«Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միություն» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) լուրջ ու շոշափելի աշխատանքներ է կատարել ձեռներեցության զարգացման ու ծավալման բնագավառում, որը, սակայն, դեռեւս բավարար չէ ձեռներեցության լիարժեք զարգացման համար», նշվում է երեկ վերոհիշյալ ՀԿ-ի հրավիրած երկրորդ համագումարի որոշման մեջ:
Որոշման մեջ ասվում է նաեւ, որ օրախնդիր է դարձել թե՛ հարկային եւ թե՛ մաքսային քաղաքականության նոր հայեցակարգի մշակման եւ հասարակական քննարկման անհրաժեշտությունը, հստակ ռազմավարության սահմանումը, որի պայմաններում անթույլատրելի են հարկային օրենսդրության հաճախակի եւ միայն պահի ազդեցությամբ հիմնավորվող փոփոխություններն ու մոտեցումները:
Համագումարի բացմանը ողջույնի խոսք ասաց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, որը կարեւորեց հարկային դաշտում օրենսդրական փոփոխությունների կատարումը: ԱԺ պատգամավոր Հրանտ Խաչատրյանը հույս հայտնեց, որ ոչ քաղաքական այս կազմակերպությունը կարող է դառնալ այնպիսի կառույց, որը կկարողանա օգնել նաեւ քաղաքականությանը: Իսկ հետո ԱԺ մի շարք պատգամավորներ ՀԿ-ին աջակցելու համար պարգեւատրվեցին շնորհակալագրերով եւ հուշանվերներով:
ՓՁԶՀՄ ՀԿ գործունեության հաշվետվությունը ներկայացրեց Ստեփան Ասլանյանը: Նա ասաց, որ իրենք խիստ վճռական են լինելու եւ փոքր ու միջին ձեռներեցների նկատմամբ կատարված ամեն մի ոտնձգության դեմ պայքարելու եւ անընդմեջ մամուլում քննարկելու են: «Հսկիչ-դրամարկղային մեքենաները (ՀԴՄ) տերերով օբյեկտներում բուտաֆոր բնույթ ունեն, իսկ ավելի խեղճ օբյեկտները պարտադիր վճարում են իրենց ամսական հարկերը, որովհետեւ փոքր եւ միջին ձեռներեցները պաշտպանված չեն», նշեց պրն Ասլանյանը: Նրա խոսքերով, քանի որ շատ են կենսաթոշակային ֆոնդից եկամտահարկերի ավելորդ գանձումների, տուրքերի համար ստեղծված անընդունելի մեխանիզմներից եւ այլ հարկերից ստացված դժգոհությունները, պետք է ամեն ինչ անել հարկային դաշտը կարգավորելու, փոքր եւ միջին ձեռներեցության բոլոր ոլորտներում հստակություն մտցնելու եւ ձեռներեցների պաշտպանվածությունն ապահովելու համար:
Մի շարք ելույթներից հետոՙ համագումարի վերջում ընտրվեցին ղեկավար մարմիններ:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ