Որքան էլ ԱՄՆ-ին զրկի ազդեցության հավելյալ լծակից
«Ազգը» հոկտեմբերի 26-ի համարում տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի թուրքերը առաջիկա նախագահական ընտրությունների առնչությամբ չեն կողմնորոշվել: Տեղեկության հիմքում թուրքական «Սաբահ» թերթն էր, որը հոկտեմբերի 22-ի համարում մատնանշում էր նախագահության թեկնածուների հարցում միացյալ դիրքորոշման բացակայությունն Ամերիկայի թուրքական գաղութում: Մինչդեռ հայկական ավանդական կուսակցությունները, պաշտպանելով Քերիի թեկնածությունը, ամերիկահայերին կոչ էին անում քվեարկել նրա օգտին:
Թվում էր, թե այս հանգամանքը, առավել եւս Ջոն Քերիի բազմամյա հայանպաստ գործունեությունը, կստիպեն թուրքերին կողմնորոշվել դեպի Ջորջ Բուշը: Թեեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պատրաստակամության եւ դա հրապարակավ հաստատելու պատճառով Քերին ժողովրդականություն չի վայելում թուրք ընտրողների շրջանում, սակայն վերջիններս Ջորջ Բուշի պարագայում էլ մատնացույց են անում Իրաքում առ այսօր շարունակվող պատերազմն ու Իրաքի տնտեսության վատթարացումը:
Այլ կերպ, ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների նկատմամբ թուրք ընտրողները միանշանակ մոտեցում չունեն: Ըստ երեւույթին միանշանակ չէ նաեւ պաշտոնական Անկարայի մոտեցումը: Ինչո՞ւ: Այդ հարցին հոկտեմբերի 27-ի համարում պատասխանել է «Ռադիկալը». «Անկարան մտահոգված է, որ Բուշի վերընտրությունն անհամեմատ կերկարաձգի Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումը եւ կմեծացնի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման հավանականությունը: Մինչդեռ Քերին խոսում է Իրաքում տեղակայված զորքը հնարավորինս շուտ դուրս բերելու մասին եւ չի սպառնում Իրանին: Հետեւաբար նա ավելի նախընտրելի է Անկարայի համար»:
Հակառակ Անկարային, թուրք քաղաքական դիտորդները, ելնելով Եվրոմիությանը մերձենալու Թուրքիայի դիրքորոշումից, կարծիք են հայտնում, որ թուրքական արտաքին քաղաքականության համար որոշիչ են ոչ այնքան ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքները, որքան Միջին Արեւելքի իրավիճակը: Ըստ նրանց, Քերին մտածում է Իրաքից դուրս գալու մասին, իսկ Թուրքիան նախընտրում է քիչ թե շատ կայունացած Իրաք, այլապես անկայունության խորացումը երկրում կարող է հանգեցնել թուրքական միջամտության:
Այսպիսով, դիտորդները նախապատվությունը տալիս են Քերիինՙ կարծես ընդգծելու թեկնածուների հարցում միացյալ դիրքորոշման բացակայությունը, նաեւ Անկարայի քաղաքական շրջանակներում: Սակայն դա ամենեւին չի նվազեցնում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Քերիի հաստատակամության առնչությամբ ԱՄՆ-ի թուրքերի եւ Անկարայի քաղաքական շրջանակների մտահոգությունը:
Հատկանշական է, որ հոկտեմբերի 17-ին, երբ Ամերիկա-թուրքական համագումարը, նախագահ Էրջումենթ Քըլընչի ստորագրությամբ նամակ է ուղարկում Քերիին, պահանջելով որ նա առաջնորդվի ԱՄՆ-ի շահերով եւ հաստատի «վերջին 10 տարում Հայոց ցեղասպանության օգտին ոչ մի հայտարարություն արած չլինելու» մասին, Մ. Նահանգներում Թուրքիայի դեսպանությունը, թուրք-ամերիկյան միությունների հետ հանդիպում են Քերիի խորհրդականներից Մադլեն Օլբրայթին, Ռիչարդ Հոլբրուքին եւ Ֆիլիպ Գորդոնին, փոխանցելու համար Հայոց ցեղասպանության առնչությամբ իրենց մտահոգությունները:
«Զամանի» վերոհիշյալ հրապարակմանն իսկույն արձագանքած Քերին, «Միլիեթի» հոկտեմբերի 28-ի համարի վկայությամբ, չի պատասխանում Ամերիկա-թուրքական համագումարի նամակին, թերեւս դրանով էլ հիասթափություն պատճառում Ամերիկայի թուրքերին: Ինչ վերաբերում է Անկարայի քաղաքական շրջանակներին, ապա նրանց էլ հիասթափեցնում է Վաշինգտոնում պաշտոնապես Թուրքիայի Հանրապետության շահերը ներկայացնող «Լիվինգսթոն գրուպ» լոբբիիստական կազմակերպությունը:
Հոկտեմբերի 28-ի համարում «Զամանը» նշում է, որ «Լիվինգսթոն գրուպի» գործադիր տնօրենների խորհուրդը գլխավորում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականների նախկին առաջնորդներից Բոբ Լիվինգսթոնը: Սա ուշագրավ փաստ է, ավելի ուշագրավ է «Զամանին» Լիվինգսթոնի պարզաբանումը. «Վախենամ Քերիի ընտրությամբ լուրջ փոփոխության ենթարկվի ցեղասպանության նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշումը: Հարցի առնչությամբ նրա արած անժխտելի հայտարարությունները միանգամայն պարտավորեցնող են: Հայ դատին անվիճելիորեն աջակցող Քերին նախագահ դառնալուց հետո գուցե մտածի իր խոստումը մոռացության տալու մասին, սակայն վստահ չեմ, որ նա կատարի այդ քայլը»:
Լիվինգսթոնին է հավելել ամերիկյան «Նիքսոն» կենտրոնի միջազգային անվտանգության եւ էներգետիկ ծրագրերի ղեկավար Զեյնո Բարանը: Նա «Միլիեթի» «Հնարավո՞ր է, որ հաղթելով ընտրություններում Քերին նախորդ թեկնածուների պես մոռանա հայերին տված խոստումը» հարցին ի պատասխան ասել է. «Այս անգամ դրությունն իսկապես այլ է: Քերին նախորդ թեկնածուներից տարբերվում է նրանով, որ Մասաչուսեթսի սենատորն է: Այնտեղ գոյություն ունի չափազանց հզոր հայ համայնք, իսկ Քերին մշտապես աջակցել է հայերին: Հետեւաբար Քերիի ընտրության դեպքում Թուրքիան անհապաղ պետք է ճշտի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում, քանի որ թուրք-հայկական երկխոսության նախաձեռնությունները, ցավոք, որեւէ լուրջ հաջողության չեն հանգեցրել: Եթե Քերիին հնարավորություն տրվի, ապա չի բացառվում, որ Թուրքիան հայերի հետ ընդհանուր եզրակացության գա կամ, ինչպես ձեր վարչապետն է ասում, հարցի ուսումնասիրությունը հանձնարարի պատմաբաններին: Միայն Թուրքիայի նորովի մոտեցումը հնարավոր է դարձնելու առաջիկա ապրիլին կանխել ցեղասպանության բանաձեւի անցկացումը»:
«Լիվինգսթոնի գրուպի» ղեկավարի, ինչպես նաեւ «Նիքսոն» կենտրոնի ծրագրերի ղեկավարի պարզաբանումները հիմք են տալիս ենթադրելու, որ ընտրություններում Ջոն Քերիի հաղթանակով Թուրքիան բախվելու է ոչ թե Հայոց ցեղասպանության բանաձեւին ԱՄՆ-ի նոր նախագահի աջակցությանը, այլեւ այդ աջակցությամբ բանաձեւի հաստատման փաստին: Դրանից խուսափելու թերեւս միակ միջոցը թուրքերի համար ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում հանրապետականների մեծամասնության պահպանումն է:
Ակնհայտ է, որ այդ դեպքում բանաձեւը կարող են հանրապետականները մերժել, այլեւս մերժման համար ԱՄՆ նախագահի միջամտության կարիքը չի զգացվի: Հարկ է սակայն նշել, որ հարցը սոսկ ցեղասպանությունը չէ, այլ դրա որպես ազդեցության լծակ օգտագործումը: Ճանաչել Հայոց ցեղասպանությունը նշանակում է ինքնակամ հրաժարվել այդ լծակից: Ո՞ր դեպքումՙ եթե ԱՄՆ-ի նոր նախագահը լրջորեն մտածի Թուրքիայի հետ ռազմական դաշինքը վերանայելու մասին:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ