Աղբի վերամշակման հեռանկար ունի նաեւ Հայաստանը
Հայաստանում, ուր առանց այն էլ հողը մեծ խնդիր է, այսօր կան 60 աղբավայրեր, ինչը կրկնակիից էլ ավելի է նույն տարածքն ունեցող զարգացած երկրների համեմատ, որտեղ աղբավայրերը 15-20-ն են: Դա արդյունք է կոշտ կենցաղային թափոնների վերամշակման, որը ոչ միայն բնապահպանական, այլեւ ֆինանսական տեսանկյունից շահավետ է:
Այսօր Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր բնակիչ տարեկան կտրվածքում կուտակում է 370-450 կգ աղբ, իսկ հանրապետության նույն կտրվածքի ցուցանիշը 1,3 մլն խմ է: Այսինքնՙ վերամշակման բավական հումք կա, խնդիրը շահութաբեր գործի նախնական կապիտալի մեջ է: Այն ձեռք բերելու եւ ոլորտը քիչ թե շատ կառավարելի դարձնելու համար, ինչպես տեղեկացրեց ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Կառլեն Գեւորգյանը, այժմ բանակցություններ են ընթանում նախարարության ու երկու խոշոր կազմակերպությունների միջեւ եւ երկուստեք ուսումնասիրություններ են կատարվում գործարքի շահեկանության պարզման ուղղությամբ: Բանակցություններից զատ, փոխնախարարի հավաստմամբ, ժամանակ եւ աշխատանք կպահանջեն նաեւ օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունները: Կարեւոր է նաեւ կոմունալ ծառայությունների, տվյալ դեպքումՙ աղբահանության, սակագների հստակ սահմանումն ու համակարգումը: Առաջինը, ըստ փոխնախարարի, ցածր է եւ սահմանվում է տարերայնորեն, երկրորդն իրականացվում է մասնակի, հավաքված գումարն էլ նպատակային չի օգտագործվում, հավատացած է Կառլեն Գեւորգյանը: Թվարկված խնդիրների կրճատմանն ու վերջնական լուծմանն է ուղղված նոյեմբերի 2-4-ը ՀՀ քաղաքաշինության նախարարության, տնտեսական համագործակցության եւ զարգացման միջազգային կազմակերպության, COWI consult դանիական ընկերության Երեւանում կազմակերպած սեմինարը: Նշված կազմակերպությունների փորձագետներն ու մասնագետները Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Ղրղզստանի կոմունալ ոլորտը կառավարող պաշտոնյաներին սեմինարի ընթացքում պետք է ներկայացնեն կոշտ կենցաղային թափոնների կայուն կառավարման համակարգի ձեւավորման միասնական պետական քաղաքականության մոդելը: Այն արդեն մշակվել եւ ներդրվել է Լատվիայում եւ Ռուսաստանի Դաշնության մի քանի մարզերում: Տնտեսական համագործակցության եւ զարգացման միջազգային կազմակերպության ավագ մենեջեր Ալեքսանդր Մարդուսեւիչի վստահեցմամբ, ծրագրի մշակման համար անհրաժեշտ է մեկուկես տարի, բայց այն կգործի առաջիկա 15 տարիներինՙ առաջին հերթին լուծելով ճիշտ ֆինանսավորման եւ կոմունալ սպասարկման պատասխանատու բոլոր մակարդակների շաղկապված ու համահունչ աշխատանքը:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ