Ինչպես նաեւ պարտավորված կլինի ինտերնետ հեռախոսակապ մատակարարել
Վաղը կառավարությունը պետք է վերջնական վճիռ կայացնի «Արմենտելի» շուրջ ՕՏԵ ընկերության հետ բանակցությունների արդյունքների առնչությամբ: Հերթական հետաձգումն, ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա: Անցած 10 օրը թերեւս բավարար ժամանակահատված էր կողմնորոշվելու համար, թե արդյոք զիջումներն ու ձեռքբերումները համարժե՞ք են միմյանց եւ ինչ հետեւանքներ կլինեն համաձայնագիրը հաստատելու կամ մերժելու դեպքում: Համենայն դեպս, բանակցությունների անմիջական մասնակից արդարադատության նախարարությունում համոզված են, որ ՕՏԵ-ի հետ ձեռք բերվածը փոխզիջում է:
Մինչ բանակցությունները, հասարակության համար գլխավոր հարցը մի կողմից րոպեավճարի թանկացման եւ անվճար խոսակցության ժամանակահատվածի կրճատման, մյուս կողմիցՙ բջջային կապի եւ միջազգային ելքի մենաշնորհի վերացմանն էր վերաբերում: Արդարադատության նախարարի խորհրդական Գեւորգ Կոստանյանը վերստին հիշատակեց, որ րոպեավճարի կիրառումն, ըստ «Արմենտելին» տրված թ. 60 լիցենզիայի, նախատեսված էր 1999 թ-ի հունվարի 1-ից: Մինչ այժմ դա տեղի չի ունեցել, քանի որ Հայաստանի կառավարությունը, չցանկանալով թույլ տալ սոցիալական պայթյուն, ամեն կերպ հետաձգել է րոպեավճարի կիրառումը: Այս պայմանավորվածությունների արդյունքում րոպեավճարի ներկայիս սակագներն ու խոսելու ժամանակահատվածը գրեթե մնացին անփոփոխ: Նախարարի խորհրդականը նշեց, որ չնայած կառավարությունը մեղադրում էր «Արմենտելին» ներդրումային պարտավորությունները չկատարելու մեջ, բայց մյուս կողմից րոպեավճարի կիրառումը հետաձգելով, «Արմենտելին» հնարավորություն էր տալիս ներդրումային պարտավորությունների չկատարումը բացատրել հենց այս հանգամանքով: Միջազգային ելքի (տվյալների փոխանակման) ոլորտում նույնպես նախապես նշվում էր մենաշնորհը վերացնելու մասին, բայց ձեռք բերված համաձայնագրով դա տեղի չունեցավ: Փոխարենը, «Արմենտելին», լիցենզիայի նոր խմբագրմամբ, կոնկրետ քայլերով պարտավորեցվում էր ապահովել ինտերնետ պրովայդերների բնականոն գործունեությանն անհրաժեշտ պայմանները: Եվ ընդհանրապես, «Արմենտելի» շուրջ պայմանավորվածության գլխավոր առավելությունն այն է, որ «Արմենտելն» այսուհետեւ գործելու է կարգավորման դաշտում: Այսինքն, նրա բոլոր ծառայությունների սակագները որոշվելու են ոչ թե ընկերության սահմանած կամայական արժեքով, այլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: Բացի այդ, լիցենզիայով հստակեցվում են «Արմենտելի» նկատմամբ բոլոր պահանջները եւ դրանք չկատարելու դեպքում կարգավորող մարմնի քայլերը:
Ինչ վերաբերում է բախման առարկա հանդիսացող ինտերնետ հեռախոսակապի ծառայություններին, ապա խնդիրն, ըստ Գեւորգ Կոստանյանի, հետեւյալն է: Մինչ այժմ հեռախոսակապի այս տեսակը Հայաստանի կառավարությունը դիտարկում էր որպես տվյալների փոխանցում, իսկ «Արմենտելը»ՙ որպես ձայնի փոխանցում, որը հետեւաբար խախտում էր նրա բացառիկ իրավունքները: Քանի որ միջազգայնորեն ընդունված չէր, թե դա, այնուամենայնիվ, ձայն է թե տվյալ, ապա կառավարությունն այդ ծառայությունը համարել էր տվյալների փոխանցում: Հետեւաբար այն մատուցող ընկերություններին տրամադրել են գործունեության լիցենզիաներ: Վերջիններս էլ, հիմք ունենալով տրանսպորտի եւ կապի նախարարության տված եզրակացությունը, «Արմենտելի» դեմ մի շարք դատական գործեր էին շահել: Սակայն այս տարվա ընթացքում միջազգային հեղինակավոր կազմակերպություններից Հեռահաղորդակցության միջազգային միությունը եւ Ամերիկյան հեռահաղորդակցության կենտրոնը եկան այն եզրակացության, որ IP հեռախոսակապն, այնուամենայնիվ, ձայնի փոխանցում է: Չնայած վերոնշյալ կազմակերպությունները հասարակական են, բայց նախարարի խորհրդականի համոզմամբ, նրանց կարծիքը կարող է հիմք հանդիսանալ միջազգային դատարանի համար: Այդ դեպքում ստացվում է, որ կառավարությունը չի կատարել «Արմենտելի» բացառիկ իրավունքները պաշտպանելու իր պարտավորությունները, որի դիմաց նա պետք է փոխհատուցի ընկերության կորուստները, որոնք հարյուր միլիոնավոր դոլարներ կկազմեն: Իհարկե, բանակցությունները նախընտրելի է համարել նաեւ հունական կողմը: Դա բացատրվում է ՕՏԵ-ի ղեկավարության փոփոխությամբ, Հայաստանի կառավարության հետ առանց բախումների աշխատելու նրա ցանկությամբ, ինչպես նաեւ «Արմենտելի» կողմից ներդրումային պարտավորություններից շատերի չկատարմամբ:
Ինչ վերաբերում է ինտերնետ հեռախոսակապի հետագա ճակատագրին, ապա լիցենզիայի նոր խմբագրմամբ «Արմենտելը» պարտավոր է մատուցել այդ ծառայությունը: Գեւորգ Կոստանյանն ընդգծեցՙ պարտավոր է եւ պարտավոր է մատուցել նույն ծավալով, ըստ պահանջարկի, դարձյալ կարգավորողի սահմանած սակագներով: Իսկ եթե չմատուցի, ապա այդ ծառայության մատուցումը կարգավորող մարմինը կարող է տրամադրել այլ ընկերության:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ