«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2004-11-02 | #195, 2004-11-03 | #196, 2004-11-04


«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՆՁԱՄԲ, ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ»

Ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Նոյեմբերի 5-ին Երեւան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հաափ դե Հուփ Սխեֆերը: Այցի նախօրյակին «Ազգը» զրուցեց «Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության» նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ, որը հայտնի է իբրեւ Հայաստանում ՆԱՏՕ-ական կողմնորոշման ջատագով: Հարցազրույցը տպագրում ենք առանց մեկնաբանության:

- ՆԱՏՕ-ն կարծես սկսում է ընդլայնվել դեպի արեւելք, մասնավորապես նաեւ դեպի Հայաստան: Ոմանք դա դիտում են իբրեւ ընդլայնում Ռուսաստանի դեմ:

- Ես այդպես չէի ասի: 2003 թ. ստամբուլյան վեհաժողովում ՆԱՏՕ-ն հստակ հայտարարեց, որ այս տարածաշրջանում իրենք ծրագրեր ունեն եւ ամեն ինչ անելու են Հարավային Կովկասի 3 պետությունների հետ համագործակցությունը բարձր եւ անհատական մակարդակի հասցնելու համար:

Եթե որեւէ գործողություն արվում է, անպայման չէ, որ դիտարկվի որեւէ երկրի դեմ: Դա արվում է մասնավորապես Հյուսիսատլանտյան դաշինքի եւ ընդհանրապես ամբողջ աշխարհի խաղաղության եւ կայունության խնդիրները լուծելու համար: Մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ն սկսել է ընդլայնվել հեռահար այն ակնկալիքով, որ Կովկասի 3 երկրները դառնան դաշինքի անդամ:

- Ուրեմն, կարելի է ՆԱՏՕ-ի հետ բարեկամանալ, շարունակելով լինել Ռուսաստանի մերձավոր դաշնակի՞ցը:

- Եվրոպական շատ հզոր երկրներ, օրինակ, Իտալիան կամ Գերմանիան, ՆԱՏՕ-ի ակտիվ անդամ են եւ հավասարը հավասարի հարաբերությունների մեջ են Ռուսաստանի հետ: Իսկ ինչո՞ւ է թվում, որ անպայման վասալ երկիր պետք է լինել Ռուսաստանի հետ հարաբերություններ պահպանելու համար:

- Դուք գտնում եք, որ կոմպլեմենտար քաղաքականությունն արդարացվա՞ծ է:

- Ընդհանրապես, մեծ աշխարհաքաղաքականությունը բովանդակում է կոմպլեմենտարիզմի տարրեր, բայց այս դեպքում դա չէ: Մեզ բոլորիս մի բան է շփոթեցնում` մոռանում ենք, որ Ռուսաստանն այլեւս առանցք չէ, նրան իբրեւ բեւեռի չպետք է ընդունել, այլ իբրեւ մի սովորական եվրոպական երկրի: Նախկին տոտալիտար երկիրը վերացել է:

Մեր արտաքին քաղաքականությունը պետք է վարենք միայն այն հաշվարկով, թե ինչքանով կնպաստի մեր երկրի զարգացմանը:

- Այնուամենայնիվ, որքանով եք Հայաստանի համար արդյունավետ համարում Ադրբեջանի հետ նույն համակարգում հայտնվելը, համակարգ, որի խնդիրն անդամ երկրների անվտանգության, ռազմական բարեփոխումներին նպաստելն է:

- Եթե մենք Ադրբեջանի հետ հաջողությամբ ապրում էինք խորհրդային համակարգում, ապա ինչու նույնը հնարավոր չէ ՆԱՏՕ-ի համակարգում:

- «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում իրադարձությունները լավ հեռանկար չեն գուշակում:

- Դրանք բացարձակապես տարբեր չափումների իրողություններ են: Ես բացարձակապես համոզված եմ, որ Հարավային Կովկասի 3 պետությունները պիտի միասին անդամակցեն ՆԱՏՕ-ին: Նրանց երկարաժամկետ խաղաղ ապրելու գրավականն է դա: Եվ վերջապես հնարավորություն կստեղծվի, որ Հարավային Կովկասում առկա բոլոր հակամարտություններն այս կամ այն ձեւով լուծում ստանան:

- «Մեդիամաքսին» տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Հայաստանում իրենք արդեն հարաբերությունները խորացնելու հստակ ազդանշաններ են տեսնում: Ձեզնից բացի ինչ կառույցներ կան, որ այս քաղաքականության կողմնակիցներ են:

- Պաշտպանության նախարարն անձամբ, պաշտպանության նախարարությունը, երկրի քաղաքական ղեկավարությունն այսօր ՆԱՏՕ-ի հետ շատ լուրջ, բարձր մակարդակի բանակցություններ են վարում, եւ այդ գործընթացը շարունակվում է:

- Այցի օրերին հանդիպելո՞ւ եք գլխավոր քարտուղարին:

- Ես նոր գլխավոր քարտուղարի հետ չեմ հանդիպել երբեւէ, նախորդի հետ շատ լավ ծանոթ ենք եղել, մեր հանդիպումը կախված կլինի նրա որոշումից:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4