ԼՂՀ արտգործնախարարի ասուլիսից
ԼՂՀ արտգործնախարար Աշոտ Ղուլյանը ԱՄՆ կատարած այցից հետո վերադառնալով, երեկ հրավիրեց մամուլի ասուլիս: Նշելով, որ 10-օրյա իր այցը Միչիգանի համալսարանի հրավերով էր, նա տեղեկացրեց լրագրողներին, որ այդ այցի շրջանակներում ինքն ունեցել է նաեւ մի շարք հանդիպումներ ուրիշ քաղաքներումՙ հասարակական-քաղաքական տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ: Նախարարն անդրադարձավ ամենակարեւոր հանդիպումներին: Մասնավորապես, Ա. Ղուլյանի խոսքերով, ինքը հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Սթիվեն Մանի, կոնգրեսականների աշխատակազմերի ներկայացուցիչների, Ամերիկայի հայկական համագումարի անդամների, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի հետ եւ այլն: Բոլոր հանդիպումներն էլ, նախարարի գնահատմամբ, եղել են օգտակար եւ երկուստեք փոխշահավետ:
Անդրադառնալով Միչիգանի համալսարանի կազմակերպած կոնֆերանսին, որտեղ ելույթ էր ունեցել, Ա. Ղուլյանն ասաց, որ ինքն արծարծել է ղարաբաղյան հիմնախնդիրը բոլոր կողմերովՙ հակամարտության նախապատմություն, ընթացք, պետական շինարարություն եւ այլն: Այդ եւ մյուս քաղաքներումՙ Նյու Յորք, Դետրոյթ, Չիկագո, ունեցած հանդիպումներում ելույթները նույնպես եղել են ըստ նշանակությանՙ ներառելով ինչպես ռազմաքաղաքական, այնպես էլ պետականաշինության, տնտեսության ոլորտները:
Ա. Ղուլյանը այս համատեքստում կարեւորեց ՀԲԸՄ կենտրոնական գրասենյակում ունեցած հանդիպումը Լուիզ Սիմոն Մանուկյանի հետ: Լրագրողներին հիշեցնելով ՀԲԸՄ պատվիրակության վերջերս կատարած այցը Արցախՙ նա նշեց, որ այս կառույցը ԼՂՀ-ի հետ համագործակցության մեծ ներուժ ունի, որի շոշափելի արդյունքը մի շարք գործնական դրսեւորումներում արդեն իսկ առկա է: Սփյուռքում մեծ հետաքրքրություն կա Արցախի այսօրվա վիճակի եւ հիմնախնդրի քաղաքական լուծման հեռանկարի նկատմամբ:
Նախարարը ուրախությամբ նշեց, որ այս տարվա հեռուստամարաթոնը, ըստ իր ունեցած ակնկալումների, պետք է որ ավելի արդյունավետ լինի, քան նախորդ տարիներին էր:
Ա. Ղուլյանը նաեւ պատասխանեց լրագրողների հարցերին: Մասնավորապես այն հարցին, թե ինչպես կմեկնաբաներ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հրաժարվելը կոնֆերանսին մասնակցելուց, ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարն ասաց, որ ինքը դա գնահատում է որպես Ադրբեջանի կողմից պարբերաբար ձեռնարկվող հերթական խուսանավումՙ տվյալ դեպքում կոնֆերանսի ընթացքին խոչընդոտելու փորձ: Ա. Ղուլյանի խոսքերով, կոնֆերանսի ծրագրում ներառված էր 9 հարց, որոնցից միայն մեկն էր Ղարաբաղի վերաբերյալ: Միեւնույն ժամանակ ծրագրով նախատեսված էր նաեւ վերջինիս ելույթը հարավկովկասյան տարածաշրջանում արտաքին քաղաքական խնդիրների շուրջը: Նա ցավ հայտնեց, որ Ադրբեջանը փոխանակ նպաստելու հիմնախնդրի վերաբերյալ միջազգային հանրության ճիշտ ընկալումներին, ընդհակառակը, ձգտում է ապակողմնորոշելով ձախողել բոլոր հեռանկարային ձեռնարկումները: Այս համատեքստում մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի Գլխավոր հանձնաժողովի հանձնարարականը «Ադրբեջանի գրավյալ տարածքներում առկա իրավիճակի հարցի մասին», Ա. Ղուլյանն ասաց, որ եթե Ադրբեջանն այս խնդիրը դիտարկեր այլ հարթության վրա, ապա թերեւս կարելի կլիներ հասկանալ նրան: ԼՂՀ արտգործնախարարի խոսքերով, հայկական կողմին նույնպես հետաքրքրում է, թե ինչ է կատարվում Ադրբեջանի կողմից գրաված տարածքներումՙ Շահումյանի շրջանում, Գետաշենում եւ Մարտակերտի շրջանի զավթված բնակավայրերում: Ղարաբաղը պատրաստ է նման կարգի հարցերը քննարկել ցանկացած միջազգային կառույցի մասնակցությամբ, սակայն Ադրբեջանը որպես կանոն միշտ բոյկոտում է դրանք: Հարեւան պետությունը ձգտում է կարգավորման փաթեթից դուրս կորզել իրեն շահավետ մասըՙ նախապայմաններ դնելով, ինչը դեպի փակուղի է տանում:
Լրագրողների խնդրանքով Ա. Ղուլյանն անդրադարձավ նաեւ Մինսկի խմբի համանախագահ Սթիվեն Մանի հետ հանդիպման որոշ մանրամասների: Ըստ Ա. Ղուլյանի, Ս. Մանը գտնում է, որ հակամարտող երկու կողմերի հասարակական երկխոսությունն անհրաժեշտ է, որովհետեւ հասարակությունների մեջ թշնամանք սերմանելը միայն ավելի է խորացնում հիմնախնդրի տարընկալումը:
Հարց եղավ բանակցություններում Թուրքիայի մասնակցության հնարավորության մասին: Այս կապակցությամբ Ա. Ղուլյանը նշեց, որ Միչիգանի կոնֆերանսում նման հարց արծարծվել է, որին հակադարձվել է Իրանի ոչ պաշտոնական մի կառույցի ներկայացուցչի տեսակետըՙ թե այդ դեպքում Իրանը եւս, որպես տարածաշրջանում շահագրգիռ կողմ, բանակցություններին մասնակցելու իր իրավունքը կարող է ունենալ, մանավանդ որ Թուրքիայի դիրքորոշումը ոչնչով չի տարբերվում Ադրբեջանի դիրքորոշումից:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ