Այս վերնագրով գիրքը վերջերս լույս է տեսել Երեւանում: Աշխատության հեղինակն արդեն կյանքից հեռացած հայտնի ջութակահարուհի, Հայաստանի վաստակավոր արտիստուհի, պրոֆեսոր, հրապարակախոս եւ գիտնական Անահիտ Միքայելի Ցիցիկյանն է:
Լենինգրադում եւ Մոսկվայում ջութակի կատարողական արվեստի ռուսական հիմնարար դասական դպրոց անցած Ա. Ցիցիկյանը տարիներ շարունակ համերգային ակտիվ գործունեություն ծավալեց, հյուրախաղերով հանդես եկավ ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում, աշխարհի 27 երկրներում: Նա հայ ջութակահարներից առաջինն էր, որ ձայնապնակ թողարկեց «Մելոդիա» ֆիրմայում եւ ժողովրդականություն նվաճեց 20-րդ դարի երկրորդ կեսին: Արդեն 1949 թ. «Խորհրդային Միության երիտասարդ երաժիշտները» գրքում Ա. Ցիցիկյանի անունը նշվում էր այնպիսի կատարողների կողքին, ինչպիսիք են Լ. Կոգանը, Մ. Ռոստրոպովիչը, Գ. Կոզոլուպովան, Դ. Շաֆրանը: Հետագայում Երեւան տեղափոխվելովՙ 40 տարուց ավելի տեղի կոնսերվատորիայում մանկավարժական գործունեությամբ զբաղվելուց բացի, նա զբաղվում էր հրապարակախոսությամբ եւ գործիքագիտության ոլորտի գիտական հետազոտություններով:
Լինելով համակողմանիորեն ստեղծագործող անձնավորություն, նա իր կյանքը նվիրեց ինչպես հայ երաժշտության տարածմանը, այնպես էլ դրա պատմության հետազոտմանըՙ էական դեր խաղալով ջութակի ազգային կատարողական դպրոցի զարգացման մեջ:
«Հայկական աղեղնային արվեստը» եզակի հրատարակություն է (տպաքանակն ընդամենը 500 օրինակ է), ազգային գործիքային եւ կատարողական արվեստի զարգացման պատմության ասպարեզում Անահիտ Ցիցիկյանի բազմամյա հետազոտության արդյունքը: Այս աշխատությունը 1977 թ. հայերեն լույս տեսած համանուն գրքի երկրորդ, լրացված հրատարակությունն է: Չնայած նախապես գիրքը գրվում էր ռուսերեն, հեղինակը, լինելով մեծ հայրենասեր, ցանկացավ սկզբում այն լույս ընծայել մայրենի լեզվովՙ միաժամանակ չհրաժարվելով իր հետազոտությունը ռուսերեն լուսաբանելու գաղափարից: Ա. Ցիցիկյանի այդ երազանքն իրականացավ նրա դստերՙ Նունե Շամախյանի շնորհիվ: Մոտ 5 տարի առաջ Երեւանում նրա ստեղծած «Անահիտ» մշակութային հիմնադրամը շարունակում է Ցիցիկյանի գիտական հետազոտությունները, ինչպես նաեւ համակարգում եւ հրապարակում է նրա արխիվները: Այս հիմնադրամի գործունեության շնորհիվ հրատարակվեցին ձեռագրեր եւ հնարավոր դարձավ ներկա հրատարակությունը: Վերջերս Արվեստագիտության պետական ինստիտուտի Մարմարե դահլիճում տեղի ունեցավ «Հայկական աղեղնային արվեստը» գրքի շնորհանդեսը: Այդ իրադարձությունն արժանացավ Մոսկվայի երաժշտասեր հասարակայնության ուշադրությանը եւ հավաքեց ջութակի արվեստի զգալի թվով երկրպագուների:
Շնորհանդեսին ներկա գտնվողները հնարավորություն ունեցան ծանոթանալու գրքին: Ելույթ ունեցան Ա. Վ. Լեբեդեւա-Եմելինան, Ն. Վ. Շամախյանը, Ն. Գ. Շահնազարովան, Ն. Ա. Գաբրիելյանը, որոնք անձամբ այս կամ այն չափով ճանաչում էին հեղինակին: Նրանք ոչ միայն համառոտակի անդրադարձան գրքին եւ ծանոթացրին դրա ստեղծման պատմությանը, այլեւ բավական շատ հետաքրքրական բաներ պատմեցին Ա. Ցիցիկյանի մասին: Բազմաթիվ ջերմ խոսքեր ասվեցին նրա արտասովոր անհատականության մասին: Ն. Ա. Գաբրիելյանը ներկայացրեց Ա. Ցիցիկյանի ոգեշունչՙ հուզիչ «Քնարական դիմանկարը»ՙ նրան անվանելով «մեծ ու մեծահոգի կին», որն ունեցել է ոչ միայն վառ ու լայնընդգրկուն ձիրք, ապշեցուցիչ եռանդ ու խանդավառություն (որոնք նրան թույլ տվեցին պատմության մեջ մտնել որպես կարկառուն ջութակահար եւ հայ արվեստի հետազոտող), այլեւ զարմանալի հմայք եւ բարյացակամություն: Հեղինակին «արտասովոր անձնավորություն» անվանեց նաեւ Ն. Գ. Շահնազարովանՙ ընդգծելով նրա, որպես Հայաստանում նոր գիտությանՙ երաժշտական հնագիտության հիմքը դրած գիտնականի ակնառու ավանդը հայկական արվեստի պատմության մեջ:
Այնուհետեւ երեկոն զարդարեց համերգը, որին մասնակցեցին երիտասարդ կատարողներ Գոհար Մանվելյանը եւ Քսենիա Կրյաժեւան, Նարեկ եւ Գայանե Հախնազարյանները, Մարիա Ժելտովան, Իգոր Բալաշովը եւ Եվգենիա Կապանաձեն, Աննա Ագլատովան եւ Անտոնինա Կադոբնովան, Յակով Կացնելսոնը: Նրանց մեջ կուզենայի առանձնացնել Աննա Ագլատովային (սոպրանո), որն ունի ոչ միայն հիանալի, բազմերանգ տեմբր եւ ձայնարտաբերման անսովոր թեթեւություն, այլեւ երգեցողության բարձրագույն կուլտուրա, ինչպես նաեւ նրբարվեստ դաշնակահար Յակով Կացնելսոնին: Այվազյանի եւ Կասսադոյի ստեղծագործությունները մեծ զգացմունքով, ազատությամբ եւ անմիջականությամբ կատարած տաղանդավոր պատանի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի ելույթը դարձավ գրքի յուրօրինակ լուսաբանումըՙ հաստատելով, որ հայկական աղեղնային արվեստն իր կյանքը շարունակում է նաեւ ի դեմս երիտասարդ կատարողների: Շնորհանդեսը եզրափակած թեթեւ ճաշկերույթը դրա բոլոր մասնակիցներին ընձեռեց ծանոթանալու եւ շփվելու հնարավորություն:
«Ես ուզում եմ աշխարհին պատմել հայերի երաժշտության, իսկ հայերինՙ աշխարհի երաժշտության մասին». իր համար այս կարգախոսն էր ընտրել Անահիտ Ցիցիկյանըՙ ձեռնամուխ լինելով իր գրքի ստեղծմանը: Եվ դա նրան լիովին հաջողվեց: Գրքի առաջին մասը բացում է հայկական մշակույթի նոր էջ, որը նշանակալի է նաեւ եվրոպական ամբողջ աղեղնային մշակույթի համար. այնտեղ բարձրացվում են անցյալում երբեք չմշակված հիմնահարցերՙ հայկական աղեղնային արվեստի ծագումն ու ձեւավորումը, հին գործիքակազմի եւ կատարողական արվեստի պատմության հարցեր: Դա հիմնարար հետազոտություն է, որն ընդգրկում է ակունքներից մինչեւ 20-րդ դարի սկիզբն ընկած պատմական ժամանակաշրջանը: Անչափ հետաքրքրական են Ցիցիկյանի հայտնագործումները գործիքագիտության բնագավառում. նա հավելյալ տեղեկություններ է բերում Եվրոպայի աղեղնավոր գործիքների վաղ պատմությանըՙ երաժշտագիտության այդ բնագավառը հարստացնելով հին հայկական մշակույթի հետ կապված նյութերով: Մասնավորապես, մեծ հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի հին մայրաքաղաք Դվինում պեղումների ժամանակ հայտնաբերված 10-րդ դարի սկահակի վրայի աղեղնավոր գործիքը, որի նկարագրությունը տրվում է գրքում:
Բացի դրանից, գրքի առաջին մասում քննվում է պրոֆեսիոնալ աղեղնային արվեստի զարգացումը, որտեղ հեղինակն առանձնացնում է երկու ճյուղՙ ջութակի եվրոպական դպրոցներին միտված արեւմտահայ եւ իր զարգացման մեջ ռուսական երաժշտական մշակույթին օրգանապես կապված արեւելահայ ճյուղերը: 19-րդ դարում զուգահեռաբար զարգացած այդ ճյուղերից յուրաքանչյուրը տվել է փայլուն կատարողների մի ամբողջ համաստեղություն, որոնք հաճախ մրցակցել են եվրոպացի նշանավոր երաժիշտների հետ: Իր հետազոտությունը հասցնելով մինչեւ 20-րդ դարի սկիզբը, Ցիցիկյանը նշում է այն ուղիները, որոնցով հետագայում զարգացել է հայկական աղեղնային արվեստը: Տվյալ մասի տեքստերի հիմքը կազմել են ամենատարբեր աղբյուրներՙ Մատենադարանի ձեռագրեր, արտասահմանից բերված նյութեր, թերթերի կտրածոներ:
Ա. Ցիցիկյանը չհասցրեց ավարտել իր հետազոտության երկրորդ մասը, ուստի գրքի կազմող ու խմբագիր Ն. Շամախյանն անհրաժեշտ է համարել տվյալ հրատարակությանն ավելացնել Հայաստանի աղեղնային արվեստի թեմային առնչվող հոդվածների շարք: Այսպիսով, գրքի երկրորդ մասն առաջինի տրամաբանական շարունակությունն է եւ լուսաբանում է հայկական աղեղնային արվեստի զարգացման պատմության հաջորդ ժամանակաշրջանըՙ 20-րդ դարը: Այնտեղ հավաքված են հեղինակի ինչպես անտիպ, այնպես էլ տարբեր տարիների պարբերական մամուլում տպագված հոդվածները, որոնք նվիրված են առանձին կատարողների, ջութակի դպրոցներին, մշակույթի օջախներին, հայկական եւ ռուսական մշակույթների փոխադարձ կապին, Մոսկվայում եւ Լենինգրադում աշխատած խոշորագույն խորհրդահայ մանկավարժներին, ինչպես նաեւ արտերկրում ստեղծագործած կատարողական արվեստի որոշ փայլուն ներկայացուցիչների: Նախաբանում նշվում է. «Նյութի ընտրությունը բնավ չի նշանակում, թե այստեղ ներկայացված են տվյալ ժամանակաշրջանի առավել նշանակալի երաժիշտների անունները: Այնտեղ անձինք են, որոնց ստեղծագործության մասին Ա. Ցիցիկյանը հասցրել է գրել, լոկ կյանքից առնված պատկերներ, 20-րդ դարի հայկական աղեղնային արվեստի ընդհանուր խճանկարի հատկանշական մանրամասներ»:
Ոչ հեղինակը, ոչ էլ խմբագիրը չեն հավակնել հայկական կատարողական մշակույթի տվյալ ոլորտի երեւույթների լիակատար ընդգրկմանՙ ընդգծելով, որ դա թեմայի ձեւավորման լոկ առաջին փուլն է: Այդուհանդերձ, դա շատ կարեւոր փուլ է. ըստ էության, գրքում առաջին անգամ շարադրված է հայկական լարային-աղեղնային կատարողական արվեստի պատմության ամբողջական պատկերը: Ն. Շամախյանի խոսքերով, ներկայացված է «տարրերի ինչ-որ աղյուսակ, որտեղ պակասող օղակները կարող են ավելացնել գալիք սերունդները»:
Գիրքն ունի նաեւ արժեքավոր համակարգված հավելված, որը ներառում է Անահիտ Ցիցիկյանի 1956-98 թթ. առավել նշանակալի աշխատությունների եւ զեկուցումների ցանկը, անունների եւ օգտագործված ու մեջբերվող գրականության ցուցակները: Գրքի կենդանի, գրավիչ լեզուն, ինչպես նաեւ այնտեղ հավաքված եզակի լուսանկարները, որոնց մեջ շատ են ձեռագրերի նյութերի եւ 19-րդ դարավերջի-20-րդ դարասկզբի երաժիշտների պատկերները, այն հետաքրքրական են դարձնում ոչ միայն պրոֆեսիոնալների, այլեւ երաժշտասերների համար: Գրքին կարելի է ծանոթանալ Մոսկվայի բոլոր երաժշտական գրադարաններում:
Այդ աշխատության նշանակությունը, իհարկե, դուրս է գալիս հայ ժողովրդի երաժշտական զարգացման պատմության շրջանակներից: Մի կողմից, Ա. Ցիցիկյանի հետազոտություններն ընդլայնում են Եվրոպայի աղեղնավոր գործիքների զարգացման պատմական պատկերը: Մյուս կողմից, հայկական կատարողական արվեստի պատմության լուսաբանումը, ինչպես մայր հայրենիքում, այնպես էլ դրա սահմաններից շատ հեռու աշխատած բազմաթիվ աշխարհահռչակ հայ երաժիշտների գործունեության գնահատումը լրացնում են ամբողջ խորհրդային եւ համաշխարհային կատարողական արվեստի պատմությունը:
«Բազմադարյա պատմությունը եւ խորհրդային ժամանակահատվածի հինգ տասնամյակներն ասես երկու թվարկություններ լինեն հայ ժողովրդի համար, եզրակացնում է Անահիտ Ցիցիկյանը: Բազմիցս ասպատակությունների ենթարկված հսկայական պետությունՙ Նաիրի-Հայաստան երկիր եւ այսօրվա փոքրիկ Հայաստանՙ իր բարգավաճ եւ վերածնված մշակույթով: Եվ եթե անցյալում վերքերը ծնում էին երգեր, ապա այժմ երգերը բուժել են այդ վերքերը, գույների պայծառ ներդաշնակության մեջ արտացոլելով բանաստեղծական երկրամասը եւ սեփական ժողովրդի գործերըՙ որպես աշխատանքի, տաղանդի, մարդկային ոգու վեհության օրհներգ»:
ԵՎԳԵՆԻԱ ԱՐՏԵՄՈՎԱ, Երաժշտագետ, Մոսկվա