«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2004-10-30 | #194, 2004-11-02 | #195, 2004-11-03


ԳԱՅԼԵՐՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԼՈՌՈՒ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ

Հայաստանում զարմանալի իրողություններ են գրանցվում ոչ միայն հասարակական, այլեւ կենդանիների միջավայրում: Հոկտեմբերի 14-ին ատոմակայանի շրջակա արգելագոտում գայլերի ոհմակը 35 ոչխար խժռեց: Նույն ժամանակում ահազանգեր հնչեցին մայրաքաղաքի Ավան-Առինջ թաղամասի բնակիչներից, թե կեսգիշերին գայլերի ոռնոցներ են լսում:

Նախորդ տարի աշնանը Լոռու մի քանի գյուղերում օրը ցերեկով գայլեր հայտնվեցին: Այս տարվա աշնանն էլ լոռեցիներին այս կենդանիները տհաճ անակնկալներ մատուցեցին:

Մի քանի օր առաջ Գյուլագարակ գյուղի անտառում ցախ հավաքող մի գյուղացու վրա հարձակվել է գայլերի մի խումբ: Սարսափահար մարդուն հաջողվել է բարձրանալ բարձր ծառի վրա: Բայց նա ստիպված է եղել ողջ գիշերն անցկացնել այնտեղ, մինչեւ առավոտյան կողմ գայլերը հեռացել են:

Մի այլ դեպք էլ պատմեցին Սվերդլով գյուղում: Գայլը հայտնվել էր հենց գյուղի կենտրոնում գտնվող տան շրջակայքում: Անկոչ հյուրի գալստյան մասին տանտերերն իմացան միայն առավոտյան: Նրանք ապշեցին, երբ հայտնաբերեցին, որ բակում կապած ավանակի հետույքը գայլը պոկել-տարել է:

Սովորաբար նման չափն անցած արարքների գայլերը դիմում են ձմռանը, երբ կեր հայթայթելը դժվարանում է: Բայց Հայաստանում գայլերն սկսել են ակտիվանալ արդեն աշնանից, հանգամանք, որ ոչ միայն գյուղացիների, այլեւ կենդանաբանների տարակուսանքն է հարուցում:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4