ԲԱՔՈՒ, 3 ՆՈՅԵՄԲԵՐ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի «Էխո» թերթը, անդրադառնալով Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի այն հայտարարությանը, թե Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի տրանսպորտի նախարարները լիովին պաշտպանում են անդրկովկասյան երկաթուղով միջանցիկ հաղորդակցության վերականգնման նախագիծը, նշել է, թե ադրբեջանական կողմը քանիցս հասկանալ է տվել, որ Աբխազիայի տարածքով երկաթուղու վերականգնումը հակասում է Ադրբեջանի շահերին, քանի որ այդպիսով Հայաստանը ելք է ստանում դեպի Ռուսաստան: «Իսկ այժմ Լեւիտինի հայտարարությունից հետեւում է, որ Բաքուն պատրաստ է մասնակցել այն նախագծին, որով խիստ շահագրգռված է Հայաստանը», գրում է «Էխոն»:
Ինչպես թերթին հայտնել են Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունում, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Նախարարության մամուլի ծառայության ղեկավար Նամիկ Հասանովն ասել է, որ հոկտեմբերի կեսին Լեւիտինը գտնվել է Բաքվում եւ այստեղ քննարկել «միջանցիկ երկաթուղային հաղորդակցության» հարցը: Սակայն, ինչպես նշել է Հասանովը, «Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը ռուսաստանցի իր պաշտոնակցին ի պատասխան հայտարարել է, թե քանի դեռ Ադրբեջանը պատերազմական վիճակի մեջ է Հայաստանի հետ, այդ մասին խոսք անգամ լինել չի կարող: Նա հայտարարել է, որ ոչ մի տնտեսական հարաբերություն չի կարող լինել այդ երկրի հետ, քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի խնդիրը»: