«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2004-10-27 | #191, 2004-10-28 | #192, 2004-10-29


ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ ԼԵՀ ՈՒՍԱՆՈՂԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՆ ԱՊԱՐԴՅՈՒՆ ԱՆՑԱՆ

«Ազգի» այս տարվա 161-րդ համարում հրատարակել էինք հոդված, որ Կրակովի Յագելլոնյան համալսարանի պատմության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող, 24-ամյա Ռաֆալ Ենդրաշիկը 2002 թ. ամռանն անհետ կորել է Թուրքիայի արեւելյան շրջանները կատարած ուղեւորության ժամանակ: Դրանից երկու տարի առաջ նա եղել էր Թուրքիայում, բարձրացել Սիփան սարի գագաթը, հետո ժամանել էր Հայաստան: Մատենադարան եկած ժամանակ նա պատմել էր ինձ հայ-թուրքական հարաբերություններով ու Ղարաբաղի պատմությամբ զբաղվելու իր ծրագրերի մասին:

2002 թ. ուղեւորության ժամանակ նա որոշել էր տեսաֆիլմ նկարահանել Հայոց մեծ եղեռնի, հայ-թուրք-ադրբեջանական հարաբերությունների մասին, տեսագրել այդ թեմայի շուրջ հարցազրույցներ: Նա ծրագրել էր Լեհաստան վերադառնալուց առաջ կրկին լինել Հայաստանում: Նա ցանկացել էր մեկնել Ադրբեջան եւ քանի որ այդ երկիրը Լեհաստանում դեսպանատուն չունի, ադրբեջանական վիզա էր վերցրել Թուրքիայում: Մտադիր լինելով այցելել նաեւ Ղարաբաղՙ Ռ. Ենդրաշիկը Կրակովի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Անջեյ Պիսկիչից հանձնարարական նամակ էր վերցրելՙ ուղղված Ստեփանակերտում ապրող ուսուցչուհի Սիրուն Բաղդասարյանին:

Վերջին անգամ ծնողների հետ հեռախոսով Ռաֆալը կապվել էր Վան քաղաքից 2002 թ. մայիսի վերջերին կամ հունիսի սկզբներին: Խիստ անհանգստացած Ռաֆալի անհետացումից, նրա հարազատները դիմել էին Թուրքիայի արտաքին եւ ներքին գործոց նախարարություններին: Պատասխանում ասվում էր, որ նա մուտք է գործել Թուրքիա, բայց այնտեղից դուրս չի եկել: Չդիմանալով որդու կորստյան ցավինՙ Ռաֆալի հայրն այս տարվա գարնանը մահացել էր:

Լեհ ուսանողի անհետացումը մեծ աղմուկ է հանել Լեհաստանում: Այդ մասին գրել են լեհական թերթերը, տրվել են ռադիո եւ հեռուստատեսային հաղորդումներ: Ռաֆալին որոնող արշավախումբ էր մեկնել Թուրքիա, որի կազմում եղել են Ռաֆալի մայրըՙ պանի Քրիստինա Ենդրաշիկը, մտերիմ ընկերները, լեհական հեռուստատեսության թղթակիցներ եւ թուրքերենին լավ տիրապետող մի լեհ թարգմանիչ:

Թուրքիայի արեւելյան շրջաններում ապարդյուն որոնումներ կատարելուց հետո արշավախումբը վերադարձել է Լեհաստան: Լեհական TBN հեռուստատեսային ծրագրով հաղորդում է տրվել արշավախմբի որոնումների մասին: Արշավախմբի անդամները հաշվետվություն են հրապարակել նաեւ «Ռաֆալի որոնումները Թուրքիայում» վերտառությամբ բացված հատուկ ինտերնետային էջում:

Արշավախումբը Թուրքիա է մեկնել օգոստոսի 16-ին եւ վերադարձել սեպտեմբերի 1-ին, անցել է շուրջ 6000 կմ ճանապարհ: Նախ նրանք եղել էին Ստամբուլում, հետո ուղեւորվել արեւելք: Եղել են Մարդինում, Մոր Գաբրիելում, Դիարբեքիրում, Դատվանում, Վանում, Աղթամար կղզում, Նարեկա վանքի շրջապատում, Դոգաբայազետում, Կարսում, Անիում, Գավասթեփեում եւ այլ վայրերում: Նրանք հանդիպում են ունեցել ասորական եպիսկոպոս, Մոր Գաբրիել վանքի առաջնորդ Թուր Աբդինի հետ: Ցանկացել են հանդիպել նաեւ Կ. Պոլսի պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյանի հետ, որը նրանց չի ընդունել հիվանդ լինելու պատճառով: Բայազետում նրանք զրուցել էին Արարատ լեռան ժանդարմական շեֆի հետ: Շատ հարցերում նրանց օգնել է Թուրքիայում մարդու իրավունքների խախտման դեմ պայքարող կազմակերպության նախագահը:

Լեհական հեռուստատեսությամբ շատ հուզիչ ելույթ է ունեցել Ռաֆալի մայրըՙ պանի Քրիստինան: Նրա խոսքից զգացվել է, որ կորցրել են Ռաֆալի հետքերը գտնելու հույսը: Ռաֆալի այցելած վայրերի թուրք գյուղացիները, որոնց ցույց են տվել Ռաֆալի լուսանկարը, հայտնել են, որ երբեք չեն տեսել այդպիսի մի մարդու: Տեսաֆիլմից երեւում է, որ նրանք վախենում էին խմբին ուղեկցող թուրք ոստիկաններից: Ենթադրվում է, որ տեղեկանալով Ռաֆալի ծրագրերի մասինՙ նրան սպանել են թուրքական գաղտնի ոստիկանության աշխատակիցները: Նրանց հավանորեն հրահանգ է տրվել վերացնել Թուրքիայում Հայոց մեծ եղեռնի մասին ուսումնասիրություններ կատարող այդ եվրոպացուն: Թուրքերը չէին մոռացել մեկ այլ լեհ հեղինակիՙ Բոգդան Գեմբարսկու «Նամակ իմ հին թուրք բարեկամին» վերնագրով ընդարձակ հոդվածը, որը 60-ական թվականների սկզբին մեծ աղմուկ հանեց աշխարհում: Հայ ժողովրդի բարեկամ Մարիա Գրոխոլսկայայի հայերեն թարգմանությամբ այդ հոդվածը սկզբում տարածվեց Հայաստանում, հետո սփյուռքում, թարգմանվեց բազմաթիվ լեզուներով եւ զգալի ազդեցություն ունեցավ Մեծ եղեռնի 50-ամյակի կապակցությամբ Հայաստանում սկսած շարժումների վրա:

Եվ այսպես, Եվրոմիության մեջ համառորեն խցկվել ցանկացող ու առերես ահաբեկչությունը դատապարտող թուրքական պետությունն ամենեւին չի հրաժարվել ահաբեկչության միջոցով մեջտեղից վերացնելու բոլոր նրանց, ովքեր կանգնած են Հայկական Մեծ եղեռնը դատապարտողների շարքում: Ռաֆալ Ենդրաշիկը պատրաստվում էր ուսումնասիրել մարդկության պատմության մեջ տեղի ունեցած այդ հրեշավոր ոճրագործությունը եւ, անշուշտ, հանդես կգար դրա դատապարտմամբ, ուստի եւ այդ ոճրագործությունն ամեն կերպ ժխտողները գործեցին մեկ այլ ոճրագործությունՙ անցանկալի այդ մարդուց ընդմիշտ ազատվելու համար:

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Պատմական գիտությունների դոկտոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4