Հարցազրույց կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանի հետ
- Առաջին անգամ Բոլոնիայի գործընթացին նվիրված կոնֆերանս տեղի ունեցավ Հայաստանում, որի ժամանակ պարզ դարձավՙ մեր երկիրը գնում է դեպի Բոլոնիայի գործընթաց:
- Կոնֆերանսին մասնակցում էին Բոլոնիայի գործընթացի քարտուղարության ղեկավար Պեռ Նիբորգը, Եվրոխորհրդի բարձրագույն կրթության կոմիտեի նախագահը: Իհարկե, մենք դեռեւս գարնանը Ստրասբուրգում հայտարարել ենք, որ գնում ենք դեպի Բոլոնիայի գործընթաց, այսինքն մեր բուհական համակարգը փորձում ենք նախեւառաջ արժեւորել երկու կարեւոր չափանիշով` ունենալ ազգային հենքով կրթական համակարգ եվրոպական չափանիշներին համապատասխան: Այս սկզբունքը մենք որդեգրում ենք ոչ միայն բարձրագույն, այլեւ ողջ կրթական համակարգի համար: Կարծում եմՙ շատ ուրախալի էր, որ հենց եվրոպացի մասնագետների օգնությամբ քննարկվեցին այդ խնդիրները, այսինքն բերվեցին այն փաստարկները, թե ինչու պետք է եվրոպական կրթական տուն կառուցվի: Մասնավորապես ընդգծվեց, որ եթե մենք գնում ենք դեպի եվրոպական ընտանիք, պետք է ինտեգրվել նաեւ եվրոպական կրթական համակարգին: Այն, ինչպես գիտեք, ենթադրում է երկաստիճան կրթական համակարգ, կրեդիտային համակարգ, ուսանողների շարժունության ապահովում: Սակայն ամենահիմնականը կրթական համակարգերի համադրելիությունն է եւ որակի զուգադրելիությունը: Հայաստանը միշտ գտնվել է մեծ կրթական տարածքում: Խորհրդային տարիներին մեր կրթական տարածքը հավասար էր մի երկրի, ուր 250 մլն մարդ էր ապրում: Որպես ուսյալ, կրթյալ ժողովուրդ մենք չենք կարող բավարարվել կրթական փոքր տարածքով: Մեզ դարձյալ անհրաժեշտ է մեծ կրթական տարածքՙ այն էլ եվրոպական, միջազգային չափանիշների շրջանակներում: Ի դեպ, քննարկումները կարեւոր են նաեւ լիսաբոնյան կոնվենցիայի սկզբունքների եւ պահանջների առումով, որոնք մեզ թույլ կտան հեռահար նպատակներ ունենալ բարձրագույն կրթական համակարգի զարգացման գործում:
- Այսօր Հայաստանը կարելի է համարել տարածաշրջանում կրթական կենտրոն: Վկայությունը հազարավոր ուսանողների առկայությունն է: Այս գործոնն ի՞նչ դեր է խաղում կրթական բարեփոխումների առումով:
- Իսկապես, հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, որպես կրթական երկրի, գնալով աճում է: Իրանը, օրինակ, մեզ հետ ստորագրել է փաստաթղթերի փոխադարձ ճանաչման համաձայնագիր, որը նշանակում է, որ մեր երկրի ամեն մի կրթական փաստաթուղթ համապատասխանում է այդ երկրի կրթական փաստաթղթերին եւ հակառակը: Մենք շատ մոտ ենք նման մի փաստաթուղթ ստորագրելուն Հնդկաստանի նման հզոր երկրի հետ: Դեկտեմբերին նախատեսվում է իմ այցը Հնդկաստանի Հանրապետություն, եւ հույս ունեմ, որ մենք կստորագրենք այդ փաստաթուղթը: Սերտ կրթական փոխհարաբերություններ ունենք Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների հետ: Արաբական այնպիսի երկրներ, ինչպիսիք Քաթարն ու Քուվեյթն են, նույնպես հետաքրքրություն են ցուցաբերում մեր երկրի կրթական համակարգի նկատմամբ, եւ չի բացառվում, որ մոտ ապագայում մենք ուսանողներ կունենանք նաեւ այդ երկրներից: Եվս մեկ հանգամանք, որ կցանկանայի նշել, դա նախկին ԽՍՀՄ երկրներում ապրող հայազգի երիտասարդների հետաքրքրությունն է Հայաստանի կրթական հաստատությունների նկատմամբ, նույն միտումները կան նաեւ սփյուռքահայ ուսանողների պարագայում: Հետաքրքրություն կա նաեւ Չինաստանի կողմից, առաջին չին 15 ուսանողները շուտով կգան եւ կուսանեն Հայաստանում: Սա մեզ համար պարտավորեցնող է, մենք անընդհատ պիտի կարողանանք մեր կրթական համակարգը բարեփոխել: Եթե այսօր օտարերկրացի ուսանողները հիմնականում հետաքրքրվում են բժշկական, ճարտարապետական, ինժեներական մասնագիտություններով, ապա մենք պարտավոր ենք ընդլայնել նրանց հետաքրքրությունների շրջանակը: Այս ամենը թելադրում է կրթության որակի բարձրացում, ուսման պայմանների բարելավում: Օրինակ, այսօր ճարտարապետաշինարարական ինստիտուտը դժվարությամբ է տեղավորում բոլոր նրանց, ովքեր կուզենային ուսանել մեր երկրում: Հայաստանը պարտավոր է պատրաստվել հնարավոր ուսանողական հոսքին, քանի որ բոլոր նախադրյալները կան:
- Սա, իհարկե, բուհական կրթության մասին: Կա՞ արդյոք հետաքրքրություն միջին մասնագիտական եւ նախնական մասնագիտական կրթական համակարգի նկատմամբ:
- Իմ համոզմամբ, կրթական բարեփոխումները չի կարելի դիտարկել անջրպետված: Դրանք, իհարկե, չեն կարող նույն ընթացքով եւ մակարդակով զարգանալ: Մենք ունենք բարդ վիճակում գտնվող նախնական մասնագիտական կրթական համակարգ, որը, չգիտես ինչու, ժամանակին փորձել են մոտեցնել դպրոցին եւ միացրել են հանրակրթությանը: Տարիները ցույց տվեցին, որ դա սխալ մոտեցում էր: Վերջերս մենք կարողացանք վերականգնել 26 նախնական մասնագիտական հաստատություններ: Ցավոք, անդառնալի կորուստ են ապրել շուրջ 100 ուսումնարաններ, որոնք, իմ խորին համոզմամբ, այսօր էլ շատ անհրաժեշտ կլինեն երկրին: Մենք այդ համակարգը վերականգնում ենք եւ համարում կարեւոր ձեռքբերումներից մեկը: Կարծում եմ, որ այսօր նման վիճակում գտնվող կրթական այս հատվածը արտասահմանցի ուսանողների համար գրավիչ լինել չի կարող: Այս համակարգում մենք այսօր գերխնդիր ունենքՙ պատրաստել մասնագետների: Կյանքը ցույց է տալիս, որ մենք գործազրկության առկայության պայմաններում ունենք շինարարների, սպասարկման եւ այլ ոլորտների մասնագետների պակաս: Մենք պարտավոր ենք այդ բացը լրացնել: Այստեղ ուսումնառության միջին տեւողությունը 1-2 տարի է, եւ արդյունքն ավելի արագ կարող է երեւալ: Երկիրն անվերջ չի կարող ունենալ բարձրագույն կրթություն ունեցող բանվորներ, դա մեծ շռայլություն է: Այս ամենով հանդերձ, մենք ձեռնարկել ենք աշխատաշուկայի ուսումնասիրություն: Այստեղ մեզ օգնության է հասել ՄԱԿ-ը, որի օգնությամբ առաջիկայում կկատարենք մեծ ուսումնասիրություն, թե ինչ մասնագիտությունների գծով երկիրը մասնագետներ պատրաստելու անհրաժեշտություն ունի, այդ թվումՙ նաեւ բանվորական կադրերի:
- Բարձրագույն կրթությունն ունի վճարովի եւ անվճար համակարգեր: Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի միջին եւ կրտսեր մասնագետների պատրաստման գործում պետության քաղաքականությունը:
- Աշխարհի շատ երկրներում, Եվրոպայում նախնական մասնագիտական կրթական համակարգը ֆինանսավորում է պետությունը: Իր երկրի բանվորին պատրաստում է պետությունը անկախ նրանից` նա մասնավոր ձեռնարկություններո՞ւմ է աշխատելու, թե՞ պետական: Մեր երկրի բանվորին եւս պետք է պատրաստի պետությունը` խրախուսելով նաեւ այն պատանուն, որ գալու է այստեղ սովորելու: Կարծում եմՙ այն ռազմավարությունը, որ ընդունել է կառավարությունը, ստեղծում է բոլոր նախադրյալները պետությանը կոնկրետ քայլերի մղելու համարՙ ավելացնելու այս բնագավառին տրամադրվող ֆինանսական միջոցները: Արդեն այսօր անհրաժեշտ է պետության կարիքները հաշվառել, կոնկրետացնել եւ վերականգնված ուսումնական հաստատություններում սկսել աշխատաշուկային անհրաժեշտ մասնագետների պատրաստումը:
- Մենք խոսեցինք բարձրագույն, միջին եւ նախնական մասնագիտական կրթական բարեփոխումների մասին, իսկ ինչպե՞ս եք պատկերացնում կրթական բարեփոխումների շղթայի մեջ հանրակրթության բնագավառը:
- Հանրակրթությունը, բնական է, ամփոփումն է 10-ամյա կամ 12-ամյա ուսումնառության: Այստեղ շատ կարեւոր է նկատել, որ հանրակրթական դպրոցում որակյալ կրթությունը դառնալու է հիմնականը կրթությունը շարունակելու համար: Հանրակրթական դպրոցը պետք է պատասխան տաՙ կարողանո՞ւմ է արդյոք շրջանավարտը հաջող քննություն բռնել, թե՞ ոչՙ իր կրթությունը շարունակելու համար: Հանրակրթության կայացման համար անհրաժեշտ են բազմաթիվ գործոններ եւ նախապայմաններ: Օրինակ, անհրաժեշտ են մեկնարկային հավասար պայմաններ յուրաքանչյուր երեխայի համար: Կամՙ անկախ նրանից, թե որտեղ է դպրոցըՙ հեռավոր Մեղրիո՞ւմ, թե՞ Երեւանում, պետք է տա որակյալ ուսուցում, հաստատուն եւ մրցունակ գիտելիք: Այս նպատակին են ծառայելու ուսուցիչների վերապատրաստման դասընթացները, նոր ծրագրերը եւ դասագրքերը, ատեստավորման նոր համակարգը, նյութատեխնիկական պայմանների բարելավումը: Այս առումով շատ կարեւոր է կրթության տեսչության ստեղծումը, որի նախագիծն արդեն կա եւ 2005-ին կյանքի ուղեգիր կստանա: Դպրոցի դերը բարձրացնելու համար անհրաժեշտ է նաեւ կրթական հաստատություններում հիմնական գործող անձանցՙ ուսուցչի, աշակերտի, ծնողի միասնականության ապահովումը: Աշխարհում եւս ընդունված է, որ դպրոցներին ծնողները օգնեն, բայց դա արվում է կամավորության սկզբունքով: Շատ կարեւոր է, որ դա չարվի պարտադրաբար եւ աջակցությունը լինի արժանապատիվ: Դպրոցները պետք է հեռու պահել հարկահավաքությունից: Ընդհանրապես շատ եմ կարեւորում դպրոցի բարոյահոգեբանական առողջացումը, որը թույլ կտա խուսափել անցանկալի երեւույթներիցՙ դարձյալ հանուն դպրոցի:
- Ձեր պատասխաններից հասկացանք, որ կրթական համակարգը պետք է դիտարկել համալիր, փոխկապակցված զարգացման շրջանակներում:
- Իսկապես, պետք է համակարգը համալիր զարգանա: Բացի այդ, երկրի կրթական համակարգի յուրաքանչյուր զարգացում պետք է դիտարկել երկրի տնտեսության, մշակույթի, սոցիալական ոլորտի խնդիրների լուծմանն աջակցելու համատեքստումՙ պատրաստելով անհրաժեշտ մասնագետների: Այս առումով մեր կրթական համակարգը պետք է անընդհատ առաջ նայի: Այսօր ես մեր համակարգի գերխնդիրը համարում եմ հաստատուն գիտելիքի ապահովման անհրաժեշտությունը, մրցունակության ապահովումը: Մեր գործելակերպը պետք է լինի հանուն որակի, այդ դեպքում միայն կունենանք այն կրթական համակարգը, որին ձգտում ենք: Ես վստահ եմ, որ ունենալու ենք նման համակարգ, քանզի կա համընդհանուր ուշադրություն եւ նպատակամետություն: Կարծում եմ, քննադատություններն էլ լավը տեսնելու բուռն ցանկությամբ են պայմանավորված:
Մ. Հ.