Այս տարի լրանում է Խաչատուր Աբովյանի եւ պրոֆեսոր Պարրոտի Արարատ լեռը բարձրանալու 175-ամյակը: Այս կապակցությամբ «Սպիտակ» փրկարարական ջոկատն իրականացնում է «Յոթ գագաթ Արարատի շուրջը» ծրագիրը:
Հոկտեմբերի 12-ին մի խումբ հայաստանցի լեռնագնացներ Երեւանից մեկնեցին Թեհրանՙ բարձրանալու Դամավանդ լեռը, որն ամենաբարձրն է Իրանում (5671 մետր): Արշավը կազմակերպվել էր Իրանի լեռնագնացների ֆեդերացիայի հրավերով եւ տեղի հայկական համայնքի հովանավորությամբ: Արշավը գլխավորում էր Կարեն Համամչյանը, որը ծրագրի նախաձեռնողը եւ գաղափարի հեղինակն է: Արշավին մասնակցում էին «Սպիտակ» փրկարարական կենտրոնի նախագահ Սերժ Հովսեփյանը, կենտրոնի փրկարարներ, լեռնագնացներ Վահե Թամամյանը, Վաչե Մանուկյանը եւ Ռոբերտ Վարդանյանը, ինչպես նաեւ երկու իրանահայ լեռնագնացներ:
Հոկտեմբերի 13-ին հայաստանցի լեռնագնացները ժամանել են Թեհրան: Այնտեղ նրանց ջերմորեն ընդունել է տեղի հայկական համայնքը, սակայն եղանակի պատճառով լեռնագնացները ստիպված յոթ օրով հետաձգել են արշավը, ուստի մեկ շաբաթ նրանք վայելում էին իրանահայ համայնքի հյուրասիրությունը:
Միայն հոկտեմբերի 19-ին նրանք ժամանեցին Ռենի գյուղ, որը գտնվում է Դամավանդ լեռան ստորոտում: Բարձրանալով 4200 մետր, նրանք տեղավորվեցին ժամանակավոր կացարանում: Նույն օրը լեռնագնացների առաջին խումբը հասավ լեռան գագաթ: Հոկտեմբերի 20-ին լեռնագնացները բաժանվեցին երկու խմբի եւ կրկին բարձրացան Դամավանդի գագաթը:
Հոկտեմբերի 23-ին հայ լեռնագնացները վերադարձել են Երեւան: 2004 թ. հայաստանցի լեռնագնացներն իրականացրել են եւս երեք արշավՙ նվաճելով Կազբեկը Վրաստանում, Էլբրուսը Ռուսաստանում եւ Արագածը Հայաստանում: Այս տարի նախատեսվում է եւս երեք արշավ:
ԱՆՈՒՇ ՄԿՐՏՉՅԱՆ