Ասում է Արշակ Սադոյանը
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Արդեն մի քանի շաբաթ «Ազգային ժողովրդավարական դաշինք» միության նախագահ Արշակ Սադոյանը ջանքեր է գործադրում իրազեկելու այն դավադրությունը, որ, նրա համոզմամբ, նյութվում է հասարակության դեմ` «Արմենտելի» հետ կապված գործարքում: Արդեն 6 տարի պատգամավորն ուշի-ուշով հետեւում ու հետազոտում է հեռահաղորդակցության համակարգում տիրող իրավիճակը, եւ իր ներկայացմամբ, այս ասպարեզում կաշառքի ու կաշառատվության բազմաթիվ փաստեր են արձանագրվել: Հերթական փաստը նա ներկայացնում էՙ խորհրդավորության քողով պատած: Ավելի ճիշտ հարկադրված է այդպես վարվել, որովհետեւ իրեն համապատասխան տեղեկություն հաղորդած մարդկանց կյանքին վտանգ է սպառնալու: Նրանք երկուսն էլ, մեկը մյուսից անկախ նույն տեղեկություն են հաղորդել, թե կառավարության մի ներկայացուցչի (թե ներկայացուցիչների), «Արմենտելը» կաշառք է տվել` մի աղբյուրի համաձայն` 5 մլն դոլար, մյուսի համաձայն` 7 մլն դոլար, որպեսզի ձգձգվի վերջինիս ինտերնետային մենաշնորհից զրկելու ակցիան: Կաշառքը լինելու է այլ ֆիրմաներում բաժնետոմսերի տրամադրման միջոցով: Գործարքը դեռեւս չի կայացել, քանի որ «Արմենտելը» սպասում է վստահելի երաշխիքների: «Վախենում են, որ կաշառքը կվերցնեն, բայց գործը չեն անի»: Ձգձգման այդ ժամանակաընթացքը «Արմենտելին» հարկավոր է բաժնետոմսերի մի մասն այլ ընկերության վաճառելու համար: Եթե հասցնի վաճառել, ապա, օտարերկրյա ներդրումների օրենքով նոր գնորդը «Արմենտելի» հետ եւս 5 տարով մենաշնորհ ունենալու իրավունք է ստանում:
1999 թ. սահմանադրական դատարանի որոշմամբ «Արմենտելը» մենաշնորհից պետք է զրկվեր դեռ 2003 թվականի մարտի 5-ից: Ձգձգվող բանակցությունները միայն մի նպատակ ունեն` չզրկել նրան հարստության ոսկե եղջյուրից: Ինտերնետային հեռախոսակապը տարեկան 18-20 մլն դոլարի եկամուտ է ապահովում, չհաշված որ կոչնչացվեն ոլորտում զբաղված ինտերնետային էժան կապ ապահովող 250 մասնավոր ընկերությունները: Դա նշանակում է, մեղմ ասած, սահմանափակել դրսի աշխարհում հարազատներ ունեցող բնակչության հաղորդակցման հնարավորությունը, որը էժան կապի առկայությամբ գոնե կարողանում էր կապ պահպանել մերձավորների հետ:
Արշակ Սադոյանի բնորոշմամբ, կառավարությունը ազգադավ արարք է իրականացնում, քանի որ «7 մլն դոլարով վաճառում է մեր եւ մեր երեխաների ապագան»: Ըստ ԱԺԴ ղեկավարի, «Արմենտելի» ողջ պատմության ընթացքում ե՛ւ Հունաստանի դեսպանի մակարդակով, ե՛ւ «Արմենտելի» ղեկավար անձերի, փորձեր են արվել իրեն եւս կաշառելու միջոցով վնասազերծել: Կաշառել են նաեւ վերեւներին: Անկեղծության պահին մի անգամ Յորղուլասը նույնիսկ դժգոհել է.«Ամեն տարի մի քանի մլն դոլար կաշառք ենք տալիս, այդպես չի կարելի»:
Արշակ Սադոյանը ակնկալում է ողջ հասարակության աջակցությունը` հինգշաբթի օրը, ժամը 11-ին նա բոլորին հրավիրում է կառավարության շենքի մոտ` «թույլ չտալու, որ 7 մլն դոլարով վաճառեն մեր ու մեր երեխաների ապագան»: Արշակ Սադոյանը չի պատրաստվում հրապարակել նաեւ կառավարության այն ներկայացուցչի անունը, ով անմիջականորեն առնչվում է կաշառատվության գործընթացին: Չի պատրաստվում նաեւ զգուշացնել հակակոռուպցիոն զանազան կառույցներին ու հանձնաժողովներին, ոչ միայն որովհետեւ չի վստահում նրանց: Ցանկության դեպքում նրանք իրենք պիտի հետաքրքրություն ցուցաբերեին:
Իբրեւ ապահովագրության ու անվտանգության երաշխիք Սադոյանի եւ նրան տեղեկություն հաղորդողների զրույցը տեսագրվել է, պահվել հատուկ սեյֆում, որպեսզի եթե մի բան պատահի, իրենց ներկայացուցիչները ցուցադրեն տեսաժապավենը:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ