«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2004-11-02 | #195, 2004-11-03 | #196, 2004-11-04


ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵԶԴԻՆԵՐԸ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Դա հաստատում է թուրքական NTV հեռուստակայանը

Հոկտեմբերի 6-ին Եվրոհանձնաժողովը համապատասխան զեկուցագրով Եվրոմիության անդամ երկրներին առաջարկեց անդամակցության բանակցություններ սկսել Թուրքիայի հետ: «Ազգը» հոկտեմբերի 8-ի համարում, անդրադառնալով այդ հարցին, նշել է, որ պաշտոնական Անկարան առաջարկից ընդհանուր առմամբ գոհ է, նա պարզապես առարկում է զեկուցագրի առանձին դրույթների:

Դրանցից պետք է առանձնացնել դավանանքի ազատության, էթնիկ եւ կրոնական փոքրամասնություններին վերաբերող դրույթներն այն առումով, որ եթե զեկուցագիրը Թուրքիային քննադատում է վերոհիշյալ ազատությունը սահմանադրությամբ երաշխավորելուց խուսափելու, երկրում ոչ մահմեդական համայնքներին կալվածք ձեռք բերելու, հոգեւորականներ պատրաստելու, աղոթարաններ կառուցելու, ազգային վարժարաններ բացելու իրավունքները սահմանափակելու համար, ապա քրդերին էթնիկ, իսկ ալավիներինՙ կրոնական փոքրամասնության կարգավիճակ է տալիս եւ պահանջում, որ հարգվեն վերջիններիս իրավունքները:

Թուրքիան պահանջին հակադրում է Լոզանի պայմանագիրը, թե դա ազգային փոքրամասնության կարգավիճակ է շնորհել հայերին, հույներին, հրեաներին միայնՙ բացառելով երկրում էթնիկ կամ կրոնական այլ փոքրամասնությունների առկայությունը, եւ պահանջը համարում է երկրի միասնականության լուրջ սպառնալիք: Անկարայում հատկապես տարակուսանք է առաջացնում Թուրքիայում ալավիներին կրոնական փոքրամասնության կարգավիճակ հատկացնելու Եվրոհանձնաժողովի պահանջը:

Ալավիների հարցը, ինչ խոսք, մասնավոր հարց է, հետեւաբար առանց մանրամասնելու նշենք, որ Թուրքիայում, բացի թուրքերից, ալավիներ կան նաեւ քրդերի եւ զազաների մեջ, նրանք երկրի ընդհանուր բնակչության շուրջ 20 տոկոսն են կազմում, այսինքնՙ 15 մլն են:

Սա որեւէ երկրում կրոնական փոքրամասնության համար պատկառելի թիվ է: Եթե դրա վրա գումարվի քրդերի թիվը, որոնք քանակով հազիվ թե զիջեն ալավիներին, կարծում ենք, պատկերը կդառնա ավելի ամբողջական: Հարկ է, սակայն, նշել, որ Թուրքիայի միասնականության պարագայում խնդիրը սոսկ քրդերի էթնիկ, ալավիների կրոնական փոքրամասնության կարգավիճակը չէ, այլ դրա հնարավոր անդրադարձը մյուս խմբավորումների վրա եւ հետագա կազմակերպման առումով նրանց խրախուսելու հավանականությունը:

Ըստ երեւույթին, կազմակերպողների թվում են նաեւ Թուրքիայի եզդիները, որ վերջիններս բողոքել են Եվրոմիության հետ ներդաշնակության շրջանակներում կատարվող բարեփոխումներից օտարվելու համար ու պահանջել իրենց մշակույթը զարգացնելու եւ իրենց կրոնն անկաշկանդ դավանելու հնարավորություններ:

Այդ մասին նոյեմբերի 1-ին Անկարայից տեղեկացնում է թուրքական NTV-ն, ընդ որումՙ «Եզդիները ձգտում են փոքրամասնության իրավունքի» խորագրով: Տեղեկությունը շատ հակիրճ է, որտեղ պարզապես նշվում է, որ եզդիները Մերձավոր եւ Միջին Արեւելքի հին համայնքներից են, նրանք մեծ թիվ էին կազմում Դիարբեքիրի սահմանակից Բաթման վիլայեթում, սակայն 60-ական թթ. վերջերից տարբեր պատճառներով գաղթել են Եվրոպա եւ նրանց թիվը խիստ կրճատվել է:

NTV-ն միաժամանակ նշում է, որ Բաթմանի գյուղերից Ուղուրջայում եզդիների միակ ներկայացուցիչը Թագայ եղբայրներն են, որոնք իրենց պաշտամունքը ազատորեն դավանելու համար ընդգծել են եզդիների աղոթարան բացելու անհրաժեշտությունը: Նրանցից Սուլեյման Թագայը դրա առնչությամբ ասել է. «Ինչպես որ մահմեդականները մզկիթ ունեն, քրիստոնյաներըՙ եկեղեցի, իսկ ալավիներըՙ աղոթարան, մենք էլ ուզում ենք եզդիների աղոթատուն ունենալ»: Յուսուֆ Թագայը հավելել է. «Եվրոպայում փոքրամասնություններն իրավունքներ են ստանում: Թող ստանան նաեւ Թուրքիայում: Մյուսների նման մենք էլ ենք ուզում օգտվել թուրքական պետության ընձեռած հնարավորությունից»:

Այդ ընթացքում Սուլեյման Քորքմազը, որը ժամանակին լքելով Ուղուրջան, բնակություն է հաստատել Եվրոպայում, արտահայտվել է Թուրքիայից գաղթած եզդիների վերաբնակեցման օգտինՙ հավաստելով. «Թուրքիայի եզդիները բարեփոխում են ակնկալում: Եթե դա կատարվի, ապա արտագաղթածների 80 տոկոսը կվերադառնա»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4