Նոյեմբերի 29-31-ը Ջերմուկում անցկացված ՀՅԴ Հայաստանի գերագույն 8-րդ ժողովում նախկին 11-ի փոխարեն ընտրվել է 9 մարդուց բաղկացած գերագույն մարմին, 5-ը վերընտրվել են: Ժողովի 120 պատվիրակները հիմնովին քննարկել-վերլուծել են Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունը եւ եզրակացրել, որ ՀՅԴ, ՕԵ, Հանրապետական կուսակցություններից կազմված կոալիցիայի հուշագրում ամրագրված առաջնայնությունների մի մասը չի հաջողվել իրականացնել: Ճիշտ է, որոշ աշխատանք արվել է հակակոռուպցիոն պայքարի, սահմանադրական բարեփոխումների, ընտրական օրենսգրքի բարելավման ուղղությամբ, սակայն գործընթացների տեմպերը, ՀՅԴ գնահատմամբ, գոհացուցիչ չեն: Պատասխանատվությունն ընդհանուր է եւ բաշխել կուսակցությունների միջեւ չի նշանակում նպաստել տեմպերի արագացմանը: Այս մասին երեկ Արմենպրեսի մամուլի սրահում տեղեկացրին ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանն ու Լեւոն Մկրտչյանը: Երեք նախարար, երկու մարզպետ եւ այլ պետական պաշտոնյաներ ունեցող կուսակցությունը մանրակրկիտ հաշվետվություն է լսել, դիտողություններ, առաջարկություններ արել եւ եզրակացրել, որ մեծ ծավալի չլուծված խնդիրներ ու լիարժեք չօգտագործված հնարավորություններ կան:
ՀՅԴ խորհրդարանական խմբակցության օրենսդրական աշխատանքը գնահատվել է բավարար ակտիվություն, իսկ ընտրողների հետ հանդիպումներում արձանագրվել են թերացումներ, բացթողումներ: Գերագույն մարմնի երկամյա գործունեությունն ընդհանուր առմամբ գնահատվել է բավարար, ու քանի որ նորընտիր գերագույն մարմնի գործունեության ժամկետն ավարտվելու է 2006-ինՙ ընտրությունների (տեղական, խորհրդարանական, նախագահական) շեմին գերագույն ժողովն ընտրություններին ՀՅԴ մասնակցության սկզբունքներ է մշակել, որոնք հընթացս վերածվելու են ժամանակացույցի, առանց մանրամասնելու տեղեկացրեց Լեւոն Մկրտչյանը: Այնուհետեւ ՀՅԴ մշտապես հստակ ներկազմակերպչական կարգապահությունը կուսակցության առջեւ դրված խնդիրների համեմատությամբ անբավարար համարվեց: Այս խնդրի լուծումը եւ Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցը նշելու ծրագրի մշակման պարտավորությունը ժողովը հանձնել է գերագույն մարմնին:
Գերագույն ժողովում Արցախի հարցի առնչությամբ վերահաստատվել է ՀՅԴ 29-րդ ընդհանուր ժողովում ընդունված որոշումը եւ ընդգծվել բանակցություններին Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության անհրաժեշտությունը: Ջավախքի սոցիալ-տնտեսական, կրթամշակութային եւ այլ խնդիրների լուծումը, համաձայն ՀՅԴ Հայաստանի գերագույն ժողովի որոշման, պետք է լուծվի ՀՀ կառավարության միջոցներով եւ Հայաստանի ու Վրաստանի համատեղ ծրագրերով: Հայ-թուրքական հարաբերությունները ժողովը գնահատել է որպես ազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հիմնահարց ու գտնում է, որ Թուրքիան առանց Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի հարցում չեզոքության պահպանման չի կարող համապատասխանել ԵՄ պահանջներին: Իրաքի խնդրում Հայաստանը պետք է խստորեն առաջնորդվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումներով եւ վարի Հայաստանն ու հայկական գաղթօջախները միջազգային ահաբեկչության թիրախ չդարձնելու ռազմավարություն, ամրագրվել է ժողովում:
Գերագույն ժողովը դրական է գնահատել կոալիցիայի ստեղծումը, քանի որ իր գործունեությամբ կարողացել է ի չիք դարձնել հետընտրական լարված իրավիճակը եւ երկիրը զերծ պահել արտաքին մարտահրավերներին չդիմակայելու հնարավորությունից: Այս առումով ՀՅԴ-ն կարեւորում է կոալիցիային իր անդամակցությունը, քանի որ այն կայունությունը պահպանելով եւ քաղաքական դաշտում առկա ատելությունը վերացնելով դաշտի ողջ ներուժը օգտագործելու հնարավորություն է ընձեռում: Չնայած դրան, կոալիցիայի հուշագրում ամրագրված որեւէ կետի խախտման դեպքում, Արմեն Ռուստամյանի հավաստիացմամբ, ՀՅԴ-ն պատրաստ է գնալ շատ լուրջ քայլերի, քանի որ կարեւոր է համարում արդեն ընտրած ուղղությանը հակասող որեւէ քայլի չդիմելը եւ այդ հակասական իրավիճակի առջեւ աչք չփակելը: Իսկ հուշագրի դրույթներից մեկն էլ կուսակցությունների դերի բարձրացումն է, այսինքնՙ համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերի բաշխումը, որը, ըստ ՀՅԴ-ի, չպետք է ցածր լինի, քան 75-56 համամասնությունը: Այլապես տեղի կունենա հուշագրի կոպիտ խախտում:
Ժողովի առանցքային որոշումն ազգային ուղեգիծը անշրջելի դարձնելն է: ՀՅԴ-ն պատրաստվում է այդ անել օրենքների լիարժեք կիրառելիությունը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային փորձի տեղայնացումը ընտրական օրենսգրքի եւ սահմանադրական բարեփոխումների ապահովման ճանապարհով: Շահարկումներից զերծ մնալու համար բանախոսները զերծ մնացին անուններ տալուց եւ հավաստիացրին, որ ՀՅԴ-ի որեւէ մակարդակում անհամաձայնության, պառակտման նշույլ իսկ չկա:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ