Վաղը կլրանա Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի 130-ամյակը: Մի փոքր բացենք ճեմարանի պատմության էջերը զուգահեռներ անցկացնելով այժմյանի հետ: Էջմիածնի հոգեւոր ճեմարանը հիմնվել է 1874 թվականին Գեւորգ IV կաթողիկոսի կոնդակով, նրա անունով էլ կոչվել է: Նպատակն էր պատրաստել հայ եկեղեցու սպասավորներ: 1917 թվականին այն հարկադրված փակվեց: 1925-ին Գեւորգ V կաթողիկոսը փորձեց համոզել կոմունիստական իշխանություններին վերաբացել ճեմարանը, բայց ապարդյուն: Եվ միայն 1945-ին Գեւորգ Չորեքչյանի գործադրած ջանքերի շնորհիվ բացվեց: Տեղավորվեցին նախկին Մատենադարանի շենքում, 1995 թ. տեղափոխվեցին այժմյան շենք: Հիմք դրած ավանդույթները գրեթե չեն փոխվել: Ինչպես եւ առաջ այժմ էլ կանոնադրությամբ ճեմարանն Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինության ներքո է, այսինքնՙ նա է վերատեսուչը: Ճեմարանի տեսուչին նշանակում է կաթողիկոսը: Արդեն 5 տարի ճեմարանը ղեկավարում է տեր Եղիշե ավագ քհն. Սարգսյանը:
Ուսուցիչների ընտրությունը կատարում է տեսուչը, ներկայացնում է նորին սրբությանըՙ ստանալով նրա համաձայնությունը նրանք հրամանագրվում են: Ժամանակին այստեղ դասավանդել են Կոմիտասը, Կարա Մուրզան, Գարեգին Լեւոնյանը, Հրաչյա Աճառյանը, Մանուկ Աբեղյանը, Աշոտ Հովհաննիսյանը: Ըստ տեր Եղիշեի, մեր ժամանակներում էլ դասախոսական կազմն իր որակով բավական բարձր է: Գիտական աշխարհում ճանաչված, լավագույն մասնագետներ են ճեմարանում դասավանդում: 2003 թվականից կառավարության որոշմամբ ճեմարանը ճանաչվեց որպես բարձրագույն հաստատություն: Ճեմարանում իդեալական մաքրություն է տիրում: Ինչպես եւ առաջ, ճեմարանն ունի երկու բաժինՙ սեմինարական եւ լսարանական: Այստեղ 36 առարկաներ են անցնում: Օտար լեզուներն ենՙ անգլերենը, ռուսերենը, հունարենը: 6 տարի են սովորում, վերջում պետական քննություն են հանձնումՙ հայ եկեղեցու պատմություն եւ ավարտաճառով հանդես գալիս: Ճեմարանն ունի համակարգչային սենյակ, որտեղ ուսանողները սովորում են բոլոր ծրագրերը խորացված ձեւով եւ քննություն հանձնում: Այստեղ 10 բալանոց գնահատականներ են նշանակում: Եթե 3 անգամ 7 բալ ստանան, կարող են դուրս մնալ ճեմարանից:
Հոգեւոր դպրոցում բավականին խիստ կարգ ու կանոն է սահմանված, որին պետք է ենթարկվեն, ծխելն արգելվում է: Դասերից հետո 1,5 ժամ հանգստանում են, որից հետո վերակացուների հետ դասերն են պատրաստում:
Ճեմարան ընդունվում են դպրոցն ավարտելուց հետո: Այժմ այստեղ 162 ուսանողներ կան, 2-ը Դամասկոսից են: Մեր ժամանակներում սփյուռքում քիչ է հոգեւոր ուղիով գնացողների թիվը, նախընտրում են այլ բնագավառներ: Այսօրվա հոգեւորականից պահանջվում է լինել բազմակողմանի զարգացած, եւ որ նա կարողանա շփվել հասարակության տարբեր շերտերի հետ ու սիրի մարդկանց, ինչպես մեր Տերն էր քարոզում: Այսօր լրանում է ճեմարանի 130-ամյակը: Ըստ տեր Եղիշեի, շատ պարզ են նշելու այս տոնըՙ առանց թմբկահարելու: Բայց տաճարում սուրբ պատարագ են մատուցելու, այնուհետեւ նախատեսվում է հոգեհանգիստ այն կաթողիկոսների շիրիմների վրա, որոնք ջանքեր են ներդրել ճեմարանի կայացման եւ բարգավաճման գործումՙ սկսած բացման, վերաբացման տարիներից մինչեւ վերջին շրջանը (Վազգեն Ա-ի, Գարեգին Ա-ի օրոք): Այդ բոլորը Գարեգին Բ-ի գլխավորությամբ է կատարվելու, որից հետո փոքրիկ հանդիսություն է լինելուՙ զեկուցումներ, համերգ: Իսկ նոյեմբերի 6-ին, ժամը 7-ին (կարող են ցանկացողները մասնակցել), Էջմիածնի Մայր տաճարում կկազմակերպվի համերգ, առաջին մասը ճեմարանի սաների մասնակցությամբ, երկրորդ մասում ելույթ կունենան Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը եւ մեկ այլ խումբ:
Գեւորգյան ճեմարանի սաները Հայաստանի ներքին թեմերում որպես տարբեր աստիճանների սպասավորներ են աշխատում: Սփյուռքում էլ ճեմարանի շրջանավարտներից սպասավորներ ունենք, ուր կաթողիկոսն է իրենց ուղարկում համապատասխան առաջնորդների համագործակցության արդյունքումՙ հաշվի առնելով նաեւ տեղի հայերի կարծիքները: Կանադայի, Կալիֆոռնիայի, Ուրուգվայի առաջնորդները ճեմարանցի են: Մի երկու եպիսկոպոս Ֆրանսիայում ունենքՙ նույնպես ճեմարանի շրջանավարտներից: Սփյուռք գնալուց առաջ սովորում են այն երկրի լեզուն, ուր պիտի մեկնեն:
ԱԻԴԱ ԱՐՇԱԿՅԱՆ