«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2004-10-28 | #192, 2004-10-29 | #193, 2004-10-30


ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Երեկ Գյումրիում մեկնարկեց Շիրակի պատմամշակութային ժառանգությանը նվիրված հանրապետական հերթական եռօրյա գիտաժողովը, որին մասնակցում են հայագիտության տարբեր ոլորտները ներկայացնող հինգ տասնյակից ավելի գիտնականներ մայրաքաղաքի եւ տեղի ակադեմիական, բուհական, թանգարանային եւ այլ հաստատություններից:

Շիրակի մարզկենտրոնում երկու տարին մեկ կանոնավորապես գումարվող այս գիտական նստաշրջանները, որոնք մայրաքաղաքից դուրս հայագիտության զարգացման կարեւոր խթան են դարձել, արդեն տասը տարվա պատմություն ունեն: Սկիզբ առնելով 1994 ցուրտ ու մութ թվականին, ահավոր աղետից տակավին կիսավեր ու լքված քաղաքի երիտասարդ գիտնականների ջանքերով, առաջին երկու նման ներկայացուցչական գիտական հավաքներն ամեն ինչից բացի նաեւ բացահայտեցին մարզում հայագիտական հետազոտությունների մակարդակն ու տեղի գիտական ներուժի իրական հնարավորությունները, որոնք հաշվի առնելով էլ 1997-ին Գյումրիում ստեղծվեց եւ գործում է ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը: Արդեն վերջինիս կողմից կազմակերպված հաջորդ երեք գիտաժողովները մի կողմից հանրագումարեցին հետաղետյան շրջանում Շիրակի հոգեւոր եւ նյութական մշակույթի մասունքների ուսումնասիրությունների արդյունքները մեր երկրում, մյուս կողմից նպաստեցին հստակեցնելու այդ հետազոտությունների հիմնական ուղղությունները նորՙ 21-րդ դարի շեմին: Անցած հինգ նստաշրջանների ընթացքում ընդհանուր առմամբ ներկայացվել եւ գիտական շրջանառության մեջ են դրվել 290 գիտական զեկուցումներ, հրապարակումներ ու հաղորդումներՙ նվիրված մարզի եւ պատմական գավառի հնագիտական հուշարձանների (Շիրակավան, Դրասխանակերտ, Հառիճ, Հայկաձոր, Սարատակ, Ամբերդ, Կումայրի եւն) ուսումնասիրության, կատարվող ազգագրական (արհեստներ, ծիսապաշտամունքային համակարգ, կենցաղ, ավանդույթներ, սովորություններ), պատմագիտական, մարդաբանական, ազգահոգեբանական, լեզվական, արվեստաբանական, սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներին ու խնդիրներին: Բոլոր զեկուցումների հիմնադրույթները հրապարակվել են առանձին ժողովածուներով, իսկ դրանցից լավագույնները ծավալուն հոդվածների ձեւով տպագրվել են Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի «Գիտական աշխատություններ» ժողովածուի մինչեւ այժմ լույս ընծայված վեց համարներում:

Ներկա գիտաժողովը, որը թվով վեցերորդն է, նպատակ ունի հայտածելու պատմագավառի հարուստ ազգագրության ու բանահյուսության, հնագիտության ու ճարտարապետության, բարբառագիտական ու էթնոսոցիոլոգիական հետազոտությունների արդի մակարդակը եւ նպաստելու շիրակագիտական մտքի վերջին շրջանի ձեռքբերումների համակարգմանը: Նստաշրջանի ընթացքում նախատեսվում են նաեւ այցելություններ պեղավայրեր, քաղաքի կրթական, մշակութային ու թանգարանային հաստատություններ:

Շիրակի պատմամշակութային ժառանգությանը նվիրված հանրապետական վեցերորդ գիտաժողովի բացմանը մասնակցեցին եւ արդյունավետ աշխատանք մաղթեցին այդ օրը մարզ այցելած ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը, ԳԱԱ փոխնախագահ, գիտաժողովի համանախագահ, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության, գրականության ինստիտուտների տնօրեններ Արամ Քալանթարյանը, Ազատ Եղիազարյանը, Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ուրիշներ:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4