«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2004-10-30 | #194, 2004-11-02 | #195, 2004-11-03


ԲՐՈՆԶԵ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՐՑԱՎԵՃԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

«Միկան» արծաթե մեդալակիր

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության նախավերջին տուրը որոշեց արծաթե մրցանակակրին: Աշտարակի «Միկան» Գյումրիում ոչ-ոքի (0-0) ավարտելով հանդիպումը «Շիրակի» հետ, անհասանելի դարձավ հետապնդողների համար եւ իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ մրցանակակիր, որի առթիվ շնորհավորում ենք ֆուտբոլիստներին, մարզչական կազմին ու ակումբի ղեկավարությանը: Իսկ ահա բրոնզե մեդալների համար մրցավեճը շարունակվում է եւ առաջնության վերջնագծում հասել է իր գագաթնակետին: Այդ պայքարում չափազանց կարեւոր նշանակություն ունեին հերթական տուրի «Արարատ»-«Կոտայք» եւ «Բանանց»-«Փյունիկ» հանդիպումների ելքերը: Ավելի դժվարին էր «Արարատի» խնդիրը, քանի որ նրա մրցակիցը կենաց-մահու պայքար է մղում բարձրագույն խմբում իր տեղը պահպանելու համար: Արարատցիների հետ հանդիպումն անցավ բավական սուր եւ անզիջում պայքարում: Դաշտի տերերը նկատելի խաղային եւ տարածքային առավելություն ունեին, սակայն երկար ժամանակ նրանց չէր հաջողվում դա վերածել գոլի, քանի որ «Կոտայքը» հստակորեն էր պաշտպանվում:

Միայն երկրորդ խաղակեսում արարատցիներին ի վերջո հաջողվեց գրավել «Կոտայքի» դարպասը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ թիմի լեգեոներ Էմանուել Էզուկամը: Բաց թողած գոլից հետո կոտայքցիները դիմեցին վճռական գործողությունների: Խաղավերջում նրանք երկու վտանգավոր պահ ստեղծեցին «Արարատի» դարպասին, սակայն հաջող խաղաց դարպասապահ Ռադաջան: Իրենց հերթին արարատցիներն էլ կարող էին ավելացնել հաշիվը, սակայն հարմար դիրքերից վրիպեցին Սուլաբերիձեն եւ Մինասյանը: «Արարատն» անչափ կարեւոր հաղթանակ տոնեց եւ շարունակում է պայքարը բրոնզե մեդալների համար:

Արարատցիների գլխավոր հակառակորդներըՙ «Բանանցի» ֆուտբոլիստները հյուրընկալել էին երկրի նորընծա չեմպիոն «Փյունիկին», որը մինչ այդ 16 անընդմեջ հաղթանակ էր տոնել: Ակնկալվում էր, որ «Բանանցի» հետ խաղում էլ փյունիկցիները կջանան շարունակել իրենց հաղթարշավը, իսկ թիմի հարձակվողներ Էդգար Մանուչարյանն ու Գալուստ Պետրոսյանը կփորձեն ավելացնել իրենց խփած գոլերի քանակը: Սակայն ի զարմանս շատերի, «Փյունիկի» մարզիչներն առաջնության գլխավոր ռմբարկուի կոչման համար պայքարող երկու ֆուտբոլիստներին էլ չէին հայտավորել հանդիպմանը: Բնականաբար, այդ խաղում միավորներն անհրաժեշտ էին միայն «Բանանցին» եւ վերջինս հասավ իր նպատակին: Թեեւ առաջինը հաշիվը բացեցին փյունիկցիները (39-րդ րոպեին 11 մ հարվածը հստակ իրացրեց Կարեն Ալեքսանյանը), սակայն 6 րոպե անց «Բանանցի» ռմբարկու Սամվել Մելքոնյանը վերականգնեց հավասարակշռությունը: Ընդմիջումից հետո հաշվի մեջ փոփոխություն մտցնելու ֆուտբոլիստների բոլոր ջանքերն ապարդյուն անցան:

Այսպիսով, 3-րդ տեղի համար մրցապայքարում վերջին տուրից առաջ բավական հետաքրքրական իրավիճակ է ստեղծվել: Այդ պայքարում վճռորոշ կարող է լինել ավարտական տուրում «Արարատի» եւ «Բանանցի» միջեւ կայանալիք հանդիպումը: Նկատենք, որ «Բանանցը» դեռեւս մեկ հետաձգված խաղ ունի անցկացնելու «Միկայի» հետ, որի ժամկետը դեռեւս հայտնի չէ: Բացառված չէ, որ բրոնզե մեդալների տիրոջը որոշելու համար հարկ լինի հաշվի առնել «Արարատի» եւ «Բանանցի» միջեւ անցկացված հանդիպումների արդյունքները եւ նույնիսկ առաջնությունում թիմերի խփած գոլերի ընդհանուր քանակը: Այնպես որ, ֆուտբոլասերներին առաջնության բավական հետաքրքրական վերջաբան է սպասվում:

Բարձրագույն խմբում տեղը պահպանելու համար պայքարում անչափ կարեւոր հաղթանակ տոնեց «Կիլիկիան», որն Աբովյանում հաղթեց առաջնության նկատմամբ իր հետաքրքրությունը կորցրած «Դինամո-Զենիթին»: Հետաքրքրական է, որ հաղթական գոլի հեղինակը վերջինիս նախկին ֆուտբոլիստ Սարգիս Նազարյանն է, որը գոլով նշանավորեց ՀՀ առաջնություններում իր հոբելյանականՙ 250-րդ խաղը:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Փյունիկ25214086-2267
2. Միկա25147436-2249
3. Բանանց26126839-3442
4. Արարատ27126939-3242
5. Դ.-Զենիթ26761321-4727
6. Շիրակ27491426-4621
7. Կիլիկիա26641629-4722
8. Կոտայք26461625-5118

Ռմբարկուները

Գալուստ Պետրոսյան«Փյունիկ» 21
Էդգար Մանուչարյան«Փյունիկ»20Նշան Էրզրումյան«Կիլիկիա»16Լեւոն Փաչաջյան«Փյունիկ»13Արմեն Շահգելդյան«Միկա»11

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4