Նշում է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենը
Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Դոննա Դաուսեթ-Կոյրոլոյի հերթական այցելության նպատակը բանկիՙ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքին ծանոթանալն էր: Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում տկն Դաուսեթ-Կոյրոլոն նշեց, որ ընթացիկ տարին ծանրաբեռնված էր: ՀԲ տնօրենների խորհրդին են ներկայացվել 6 ծրագրեր, պատրաստվում են ներկայացման եւս 3-ը: Վերջիններս են Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը, Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման երկրորդ վարկային ծրագիրը, գյուղական համայնքների զարգացման ծրագիրը: Դրանցից առաջինի համար կտրվի 20 մլն դոլար, մյուս երկուսի համարՙ հավանաբար նույնպես այդքան գումար: Առաջինը տնօրենների խորհրդի հաստատմանը կներկայացվի նոյեմբերին, իսկ մյուս երկուսըՙ հաջորդ տարվա գարնանը: Բացի այդ, Համաշխարհային բանկն ամփոփել է Հայաստանում վերջին 10 տարիներին կատարված աշխատանքները: Ըստ այդ հաշվետվության, Հայաստանը համարվում է Համաշխարհային բանկի միջոցների ամենաարդյունավետ ծախսողը, չնայած որոշ դեպքերում դրանք կարելի էր ավելի լավ օգտագործել: Ընդհանուր առմամբ տիկին Դաուսեթ-Կոյրոլոյի տպավորությունը Հայաստանում գործերի ընթացքից դրական էր:
Պատասխանելով տարածաշրջանի երկրների տնտեսական ցուցանիշներին վերաբերող հարցին, ՀԲ ներկայացուցիչը հայտնեց, որ Հարավային Կովկասի երեք երկրներում էլ արձանագրվել է տնտեսական աճ, բայց հատկապես Հայաստանն ունի ավելի մեծ աճ: Վրաստանում նույնպես դրական փոփոխություններ են արձանագրվել: Նոր իշխանությունները հաջողությունների են հասել հարկերի հավաքման, թոշակների եւ աշխատավարձերի պարտքերի վճարման հարցերում: Ճանապարհային ոստիկանությունում փոփոխություններն էլ, ըստ Դոննա Դաուսեթ-Կոյրոլոյի, դրական են ազդել ոչ միայն Վրաստանի, այլեւ Հայաստանի վրա: Ադրբեջանում նույնպես տնտեսական աճ է արձանագրվել: Տարածաշրջանային տնօրենի կարծիքով, նավթամուղի շինարարության ավարտից եւ գործարկումից հետո վիճակն այս երկրում ավելի կլավանա: Նա նաեւ նշեց, որ տարածաշրջանում քաղաքական հակամարտությունների կարգավորման դեպքում տնտեսական զարգացումն ավելի արագ կլինի, սակայն ավելացրեց, որ Համաշխարհային բանկը չի զբաղվում քաղաքական խնդիրներով:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ