«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2004-10-30 | #194, 2004-11-02 | #195, 2004-11-03


ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ, ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ

Հայաստանում գիտությունը ծերանում է: Եթե 1970-ականներին գիտության թեկնածուների միջին տարիքը 30 տարեկանն էր, դոկտորներինը` 40 տարեկանից ցածր, ապա այսօր թեկնածուների, դոցենտների միջին տարիքն անցնում է 50-ից, գիտության դոկտորինը` 60 տարեկանից: Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) բնագիտական ֆակուլտետների ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, ակադեմիկոս Էդուարդ Չուբարյանը մտավախություն ունի, որ եթե ամեն ինչ այսպես շարունակվի, տասը-տասնհինգ տարի հետո պետհամալսարանում դասախոսներ գրեթե չեն մնա: «Տարեց դասախոսից ժամանակակից մակարդակ պահանջելը դժվար է, ասաց պրոռեկտորը: Կյանքն առաջ է գնում, այսօր բուհ ընդունվողներն իրենց մակարդակով էապես բարձր են նախորդ սերունդներից, պահանջներն էլ ավելի բարձր են: Մենք, ի տարբերություն խորհրդային ժամանակների, այսօր չենք ստանում աշխարհի լավագույն ամսագրերը, քանի որ չենք կարող վճարել»: Պրն Չուբարյանը համոզված է, որ գիտությունը նույն մակարդակի վրա թողնելը նշանակում է հետ պահել համաշխարհային զարգացումներից: Ճիշտ է, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը բարձր մակարդակի վրա է, սակայն այդ մեկ ճյուղը ողջ գիտությունն առաջ տանել չի կարող:

Բնականաբար, երիտասարդ մասնագետն ավելի աշխատունակ է: «Գիտությունը չի երիտասարդանում նաեւ ասպիրանտական տեղերի սահմանափակ քանակի պատճառով, ասաց պրոռեկտորը: Ունենք 100 ամբիոն, մոտ 300 պրոֆեսոր, բայց 50 ասպիրանտ: Ասպիրանտների թիվը պետք է գոնե կրկնապատկվի»:

Երկրորդ թերությունը միջազգային կոնֆերանսներին մասնակցելու հնարավորությունների պակասն է: Ճիշտ է, 1990-ականների համեմատ մթնոլորտն աշխուժացել է, սակայն բավարար չէ: ԱՊՀ երկրների բուհերի հետ համագործակցությունն ավելի թույլ է, քան եվրոպական կամ ամերիկյան բուհերի, քանի որ վերջիններս որոշ դեպքերում հոգում են հրավիրվող երկրի ծախսերը: «Լինում են դեպքեր, երբ երիտասարդները միջազգային կոնֆերանսների թեզիսներ են ուղարկում, թույլտվություն ստանում այնտեղ հանդես գալու, սակայն ֆինանսների բացակայության պատճառով չեն գնում, ասաց պրոռեկտորը: Մարդիկ ընդունվում են ասպիրանտուրա, ավարտում, պաշտպանելուց անմիջապես հետո գնում, քանի որ զարգացման ապագա չեն տեսնում»:

Քանի որ բնագիտական գիտություններն ազգային բնույթ չեն կրում, միջազգային դրամաշնորհները նպաստում են այս ոլորտի զարգացմանը, ինչը չի կարելի ասել հումանիտար ֆակուլտետների մասին: Պրոռեկտորի կարծիքով սա օբյեկտիվ պատճառներ ունի: «Դեռեւս նախորդ հասարակարգից մարդու հոգեբանությունը ոչ մեկին չէր հետաքրքրում, չկար սոցիոլոգիան որպես գիտություն, ասաց նա: Այսօր իրավիճակն այլ է: Այս տարի, օրինակ, հոգեբանության ֆակուլտետի 8 անվճար տեղի համար կար 144 դիմում»: Նորություններն ընկալելու համար հարկավոր է օտար լեզվի բացարձակ իմացություն: Պրն Չուբարյանը գտնում է, որ նոր զարգացող ուղղություններում հարկավոր է օտար լեզվի հիմքը լավ դնել: Այս դեպքում ժամանակի ընթացքում հումանիտար ոլորտը եւս դրամաշնորհներ կստանա: Լեզուների բնագավառում դրամաշնորհ ստանալը գրեթե անհավանական է. հայոց լեզվի հետազոտությունները քչերին են հետաքրքրում, օտար լեզուների համար դրամաշնորհ կստանան օտարազգիները:

Պետհամալսարանում ամենամեծ թվով գրանտներն ունի ֆիզիկայի ֆակուլտետը: «Այստեղ այսօր գործում է մոտ 25 գրանտ, որոնք մոտ 1 մլն դոլար գումար են բերում, ասաց պրն Չուբարյանը: Գումարի մի մասը նախատեսված է փորձարարական աշխատանքների եզակի գործիքների ձեռքբերման, հետազոտությունների նպատակով արտասահման մեկնելու ծախսերի համար: Այսօր, երբ գիտաշխատողի միջին աշխատավարձը 16.000 դրամ է, այս դրամաշնորհները կարեւոր օժանդակություն են»:

Վերջերս Եվրոխորհուրդը 17 մլրդ եվրոյի դրամաշնորհ է հատկացրել գիտական աշխատանքների համար: Այս գումարի 315 մլն եվրոն նախատեսված է ԱՊՀ երկրների համար: Հաղթած յուրաքանչյուր նախագիծ պետք է ամենաքիչը 1 մլն եվրո արժենա: Հայաստանից ներկայացված ութսուն նախագծերից տասնութի հեղինակը պետհամալսարանն է: Համալսարանում տարեկան գրեթե 100 թեմա է կատարվում, որոնց համար ընդամենը 104 մլն դրամ է տրամադրվում (այսինքն` յուրաքանչյուր աշխատանքի համար մոտ 1600-1700 եվրո): Պրն Չուբարյանի գնահատմամբՙ եթե բուհը կարողանա 2-3 դրամաշնորհ հաղթել, մեծ հաջողություն կլինի:

«Ազգի» այն հարցին, թե քանի անգամ է անհրաժեշտ ավելացնել գիտությանն ուղղվող գումարները ցանկալի արդյունքի հասնելու համար, Էդուարդ Չուբարյանը պատասխանեց. «Եթե տասն անգամ ավելացնեն, դա թիվ չէ, հարյուր անգամ` ռեալ չէ»:

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4