«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2004-10-28 | #192, 2004-10-29 | #193, 2004-10-30


ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ

Չճանաչված Աբխազիայի գերագույն դատարանն իշխանությունների ճնշման տակ չեղյալ է համարել իր ընդունած որոշումը: Հինգշաբթի ուշ երեկոյան դատավոր Գեորգի Ակաբան հոկտեմբերի 3-ին հանրապետությունում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթող էր հռչակել ընդդիմության առաջնորդ Սերգեյ Բաղապշին: «Ռեգնում» գործակալությունը Սուխումից հաղորդում է, որ Բաղապշին հաղթող ճանաչելուց հետո իշխանության թեկնածու Ռաուլ Խաջիմբայի կողմնակիցները ներխուժել են դատարանի դահլիճ, ջարդուփշուր արել կահ-կարասին, կրակի մատնել քրեական գործերի փաստաթղթերը: Դիմելով ֆիզիկական ուժի, նրանք Ակաբային ստիպել են չեղյալ հայտարարել որոշումը եւ նոր ընտրություններ անցկացնելու որոշում ընդունել:

Հոկտեմբերի 3-ին Աբխազիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո իրավիճակը չճանաչված հանրապետությունում լարվել էր: Նախ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղթող ճանաչեց Խաջիմբային, ապա մի քանի օր անց հայտարարեց, որ նախագահ է ընտրվել Բաղապշը: Խաջիմբայի կողմնակիցներն անօրինական համարեցին ԿԸՀ-ի որոշումը:

Մոսկվան, որի փաստացի վերահսկողության տակ է Աբխազիան, աջակցում էր Խաջիմբային: Ընտրություններից առաջ Սոչիում Վլադիմիր Պուտինն ընդունել էր Խաջիմբային: Բաղապշին աջակցում են 1992-93 թթ. վրաց-աբխազական պատերազմի աբխազ վետերանները: Սուխումից ստացվող լուրերի համաձայն, իրավիճակը ծայրաստիճան լարված է: Խաջիմբայի կողմնակիցների ներխուժումը գերագույն դատարան Բաղապշը որակել է «բանդիտիզմ»:

Աբխազիայի գործող նախագահ Վլադիսլավ Արձինբան, որը մի քանի տարի անկողնային հիվանդ է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնարարել է անցկացնել նախագահական կրկնակի ընտրություններ առաջիկա 2 ամիսների ընթացքում: Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել շուտափույթ կարգավորել Աբխազիայի ներքաղաքական իրավիճակը:

Հիշեցնենք, որ Աբխազիայում բնակվում են մոտ 70 հազար հայեր եւ, ըստ ոչ պաշտոնական տվյալների, համշենահայերը բազմազգ հանրապետությունում ամենամեծ էթնիկ խումբն են:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4