«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2004-10-30 | #194, 2004-11-02 | #195, 2004-11-03


ԼԵՎՈՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ԳԻՏՆԱԿԱՆԻ ԵՎ ՄԱՐԴՈՒ ՀԻՇԱՏԱԿԻՆ

1999 դեկտեմբերին Լեւոն Հախվերդյանը, երբ արդեն չարագույժ հիվանդությունը սկսել էր թակել կյանքի պատուհաններըՙ նախանշելով հետագա օրերի ընթացքը, իր խորհրդածություններից մեկում դիմում է մեծերի փորձինՙ Հովհ. Թումանյանի հրաժեշտի բանաստեղծական տխրությանը.

«Հազար տարով, հազար դարով առաջ թե հետ, ի՜նչ կա որ,
Ես եղել եմ, կամ, կըլինեմ հար ու հավետ, ինչ կա որ,
Հազար էսպես ձեւեր փոխեմ, ձեւը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետՙ ի՞նչ կա որ»:

Թումանյանի հետ ունեցած հոգեհարազատությունն է թույլ տվել գիտնականին այսպես երկրորդելու ամենայն հայոց բանաստեղծին, ասելու, թե «բախտավոր է նա, ով արժանապես ապրել է իրեն տված մի հատիկ կյանքը եւ հրաժեշտ տվել նրան Թումանյանի պես անքեն, պայծառ ու անհոգ»: Մտորումներն ավարտելով իր ապրած կյանքի նման պարզ, անկեցվածք ու անմիջական գրում է «Ես չգիտեմ, թե ինչ իրավունք ունեմ ուրիշների սքանչելի խոսքերով ավարտելու իմ անցած ճամփանՙ հետ նայելիս: Բայց այդպես դուրս եկավՙ ի՜նչ կա որ...»:

20-րդ դարավերջի հայ մշակութային կյանքի ամենանշանավոր դեմքերից Լեւոն Հախվերդյան արվեստագետի գործունեությունը եւ նկարագրի ինքնատիպությունը դրոշմվելու է ժամանակների մեջ: Լեւոն Հախվերդյանի գրականագիտական, թատերագիտական, լեզվաբանական, հրապարակախոսական բազմամյա եւ արգասաբեր գործունեությունը հայ մշակութային անդաստանում պատկառելի ժառանգություն է կազմում. «Մեր օրերի հայ դրամատուրգիան», «Կլասիկան եւ մեր օրերը-Վարդան Աճեմյանի արվեստը», «Թումանյանի աշխարհը», «Հայ թատրոնի պատմություն», Պարույրը իմ հուշերում, իր նամակներում ու գործերում», «Զրույցներ լեզվի մասին»ՙ հեղինակային, եւ թարգմանականՙ Կուն «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները», Ստ. Ցվայգ «Մարդկության աստեղային Ժամերը», Կոկլեն-ավագ «Դերասանի արվեստը» եւ բազմաթիվ գրքեր:

Մեկ տարուց ավելի է, որ անվանի գիտնականը հրաժեշտ տվեց կյանքին ու իր մտերիմներին: Ակադեմիկոս Լեւոն Հախվերդյանի ծննդյան 80-ամյակը հիշատակվեց ՀՀ ԳԱԱ-ի կազմակերպությամբ հոբելյանական նիստով, որը տեղի ունեցավ երեկ ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում: Ֆադեյ Սարգսյանի բացման խոսքը շարունակեց արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանըՙ Լեւոն Հախվերդյան թատերագետին, գրականագետին, ազգային մշակույթի ոգով ապրող արվեստաբանին, ժամանակի զարկերակով տրոփող հրապարակագրին, մարդկային շիտակ նկարագրի տեր անձնավորությանը ներկայացնելով բազմաբովանդակ, տարաբնույթ գործունեությամբ:

Լեւոն Հախվերդյանիՙ իր աշխատակիցների հետ մի հանդիպման ձայնագրությունը կենդանի հիշողություններ արթնացրեց ներկաների մեջ: Իրեն բնորոշ պարզությամբ ու անմիջականությամբ խոսում էր դիվանագիտության, քաղաքականության, մշակույթի, սփյուռքի, անկախության մասին, զարմանումՙ մի՞թե անկախությունը (ազատությունը) այսքան սրիկա կարող է ծնել: Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը տկարության պատճառով չէր ներկայացել, նրա խոսքը փոխանցեց Սվետլանա Խանումյանը: Տարիների մտերմության հիշողություններից բանաստեղծուհին սրտի խոսք էր հղել ներկաներին, իր ափսոսանքը հայտնելով հայերեն լեզվին այնքան նախանձախնդիր, պերճախոս դասականին, հմուտ կազմակերպչի, ժողովրդական բառ ու բանի գիտակ, կենսասեր մարդու աշխարհից հեռանալու համար: «Մեր հիշողությունների զարկերակում նրա գրքերի հետ ապրելու է նաեւ իր ազնիվ կերպարը»:

Վարազդատ Հարությունյանի, Ազատ Եղիազարյանի, Լեւոն Անանյանի, Երվանդ Ղազանչյանի, Վարսիկ Գրիգորյանի խոսքերում հիացմունքի ու գնահատանքի այս նույն երանգն էր իշխում: Լեւոն Հախվերդյանի մասին պատմած հուշերի պատառիկներով ներկաները փորձեցին ամբողջացնել բացառիկ կոլորիտովՙ հումորով, զվարճաբանությամբ, դիտողականությամբ, անդիմադրելի հմայքով օժտված հայ մարդու նրա կերպարը: «Ոչ մի բեմադրիչ հանգիստ չէր, երբ Լեւոն Հախվերդյանը դահլիճում էր, որեւէ դիտարկում, որեւէ վերաբերմունք, կտրուկ հիմնավորված էր, նախանձախնդիր թատերական մշակույթին: Նրա գրիչը մեր թատրոնների սպեղանին եղավ, ինչքան ենք լսում գանգրածածկ բառերի կույտի շերտով այսպես կոչված խորհուրդներ, իսկ վարպետի խոսքը չպարտադրվող, օգտակար, անհրաժեշտ, արտաքուստ պարզ թվացող ճշմարտությունների մասին էր: Անվիճելիորեն հայ մշակույթի երախտավորների առաջին շարքում է Լեւոն Հախվերդյանը», իր խոսքում ասաց Երվանդ Ղազանչյանը: Լեւոն Հախվերդյանի որդինՙ կինոռեժիսոր Գագիկ Հախվերդյանը մորՙ տիկին Սոնայի հորդորանքով հուշեր պատմեց իրենց ընտանիքի մասին եւ հոր կյանքից. «Այստեղ խոսում եք Լեւոն Հախվերդյանի մասին իբրեւ գիտնականի, ակադեմիկոսի, ինձ համար նա պարզապես հայր էր»:

Ակադեմիկոսի ծննդյան 80-ամյակին նվիրված գիտաժողովը պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում կտեւի նոյեմբերի 2-4-ը ճարտարապետության եւ կերպարվեստի, երաժշտության, թատրոնի եւ կինոյի մասնաճյուղերում:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4