«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2004-10-30 | #194, 2004-11-02 | #195, 2004-11-03


«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՎԵՐԱԾԵԼ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ»

Փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանը մեկնաբանում է Բաքվի վերջին նկրտումները

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայաստանի փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանն «Ազգի» հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի ղարաբաղյան կարգավորման գործընթացը վերածվի քարոզչական պատերազմի: Հոկտեմբերի վերջերին պաշտոնական Բաքվի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգ մտավ «Ադրբեջանի գրավյալ տարածքներում տիրող իրավիճակի» հարցը:

«Այսօր Ադրբեջանը փորձում է ամեն ինչ անել, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացը վերածվի քարոզչական պատերազմի, երկրորդՙ փորձում է ԵԱՀԿ ձեւաչափից հարցը տեղափոխել տարբեր միջազգային ատյաններ, այդ թվումՙ ՄԱԿ եւ ուշադրությունը շեղել բուն, իրական պրոբլեմներից», ասաց Շուգարյանը:

Ադրբեջանի կողմից «գրավյալ տարածքներում առկա իրավիճակի» խնդիրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 59-րդ նստաշրջանի օրակարգ մտցնելու քվեարկությանը ՄԱԿ-ի 191 անդամ պետություններից ադրբեջանական նախաձեռնությանը կողմ է քվեարկել 43 երկիր, 99-ը մնացել է ձեռնպահ, մոտ 5 տասնյակ երկիր չի մասնակցել քվեարկությանն ընդհանրապես:

«43 կողմ երկրներից 34-ն իսլամական ինստիտուցիոնալ կառույցների (խոսքն առաջին հերթին Իսլամական կոնֆերանս կազմակերպության մասին է) երկրներ են, որտեղ կա որոշակի համերաշխություն: Ինստիտուցիոնալի վրա շեշտ եմ դնում, որովհետեւ խոսքը իսլամ-քրիստոնյա հակամարտության մասին չէ:

Հայաստանը միշտ շեշտել է, որ սա կրոնական հակամարտություն չէ եւ ամենավտանգավորը ղարաբաղյան հակամարտության կրոնական հակամարտության բնույթ տալու փորձերն են», ասաց Հայաստանի փոխարտգործնախարարը:

Ադրբեջանական նախաձեռնությանը դեմ են արտահայտվել Ֆրանսիանՙ ԵԱՀԿ Մինսկի խմբի անունից, Նիդեռլանդներըՙ Եվրոմիության անունից: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական 5 անդամներից ոչ մեկը չի աջակցել Ադրբեջանի նախաձեռնությանը, իսկ ոչ մշտական 10 անդամներից միայն Պակիստանն է սատարել Բաքվին: Ադրբեջանին պաշտպանել են ԱՊՀ անդամ 6 երկրներ, այդ թվումՙ Ուկրաինան, Մոլդովան, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, ինչպես նաեւ Ղազախստանն ու Կիրգիզիան, որոնք նաեւ Հավաքական անվտանգություն կազմակերպության անդամ են: Ուշագրավ է, որ Վրաստանը վերջին տարիներին միջազգային ատյաններում գրեթե միշտ աջակցում էր Ադրբեջանինՙ Ղարաբաղի հետ կապված հարցերում, իսկ այս անգամ չի աջակցել ՄԱԿ-ում ադրբեջանական նախաձեռնությանը:

Ի դեպ, երեկ հատուկ հայտարարություն է տարածել Ռուսաստանի արտգործնախարարությունը: Մոսկվայում կարծում են, որ ԵԱՀԿ-ի հետ զուգահեռ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում «Ադրբեջանի գրավյալ տարածքներում տիրող իրավիճակի» հարցի քննարկման նախաձեռնությունը դժվար թե բարերար ազդեցություն ունենա բանակցային գործընթացի վրա:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցային գործընթացին, ապա Ռուսաստանը շահագրգռված է այդ հարցի շուտափույթ կարգավորմամբ եւ ամեն կերպ նպաստում է դրանՙ լինի դա երկկողմ շփումների եղանակով, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահի կարգավիճակով: Կարծում ենք, տվյալ խմբի ձեւաչափը թույլ է տալիս լուծել ԼՂ հակամարտությունը, եւ խաղաղությանը հասնելու գործում առաջընթացի ապահովմանը վերաբերող ամեն մի խնդիր: Բացի այդ, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների վերջին հանդիպումը նկատելի դարձրեց բանակցությունների վերսկսման հեռանկարները», ասվում է ՌԴ արտգործնախարարության տարածած հայտարարությունում:

Ավելի վաղ, ԼՂ հարցով Ռուսաստանի նախկին բանագնաց Վլադիմիր Կազիմիրովը հայտարարել էր, որ Բաքուն փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել հակամարտության պատճառիցՙ Ղարաբաղի կարգավիճակից: Հայաստանի արտգործնախարարությունը հաստատել է, որ կարգավիճակի վերաբերյալ ամբողջական քննարկումներից հանված առանձին հարցեր, որոնց վրա Ադրբեջանը ցանկանում է հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը, նա պետք է քննարկի ուղղակիորեն Լեռնային Ղարաբաղի հետ:

«Ցավոք, Ադրբեջանի այս քարոզչական պատերազմի պատճառով մենք զբաղված ենք այդ քայլի արձագանքի մշակմամբ», «Ազգի» հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Շուգարյանը, որն, ի դեպ, հոկտեմբերի վերջերին մասնակցել եւ ելույթ էր ունեցել Միչիգանի համալսարանում կազմակերպված կոնֆերանսում, որը վերաբերում էր Հարավային Կովկասին, ՀՀ արտաքին քաղաքականությանը եւ Ղարաբաղի հարցին: Շուգարյանի ադրբեջանցի գործընկեր Արազ Ազիմովը նախ համաձայնություն էր տվել, ապա հրաժարվել մասնակցությունիցՙ պատճառաբանելով, թե կոնֆերանսում ներկայացված է նաեւ Լեռնային Ղարաբաղը: Սա մեկ անգամ եւս ապացուցում է, որ ադրբեջանական կողմը լրջորեն շահագրգռված չէ ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ, որին հասնելու ամենաիրական ճանապարհներից մեկը հենց Ղարաբաղի իշխանությունների հետ շփումներն են:

Շուգարյանը կարծում է, որ ադրբեջանական կողմը չմասնակցելով, ինքն է շատ բան կորցնում: «Ամենակարեւորն, իմ կարծիքով, այն է, որ այդ կոնֆերանսին մասնակցեց ԼՂՀ արտգործնախարար Աշոտ Ղուլյանը: ԼՂ-ն ներկայացված էր արտգործնախարարի մակարդակով, իսկ ելույթըՙ ԼՂ հարցի կարգավորման տարբեր փուլերին էր վերաբերում: Դա ամփոփիչ եւ հատուկ զեկուցում էր», ասաց Շուգարյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4