Ամերիկահայ մեկնաբանները մտահոգված են Հայաստանով եւ Հայ դատով
Երեկ, Երեւանի ժամանակով ժամը 20.00-ին, սենատոր Ջոն Քերին Բոստոնից զանգահարեց Սպիտակ տանն իր ողջ գերդաստանով շրջապատված նախագահ Ջորջ Բուշին եւ շնորհավորեց նրան վերընտրության առթիվ: Երկու ղեկավարները հաճոյախոսություններ փոխանակեցին եւ մատնանշեցին ընտրապայքարի արդյունքում առաջացած ներամերիկյան վերքը բուժելու անհրաժեշտությունը: Երեկոյան Քերին հեռուստատեսային ուղերձով հանդես եկավ եւ իր ընտրողներին, ամերիկացի ողջ ժողովրդին շնորհակալություն հայտնելուց հետո ընդունեց ընտրություններում իր մրցակցի տարած հաղթանակը եւ կոչ արեց ազգի վերամիավորման երկրի գլխավոր հարցերի շուրջը, միաժամանակ իր կուսակիցներին եւ համակիրներին խոստանալով շարունակել պայքարը իրենց տեսակետների իրականացման համար: Ավելի ուշ հեռուստատեսային ուղերձով հանդես եկավ վերընտրված նախագահը, որ երախտագիտություն հայտնեց ամերիկացիներին եւ շեշտեց, որ ազգն այս անգամ շատ ավելի միավորված հանդես եկավ, քան 4 տարի առաջ, երբ ինքն ընդամենը մի քանի հարյուր ձայնի տարբերությամբ էր ընտրվել: Այսուհանդերձ, ասաց Բուշը, ընտրարշավը երկու մասի բաժանեց երկիրը եւ այժմ ժամանակն է վերամիավորման: Այս հարցում նա կոչ արեց դեմոկրատներին միավորելու ջանքերը հանուն ազգի միաբանության: Նա արժանին մատուցեց Ջոն Քերիին որպես արժանի մրցակցի, որ համառ եւ պարկեշտ պայքար մղեց եւ նրան կոչ արեց համագործակցության:
Երեկոյան արդեն ներկայացվեցին բազմաթիվ մեկնաբանություններ Ջորջ Բուշի հաջողության, Ջոն Քերիի կրած պարտության պատճառների, աշխարհի տարբեր հարցերում դրանց հնարավոր ազդեցությունների մասին: Դրանց մի մասին անդրադառնալու առիթ կունենա նաեւ մեր թերթը: Սակայն այսօր մեզ ամենից շատ մեր ամերիկահայ ազգակիցների տեսակետն է հետաքրքրում, նկատի ունենալով, որ ազգային մեր կազմակերպությունների մեծամասնությունը հայտնի պատճառներով պաշտպանում էր Ջոն Քերիի թեկնածությունը:
Այդ նպատակով «Ազգը» հեռախոսային զրույց ունեցավ 4 ամերիկահայերիՙ ՌԱԿ կենտրոնական վարչության համանախագահ եւ հայտնի հրապարակախոս Երվանդ Ազատյանի (Դետրոյթ), մեր ընթերցողներին քաջ ծանոթ մեկնաբան, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանի (Լոս Անջելես), Վաշինգտոնում գործող քաղաքական մի մեկնաբանի եւ Երեւանում Ամերիկայի հայկական համագումարի գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանի հետ: Ստորեւՙ նրանց տեսակետները: Մինչ այդ արձանագրենք, որ երեկ երեկոյան տվյալներով Ջորջ Բուշի օգտին քվեարկել է ամերիկացիների 51 տոկոսը, Քերիի օգտինՙ 48 տոկոսը: Նադերը հավաքել է ձայների 1 տոկոսը:
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը մեծ ցավ է զգում Ջոն Քերիի պարտության համար: «Քերիի ընտրությունը մեծ տարբերություն պետք է տար Հայ դատի հետապնդման գործում: Հակառակ այս ժամանակավոր ձախողման, մենք պետք է հպարտ զգանք, որ պաշտպանեցինք այն կողմին, որն ավելի նպաստավոր էր մեր դատին: Աշխարհի վերջը չէ, կյանքը շարունակվելու է, ինչպես նաեւՙ մեր պայքարը», ասաց Սասունյանը Կալիֆոռնիայից «Ազգի» հետ հեռախոսազրույցում:
Սասունյանը չի կարծում, որ Բուշի վերընտրությունը որեւէ բացասական ազդեցություն կունենա հայ-ամերիկյան հարաբերությունների վրա: «Իմ կարծիքով, այն հարաբերությունները, որ կային, նույն ձեւով էլ պիտի շարունակվեն: Քաղաքականության մեջ գտնվողներն անձնական քեներ չեն պահում: Ճիշտ հակառակը, Բուշի կողմնակիցները, որ միահեծան են եւ հաղթական, կարող են նույնիսկ դրական ժեստ անել ի նպաստ մեզ: Քանի որ նրանք ավելի ամուր դիրքեր ունեն, կարող են սիրաշահել բոլորին», ասաց Սասունյանը:
ՌԱԿ համաատենապետ Երվանդ Ազատյանը մեզ հետ հեռախոսազրույցում նախ հիշեցրեց, որ բոլոր ամերիկահայերը չէ, որ քվեարկել են Քերիի օգտին: Նրանք, ովքեր առաջնային էին համարում հայկական հարցերը, քվեարկել են Քերիի օգտին: Բայց կային ամերիկահայեր, որոնք տնտեսական, գաղափարական հարցերից ելնելով քվեարկել են Բուշի օգտին, ասաց Ազատյանը:
Ռամկավար գործիչը կարծում է, որ քաղաքական կուսակցությունները, որոնք Քերիի կողքին կանգնեցին, հետագա գործունեության ընթացքում որեւէ դժվարություններ չեն ունենա, քանի որ Ամերիկան ժողովրդավարական երկիր է: «Այս իմաստով մտահոգություններ չկան, բայց Հայաստանի եւ Կովկասի առումով, դժբախտաբար, Բուշի քաղաքականությունը պիտի շարունակվի, եւ դրա հետեւանքով Հայաստանը քաղաքականապես ավելի է մեկուսանալու», ասաց Ազատյանը եւ հավելեց, որ Կովկասում ԱՄՆ-ն Ադրբեջանի հետ ունի նավթի, իսկ Վրաստանի դեպքում վերջինիս ամերիկամետ եւ դեպի ՆԱՏՕ քաղաքականություն վարելու հարց: «Կովկասի ընդհանուր քաղաքականությունում Հայաստանի կշիռը ԱՄՆ արտաքին գերատեսչությունում ավելի թեթեւ է», ասաց Ազատյանը:
Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի եւ Ղարաբաղի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը մեզ հետ զրույցում նույնպես հարկ համարեց հիշեցնել, որ բոլոր ամերիկահայերը չէ, որ աջակցել են Քերիին: «Չեմ կարծում, որ հայ-ամերիկյան հարաբերություններում լուրջ փոփոխություններ կլինեն, քանի որ Բուշն արդեն եղել է նախագահ: Մենք, ի շահ հայ եւ ամերիկացի ժողովուրդների, պետք է աշխատենք այնպես, ինչպես աշխատել ենք նախկինում», ասաց Վարդանյանը:
Վաշինգտոնում հայկական մի աղբյուր իր անունը չհրապարակելու պայմանով ԱՄՆ մայրաքաղաքից «Ազգի» հետ հեռախոսազրույցում ասաց, որ Բուշի վերընտրվելը որեւէ ձեւով չի կարող ազդել հայ-ամերիկյան հարաբերությունների վրա: «Այն հայերը, ինչպես ես, ովքեր ձայնը տվել են Քերիին, մտածում էինք, որ մեր աշխատանքն ավելի դյուրին կդառնա հայ-ամերիկյան հարաբերությունները մերձեցնելու հարցում: Բայց այստեղ կան որոշ նրբերանգներ: Քերիի մերձավորարեւելյան, կովկասյան, եվրասիական քաղաքականությունը նրանում էր, որ նա ընտրվելու դեպքում պատրաստ էր արտաքին քաղաքականության մի մասը թողնել տարածաշրջանի իր դաշնակիցներին: Նման ֆունկցիա մեր տարածաշրջանում Թուրքիան է կատարում: Այսինքնՙ Քերին պատրաստվում էր իր տարածաշրջանային քաղաքականությունն իրականացնել Թուրքիայի միջոցով», ասաց մեր աղբյուրը եւ հավելեց, որ այս ամենը հասկանալով հանդերձ, իրենք հաշվի էին առել Քերիի հայանպաստ գործունեությունն անցյալում:
«Բուշի դիրքորոշումն այլ է: Նա ուղղակի հարաբերությունները կառուցում է առանձին երկրների հետ: Այսինքնՙ նրա քաղաքականությունը երկկողմ է: Եթե Հայաստանը պատրաստ է մերձենալ ԱՄՆ-ին, ապա ԱՄՆ-ը պատրաստ է ավելի սերտ համագործակցել Հայաստանի հետ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ դիրքորոշում կունենա Հայաստանը: Հայաստանն Իրաք զորախումբ կուղարկի՞: Ուղարկելու դեպքում ԱՄՆ-ը Հայաստանին կհամարի նորմալ երկիր: Չի՞ ուղարկի, ուրեմն Հայաստանն ԱՄՆ-ի համար կդառնա ոչ կարեւոր պետություն», ասաց Վաշինգտոնի մեր աղբյուրը:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ