառում շահագործման փորձ ունեցող եվրոպական չորս խոշոր ընկերություններից (Գերմանիա, Գերմանիա-Ավստրիա, Իտալիա, Ֆրանսիա):
«Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության գործադիր մարմնի լիազորությունները մասնավոր կառավարչին փոխանցելու նպատակով ստեղծված մրցույթի արդյունքներն ամփոփող հանձնաժողովը 2004 թվականի հունվար-ապրիլ ամիսներին գնահատեց ներկայացված առաջարկությունները: Հաղթող ճանաչվեց ֆրանսիական «Սաուր» («Saur» S. A.) ընկերությունը, որի առաջարկությունները տեխնիկապես եւ ֆինանսապես ամենաշահավետն էին (դա հաստատվեց ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի N 942-Ն որոշմամբ): Այդ ընկերության հետ ընթացիկ տարվա հուլիսի 21-ին ստորագրված պայմանագիրն ուժի մեջ մտավ օրերսՙ ՀՀ Ազգային ժողովում վարկային համաձայնագրի վավերացումից հետո:
Ծրագրի տեւողությունը 4 տարի էՙ 2 տարվա հնարավոր երկարացմամբ, իսկ արժեքը կազմում է 25.56 մլն ԱՄՆ դոլար, որից 23.0 մլն ԱՄՆ դոլարը ներդնելու է Միջազգային զարգացման ընկերակցությունը, իսկ 2.56 մլն դոլարըՙ ՀՀ կառավարությունը:
Ծրագիրը կառավարվելու է կորպորատիվ կառուցվածքի շրջանակներում: ՀՋԿ-ն մնալու է փակ բաժնետիրական ընկերությունՙ իր ներկայիս մասնաճյուղերով եւ գլխամասային գրասենյակով: Այն գլխավորելու է կառավարիչը, որի թիմի ղեկավարը նշանակվելու է ընկերության գլխավոր տնօրեն:
Ծրագրի կառավարումն ու վերահսկումն իրականացնելու է ընկերության կառավարման խորհուրդը (ԸԿԽ), որը գլխավորելու է ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը: ՀՀ ջրտնտպետկոմիտեն ընկերության բոլոր բաժնետոմսերի սեփականատերն է:
Ծրագրի գործունեության մոնիտորինգն ու վերահսկողությունն իրականացնելու է պայմանագրի վերահսկման գրասենյակը (ՊՎԳ), ներկայիսՙ «Ջրային տնտեսության զարգացման եւ բարեփոխումների իրականացման գրասենյակ» ՊՀ-ն:
Մի քանի բաղադրիչներից կազմված ծրագրի հիմնական նպատակն էՙ կառուցվածքային բարեփոխումների միջոցով բարձրացնել «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության սպասարկման ոլորտի բնակավայրերի ջրամատակարարման եւ ջրահեռացման արդյունավետությունը, ղեկավարման ու շահագործման մակարդակը, ապահովել հուսալի ծառայություն, սպասարկման ժամանակացույցի ավելացում, ջրի որակի բարձրացում, սպառողների հետ քաղաքակիրթ հարաբերությունների հաստատում, դրամական հոսքերի աճ, կազմակերպել ՀՋԿ-ի անձնակազմի ուսուցում, բարձրացնել նրա որակավորումը, կրճատել էլ. էներգիայի ծախսը, ֆինանսապես առողջացնել համակարգը, գրավիչ պայմաններ ստեղծել ներդնողների համար:
Ֆրանսիական «Սաուրը» արդեն Հայաստանում է եւ սկսել է զբաղվել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հիմնախնդիրներով: Այն իր իրավասությունների ամբողջական կատարմանը ձեռնամուխ է լինելու նոյեմբերի 19-ից:
ԾՈՎԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ