«Այս տարի եւս մեծ ղալմաղալով տօնուեցաւ «Մէկ Ազգ, Մէկ Մշակոյթ» փառատօնը: Երեւոյթը հոգեթով էր: Միայն յիշենք, թէ հայրենիքի մէջ «Մեկ»-ը մեզ մօտ «ՄԷԿ» է:
Անցինք: Կարելի՞ է հարց տալ, թէ մենք քանի ազգ ենք, քանի որ այս հարցը այնպիսի ձեւով մը դրուած էՙ կարծես թէ մի քանի ազգ ենք: Նոյնը «մշակոյթ» բառին մասին: Հոս ալ զանազան հայկական մշակոյթներ չունինք: Ունինք մէկ մշակոյթ, որը դարերու հոլովոյթին հետ հասած է այսօրուան վիճակինՙ պատրաստ սրսկումներու:
Այսպէս ուրեմն, մէկ ազգ ենք եւ մէկ մշակոյթ ունինք, խճանկարային երանգաւորումներով: Ասոր վրայ պէտք է աւելցնենք նաեւ «մէկ գրպան» լոզունգը: Առանց գրպանի ոչինչ կարելի է ընել, պայմանաւ որ այդ «մէկ գրպանը» ծակ չըլլայ: Գրպան, ըստ բառարանին, «զգեստի մէջ կարուած քսակ» ըսել է: Ափսոս, որ այսօր կան բազմաթիւ գրպաններ, որոնք քսակի դեր չեն կատարեր...»:
Ներկայացված հատվածը քաղված է Բեյրութի «Արարատ» եւ Լոս Անջելեսի «Նոր օր» շաբաթաթերթում տպագրվող Արմեն Հարությունյանի պարբերական նամակներից: Տասը տարի շարունակ բեյրութահայ գործարարը (զբաղվում է առեւտրաարտադրական գործունեությամբ, «Վալս» վաճառանիշով գեղեցկագիտական (կոսմետիկական) ապրանքների արտադրությամբ)ՙ ազգային-հասարակական կյանքով ապրող եւ դրան գործուն մասնակցություն բերող հրապարակագիրը, սփյուռքահայ մամուլում («Զարթօնք», «Նաիրի», «Արարատ») հանրության ուշադրությունն է հրավիրում սփյուռքյան եւ հայաստանյան իրականության մեջ կատարվող բազում երեւույթների խոցելի ու արատավոր կողմերինՙ կրթական, մշակութային, եկեղեցական, հասարակական, բարոյականության եւ նմանաբնույթ հարցերին վերաբերող: Վերլուծաբանի խուզարկու հայացքից չի վրիպում եւ ոչ մի մանրուք, մարդկային բնույթին հատուկ որեւէ արատ, մեր ազգային նկարագրին բնորոշ թերություններ ու սովորույթներ: Ոճըՙ կտրուկ, անմիջական, ասելիքըՙ հստակ, ուղղամիտ: Իր նամակ-հիշեցումները իրականությունը զգոնացնելու եւ ախտազերծելու նպատակով են գրվում, որոնցում հիշվում են նաեւ մարդիկ, ովքեր անաղմուկ ապրած իրենց կյանքում թողեցին արժանավոր, բայց չգնահատված գործեր:
- Պրն Հարությունյան, ձեր զբաղմունքի տեր մարդիկ կարծես այնքան էլ մտահոգված չեն լինում ազգային-հասարակական հարցերով, գոնե Հայաստանում նրանց մեծամասնությունն առայժմ զբաղված են դրամասիրական-ընչակուտակման գործունեությամբ: Ի՞նչն է ձեզ մղում հասարակական- բարեսիրության ոլորտ:
- Ազգային գործունեությունը սկսած եմ երիտասարդությանս շրջանեն: Եղած եմ ՀԲԸՄ-ի վարչության անդամ, Այնթապի հայրենակցական միության ատենապետ, Բարեգործականի շրջանակայինի փոխատենադպիր: 20 տարի հետո ՀԲԸ Միության պաշտոնես «հանգստի կոչվեցա», բայց տարիքը չէր պատճառը: Անձնական միջոցներով ինչ որ կրնամ օգտակար ըլլալ, ըրած եմ, մանավանդ ազգային արժեքներու պահպանման գծով: Տասը տարիէ ի վեր մամուլում հրապարակախոսական բնույթի նամակներով հանդես կու գամ: Այդ նամակներուս շարքը բոլորովին դիպվածով սկսա: Առաջին նամակը Լեւոն Վարդանի մասին էր, ընթերցողները շատ խրախուսեցին, որոշեցի շարունակել: Այսօր 194-րդ նամակն արդեն տպված է: Լեւոն Հախվերդյանը շատ կհավներ այդ նամակները եւ կքաջալերեր, որ գրեմ:
Նամակներուս նյութը դպրոցն է, ուսուցիչները, եկեղեցին եւ որեւէ այլ խնդիր, որ առնչություն ունի մեր ազգապահպանման հետ: Քանի որ այն նկարագիրը, որ կերտվեցավ մեր դպրոցական օրերու մթնոլորտին Հալեպի մեջ, ուր մենք կապրեինքՙ ընտանեկան ըլլար, դպրոցական, թե միութենականՙ մեզի տարբեր բաներ սորվեցուց: Ցավոք սրտի, այսօր կտեսնենք, որ այդ չափանիշները գոյություն չունին եւ ատիկա ինձի ցավ կուտա: Նամակները սկսած եմ գրել «Զարթօնք» թերթին մեջ, այնուհետեւՙ «Արարատի»:
- Բազմաթիվ գրքերի հրատարակություններ հովանավորվել են ձեր կողմից: Հրապարակված նամակներից երեւում է գրականության նկատմամբ ունեցած նախասիրությունը, սկզբունքային ընտրությա՞մբ եք ստանձնում դրանց հովանավորությունը, թե՞ պատահական բնույթ է կրում: Դուք նաեւ ուսուցիչների բարեգործական ֆոնդի հիմնադիրն եք, մի փոքր մանրամասնեք ձեր գործունեության այդ ոլորտը:
- Տասը տարիէ ի վեր գիրքերու հովանավորությամբ կզբաղիմ: Կարեւորը գրող մը գնահատելու կարելիությունն է: Ես տարբերություն չեմ դներ կաթոլիկի, բողոքականի կամ առաքելականի միջեւ, կարեւորը գիրքին արժեքն է, որ ինծի մտածել կուտա: Տպագրված բոլոր գիրքերը ձրի կբաժնեմ եւ մեր վաճառատան մեկ բաժինը գրատուն է:
Արմեն Հարությունյանի մեկենասությամբ տպագրվել են հայ ազգային-ազատագրական պայքարին, հայոց պատմությանը, մշակույթին, ազգային կյանքին վերաբերող մի շարք գրքեր: Թվարկենք մի քանիսըՙ Հայր Լեւոն Զեքիյան «Ինքնութեան խճանկար», Անդրանիկ Ծառուկյան «Առկայծող հայեր Եվրոպայի լոյսերուն մէջ», Լեւոն Հախվերդյան «Մենք եւ մեր դժար ժամանակը», Լեւոն Վարդան «Հայկական 15-ը թուրք մատենագիտութեան եւ մամուլին մէջ եւ մենք», Գասպար Տերտերյան «Եկեղեցի եւ պետութիւն» եւ այլն, պատրաստվում է տպագրության «Տոմար արձանագրութեան հայ ազգային միության», Գարեգին քհն. Պողարյան «Օրագրութիւն Այնթապի ինքնապաշտպանութեան», Գեւորգ Խռլոպյան «Ցեղասպանագիտութիւն» եւ այլն:
Լիբանանյան պատերազմի ամենադժվար օրերուն, երբ Բարեգործականի շրջանակային հանձնաժողովի անդամ էի, ուսուցիչներու ծանր կացությունը, ամսական ստացած չնչին գումարը, ինձի մտահոգություն պատճառեցին եւ Բարեգործականի մոտ ֆոնդ մը հիմնեցի, որուն տոկոսներով 19 ուսուցչուհիներՙ հայերենի եւ հայոց պատմության, մեկ ամսական լրացուցիչ ստացան: Այդ ֆոնդի գործունեությունը տեւեց 10 տարի:
Քանի դպրոցներու մասին խոսեցանք, ըսենք, որ Բարեգործականը ազգաշահ այնքան գործունեություն ծավալած է, որ այս մեկըՙ Մելգոնյանի փակման հետ կապված, չի վայելեր, ինչպիսի պատճառներ որ ըլլան, մեզի համար ամոթ մըն է:
- Դեռեւս խորհրդային տարիներին Այնթապում կառուցվեց եւ երկար տարիներ գործում էր ժանյակի ֆաբրիկա, որ այնթապցիների նվերն էր հայրենիքին: Ապաշնորհ ու տգետ սեփականաշնորհման հետեւանքով այսօր այդ ֆաբրիկան դատապարտվել է անգործության: Ինչպիսի՞ վերաբերմունք ունեք այս հարցի առնչությամբ:
- 1975 թվականին Հայաստանի իշխանություններուն փափագ մը հայտնեցինք, որ որեւէ գյուղ մը կոչվի Նոր Այնթապ: Այն ատեն կառավարությունը մեզի ընդառաջեց, եւ մենք ալ որպես երախտագիտություն որոշեցինք ժանյակի գործարան մը հիմնել: Բեյրութի մեջ ժողով մը գումարվեցավ Այնթապի մեծ բարերար Երվանդ Դեմիրճյանի բնակարանը, Ամերիկայեն, Սուրիայեն, Ֆրանսայեն պատգամավորներու մասնակցությամբ եւ որոշում առնվեցավ ֆաբրիկի ծրագիրը ի գործ դնել: Այդ ժողովին ընթացքին հանգանակությունը ինքս բացված հայտարարեցի 10.000 դոլարով: Իմ դպրոցիս տնօրենըՙ Գրիգոր Պողարյանը, 1000 դոլար խոստացավ, որ իր ամբողջ խնայողությունն էր 40 տարվա: Ադկե ետք նոր հանգանակություններ եղան Ֆրանսայեն, Ամերիկայեն եւ ժանյակի գործարանին արդիական մեքենաները գնեցինք, մինչ այդ մեծ դժվարություններով ֆաբրիկը կառուցված էր եւ սկսավ աշխատանքը: Արտասահմանեն եկողներուն իբրեւ տիպար գործարան կներկայացնեին: Անկախութենեն ետքը տեղեկացանք սեփականաշնորհումներու մասին, որոշեցինք 150.000 դոլարով մենք ալ մասնակցիլՙ Լիբանանենՙ ես (50.000), Փարիզենՙ Գեւորգ Բաքրջյան (50.000) եւ Ամերիկայեն Կարապետ Սուլահյան (50.000), սակայն իմացանք, որ արդեն սեփականաշնորհեր են: Անշուշտ, մեծ տխրությամբ ընդունեցինք այդ լուրը, որովհետեւ ատիկա սփյուռքի այնթապցիներու նվերն էր հայրենիքին: 2-3 տարի առաջ այցելեցինք ֆաբրիկը, անշուշտ սարքավորումները հոն չէին:
Գերմանական «Կարլ Մայեր» աշխարհահռչակ 5 սարքավորումներով Այնթապի ժանյակի ֆաբրիկան Խ. Միությունում Լենինգրադից հետո երկրորդն էր, որտեղ 45 նման մեքենաներ կային: Ֆաբրիկան արտադրում էր բամբակե եւ բրդյա գուլպաներ մինչեւ 15 տարեկան երեխաներու համար: Այսօր ֆաբրիկան չի գործում:
- Այս էլ որերորդ անգամ հերթական հուսահատական պատմությունն ենք լսում: Որեւէ առաջարկություն ունե՞ք արդյոք:
- Հակառակ անոր, որ կառավարությունն ի պատիվ մեր հերոսամարտին հուշարձան մը կանգնեցուց, իսկ Յաղսզյան ընտանիքն ալ աղբյուր մը շինեց, բուն «հերոսը»ՙ ֆաբրիկը, գոյություն չունի այսօր: Եթե մեզի վերադարձնեն շենքը, մենք կմտածենք արտասահմանյան ներդրումներ ընելու մասին, ինքս կրնամ սկսիլ կոսմետիկայի ձեռնարկություն մը: Բայց մեզմէ ոչ իսկ ներողություն խնդրվեցավ, ինչպես Բարեգործականի Գյումրիի մեջ կառուցած 5 մլն դոլարնոց մթերային հսկա սառնարանի պարագային, որ ծախվեցավ ընդամենը 150.000-ի: Ասիկա ընդունելի չէ, վստահություն չի ներշնչեր արտասահմանյան նոր ներդրումներ ընելու:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ